Սահմանադրականությա՞ն, թե՞ իրավապաշտպանության ճգնաժամ

Սահմանադրականությա՞ն, թե՞ իրավապաշտպանության ճգնաժամ

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը երեկ գրել է․ «Ժամանակին իրենց դեմոկրատ ու «իրավասեր» ներկայացնողները մեկառմեկ ինքնաբացահայտվում են որպես պետության բիրտ կամայականությունների ջատագովներ ու վրեժխնդիր «ռեպրեսիամոլներ», փոքր ժամանակ հեծանիվից զրկվածներ ու պարզապես վախկոտ նապաստակներ»։ Այսպես է, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում  իրավապաշտպանները շատ պասիվ են մարդու իրավունքների հետ կապված հարցերում։

Եթե անգամ չեն պաշտպանում պետական տեսակետը, ապա լռում են եւ մարդու իրավունքները պաշտպանելիս առաջնորդվում «լավ ու վատ մարդ» սկզբունքով։ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը դեռ ամիսներ առաջ տվել էր սրա ախտորոշումը՝ ասելով, որ Հայաստանում իրավապաշտպանությունը խոր ճգնաժամ է ապրում։ Այս առնչությամբ զրուցել ենք Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցի եւ իրավապաշտպան, սովետական տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի հետ։ Նինա Կարապետյանցի խոսքով՝ նման գնահատականներում չկա օբյեկտիվ ճշմարտություն։ «Գիտեք, երբ այդ մասին խոսում են մարդիկ, որոնք զբաղեցրել են պաշտոններ, որոնց չեն համապատասխանել եւ ծառայել են հանցավոր ռեժիմին, դա, ճիշտն ասած, սուբյեկտիվ կարծիք է։ Պարոն Մելիքյանը եւ մնացած նորաթուխ «իրավապաշտպանները», ովքեր հիմա իրենց հռչակել են իրավապաշտպան, ժամանակին զբաղեցրել են շատ բարձր պաշտոններ եւ պաշտոններ, որոնք ստանձնելով՝ պարտավոր են եղել պաշտպանել մարդկանց եւ մարդու իրավունքները, բայց արել են դրա հակառակը»,- ասում է Կարապետյանցը։

Այս շրջանի ամենաարտառոց խախտումը, անշուշտ, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի նկատմամբ իրավապաշտպանների քար լռությունն է, երբ փաստաբաններն ամիսներ շարունակ դատարանում գոնե խոսում են, իսկ իրավապաշտպանները չեն արձագանքում։ Հելսինկյան ասոցիացիայի նախագահը հակադարձում է՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը կապվել է եւ առաջարկել իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ կապված` համատեղ ասուլիս հրավիրել, ինքն առաջարկել է, որ ստանան Մանվել Գրիգորյանի համաձայնությունը եւ իրեն տրամադրեն նրա առողջական թղթերը, որ հասկանա, թե ինչի մասին պետք է խոսի, արդյոք միանշանա՞կ է, որ Գրիգորյանի հիվանդությունները ներառված են կալանքի համար արգելք հանդիսացող հիվանդությունների ցանկում։ Սակայն Արսեն Մկրտչյանն իրեն ասել է, որ կխոսի Գրիգորյանի հետ, ու այլեւս չի զանգահարել։

Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հրավիրելու մասով իրավապաշտպանն ասում է․ «Էն, որ իրենք ապրել են բացառիկ երաշխիքներ ունենալով՝ դա չի նշանակում, որ այդ իրավիճակը կարող է հավերժ շարունակվել, դա նշանակում է, որ վարույթ իրականացնող մարմինն իրավունք ունի եւ պարտավոր է ցանկացած անձի, ով ունի տեղեկատվություն գործի վերաբերյալ, կանչել եւ հարցաքննել։ Եվ կա սահմանադրական երաշխիք, որ ցանկացած անձ կարող է հրաժարվել իր հարազատի դեմ ցուցմունք տալուց։ Եվ եթե իրենք գտնում են, որ դա իրենց դեմ է օգտագործվելու, կարող են առհասարակ չպատասխանել»։

Իսկ համատարած կալանավորումների հետ կապված՝ Նինա Կարապետյանցն ասում է․ «Վարույթն իրականացնող մարմնի որոշումները շատ դեպքերում ինձ համար համոզիչ են, եւ ուզում եմ հիշեցնել նախկին ռեժիմի ներկայացուցիչներին, որ իրենց ժամանակ որեւէ շանս՝ այլ խափանման միջոց ունենալու, քան կալանավորումն է, առհասարակ չկար։ Սակայն էսօր բազմաթիվ՝ շատ ծանր մեղադրանքներով անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրված՝ երաշխավորություն, գրավ եւ այլն։ Այնպես որ, իրենք խոսելու տեղ չունեն»։ Այնուամենայնիվ, Կարապետյանցը կարծում է, որ, այո, իրավապաշտպանները նման հարցերին այսօր մեղմ են արձագանքում, «որովհետեւ դեռ չկան էդպիսի նախախադրյալներ՝ խնդիրներ բարձրաձայնելու հետ կապված»։ Որ պահին որ զգա՝ կան, խոստանում է լինել շատ կոշտ։

Մենք նրան հիշեցրինք, որ նախկին՝ հանցավոր իշխանությունների օրոք Հայաստանում որեւէ կալանավոր հացադուլից չէր մահացել, հիմա՝ նոր Հայաստանում, Մհեր Եղիազարյանն իրավապաշտպանների ու հասարակության քար լռության պայմաններում մահացավ՝ հացադուլ անելու հետեւանքով։ Նինա Կարապետյանցն օրինակ բերեց իր նախկին պաշտպանյալ Հրաչյա  Գեւորգյանին, ով Արփինե Հովհաննիսյանի նախարարության օրոք մահացել է բանտում՝ ունենալով կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն։ «Այնպես որ, Արփինե Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը երբ խոսում են, խորհուրդ կտամ՝ մի հատ շատ ուշադիր իրենց անցած ճանապարհին նայեն»,- ասաց նա։

Վարդան Հարությունյանն էլ առաջարկում է, որ Արցախի նախկին ՄԻՊ-ն ուշադիր հետեւի լրատվությանը եւ կտեսնի, որ իրավապաշտպաններից շատերն ինչպես այն ժամանակ են խոսել, այնպես էլ հիմա են խոսում։ Անձամբ Վարդան Հարությունյանը դատապարտել է թե՛ Մանվել Գրիգորյանի նկատմամբ անխափան խափանման միջոցը, թե՛ «Հայելի» ակումբի վրա հարձակումը եւ թե՛ Մհեր Եղիազարյանի մահվան հետ կապված։ «Մի խոսքով, չեք համարում, որ Հայաստանում կա իրավապաշտպանության ճգնաժամ» մեր դիտարկմանն ի պատասխան՝ Վարդան Հարությունյանը ծիծաղեց․ «Հայաստանում կա սահմանադրակա՞ն ճգնաժամ, իրավապաշտպանությա՞ն ճգնաժամ․․․ ես չգիտեմ»։