«Ադրբեջանում մշակութային գործիչները տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ». ՀՀ ՄԻՊ

«Ադրբեջանում մշակութային գործիչները տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ». ՀՀ ՄԻՊ


ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին:

Ընդ որում, ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու ելույթներից: Այդ ամենը հաստատող փաստերը հավաքագրվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկմամբ:

Ադրբեջանական զինված ուժերի՝ ներկայիս թիրախային հարձակումները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, նրանց պատճառած զանգվածային ավերածությունները, վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը տարիներով արմատավորված ու համակարգային հայատյացության արդյունք են:

Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին պարբերաբար ներկայացնում է հայատյացության մասին ապացույցներ: Այս անգամ խոսքը վերաբերում է մշակութային գործիչներին և մտավորականներին:

Պետական ու քաղաքական գործիչների հետ միասին մշակութային գործիչների, մտավորականների կողմից հայատյացություն պարունակող ելույթներն ու խոսքը նշանակում է, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելության տարածումը հայտնվում է փակ շղթային մեջ ու խրախուսվում բոլոր կողմերից»: