«Հրապարակ». Խոշոր կառուցապատողի դեմ բազմաթիվ հայցեր կան

«ՄԼ մայնինգ» խոշորագույն ընկերությունը, որը հայտնի է որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ փոխկապակցված կազմակերպություն, բոլորովին վերջերս դեռ առաջատար դիրք էր գրավում հանքարդյունաբերության, շինանյութերի արտադրության, նաեւ՝ կառուցապատման ոլորտում: Սակայն վերջերս ընկերության գործերը կարծես այնքան էլ լավ չեն ընթանում: Համենայնդեպս՝ իրավունքի ոլորտում: Վերջերս միաժամանակ 4 դատական հայց է ներկայացվել ընդդեմ «ՄԼ Մայնինգի»: Բոլոր հայցվորներն անշարժ գույք են ձեռք բերել ընկերությունից եւ այժմ խոշոր գումարային պահանջներ են ներկայացնում նրան:
Գնորդներից Սերգեյ Մուրադյանը, օրինակ, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ից պահանջում է՝ հօգուտ իրեն բռնագանձել մոտ 1,8 մլն, գումարած տոկոսները, որոնք յուրաքանչյուր օրվա համար, մինչեւ շինարարության ավարտը, կազմում են 500 դրամից ավելի: Հայցադիմումը դատարան է ներկայացվել մարտին: Մեկ այլ գնորդ՝ Արմեն Պողոսյանը, կառուցապատողից պահանջում է իր 1 մլն դրամից ավելի գումարը՝ որպես տույժ: Կան նաեւ կոլեկտիվ հայցեր: Դավիթ Միքայելյանն ու Սիրանուշ Միքայելյանը պահանջում են «ՄԼ մայնինգից» մոտ 2 մլն դրամի հաշվարկված տույժի գումար բռնագանձել, իսկ Վարդան Մարգարյանը, Արծրուն Մարգարյանը եւ Կարինե Միրզոյանը նույնպես խմբային հայցով դիմել են դատարան՝ գումարի բռնագանձում պահանջելով:
Այն, որ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի շուրջ դատական վեճեր, սկանդալային պատմություններ կան, հայտնի ու լուսաբանված փաստ է: Դեռ անցյալ տարի մամուլը գրել էր Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի դեմ հարուցված վարչական դատի մասին: Նա «ՄԼ Մայնինգին» մրցույթով տվել էր Նոյակերտ գյուղի հողատարածքը, իսկ հետո պահանջում էր անվավեր ճանաչել մրցույթն ու դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը:
Գրվել է, որ կառավարությունը մի քանի անգամ մաքսատուրքի գծով արտոնություն էր տվել ընկերությանը՝ սարքավորումներ ներմուծելու համար, որ սեփականատերը համատեղ բիզնես ունի Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ, որն ունի հանքեր, բազալտի, պեմզայի հանքավայրեր:
Բայց ի՞նչն է պատճառը, որ բարգավաճող գործարարը, որին չեն նեղացրել, արտոնություններ ու պետական պատվերներ են տվել, այսչափ խճճվել է քաղհայցերի մեջ:
Հարցն ուզում էինք ուղղել ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավար, «ՄԼ Մայնինգ» ընկերության սեփականատեր Դավիթ Սուքիասյանին, սակայն նա չպատասխանեց զանգերին: Զանգահարեցինք «ՄԼ Մայնինգ» ընկերության տնօրեն Էդվարդ Մարգարյանին: «Ընկերության վիճակը գերազանց է, ինչպես միշտ»,- ասաց նա:
- Եթե այդքան լավ է, ինչո՞ւ են այսքան քաղաքացիներ ձեզնից գումար ուզում:
- Տպավորություն է, որ դուք անձնական խնդիր ունեք՝ շահառուի հետ կապված:
- Ոչ, չկա որեւէ անձնական խնդիր, բոլորը Դատալեքսից վերցված տվյալներ են: Ի՞նչ են ուզում այսքան քաղաքացիներ ձեզնից, նույնիսկ կոլեկտիվ հայցեր կան:
- Տարբեր քաղհայցեր կլինեն, իրավական լուծումներ կտրվեն տարբեր քաղհայցերին, վարչական հայցեր էլ կլինեն, քրեական գործեր էլ միգուցե լինեն: Մեծ ընկերություն է, իրականացնում է տարբեր գործառույթներ՝ ե՛ւ կառուցապատման, ե՛ւ շինարարության, ե՛ւ հանքարդյունաբերության ոլորտում: Ինչ-որ մարդիկ կարող են լինել, որոնց ինչ-որ բանով էլ չենք գոհացրել, նաեւ շատ ավելի մարդիկ կլինեն, որոնք գոհ են: Համոզված եմ, որ ուսումնասիրել եք, նոր եք զանգել: Մենք բավականին լուրջ աշխատանք ենք իրականացնում՝ ե՛ւ պետական ներդրումային ծրագրեր, ե՛ւ գերակա ոլորտներում:
- Դրա համար էլ զարմացած եմ, որ ձեզնից այդքան քաղաքացի գումար է ուզում:
- Ես անհատապես հայցվորներին չեմ ճանաչում: Միգուցե չենք գոհացրել, իրենց սրտով չէ: Չե՞ք տեսնում, որ այսօր շատ բան են ուզում, բայց ամեն ինչ չէ, որ տրվում է: Ես էլ եմ շատ բան ուզում: Թե չէ, մեր վիճակը, ինչպես միշտ, գերազանց է:
Հիշեցնենք, որ Երեւանում եւ մարզկենտրոններում ընկերությունը, ըստ իր իսկ հրապարակած տվյալների, 15 բնակարանային նախագիծ ունի: Նաեւ պետության գործընկերն է: Պետության հետ համատեղ երեք խոշոր քաղշին նախագծեր ունի՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրերի շրջանակում: 2025 թվականին ընկերության կառուցապատման ծրագրերի ընդհանուր մակերեսը գերազանցել է 2 մլն քմ-ն:
Կարծիքներ