Այդ վաղ էր, երբ դպրոցների կուսակցականացումը վատ էր, հիմա տեղյակ չեն  

Այդ վաղ էր, երբ դպրոցների կուսակցականացումը վատ էր, հիմա տեղյակ չեն  

Տեղեկություններ ունեինք, որ դպրոցների կառավարման խորհուրդներում համատարած կերպով փոփոխություններ են կատարվում, եւ նախարարության ու մարզպետարանների ներկայացուցիչներ են նշանակվում «Քաղպայմանագիր» կուսակցության անդամները։ Հիշեցնենք, որ դպրոցների կառավարման խորհուրդներում ծնողներ են, ուսուցիչներ եւ նախարարությունների ու մարզպետարանների ներկայացուցիչներ։ Մենք կրթության նախարարությունից հետաքրքրվել էինք, թե կառավարման խորհուրդներն ինչ սկզբունքով են փոփոխություններ կատարում՝ ինչ-որ ժամանակացո՞ւյց է աշխատում, ասենք՝ նախկին խորհրդի գործունեության ժամկետն ավարտվում է, եւ նոր անդամնե՞ր են նշանակվում։ Թե՞, որպես հեղափոխության արդյունք, որոշում է կայացվել թարմացնել խորհուրդների կազմը, եւ անժամկետ փոփոխություններ են կատարվում։ Հարցրել էինք նաեւ՝ տեղյա՞կ են, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի դպրոցներից մեկում կառավարման խորհրդի կազմում է նաեւ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին խորհրդականը, ով փոխգնդապետին ծեծելու մեղադրանքով հիմա կալանավայրում է, ինչի պատճառով դպրոցի կառավարման խորհրդի նիստերին չի մասնակցում, եւ խորհրդի նիստերը չեն կայանում, եթե բացի նրանից եւս մեկ-երկու բացակա է լինում։

ԿԳՄՍ-ից փոխնախարար Լուսինե Առաքելյանից ստացված գրությամբ հայտնեցին, որ նախարարությունն այս մասին տեղեկատվություն չունի։ «Ինչ վերաբերում է կառավարման խորհուրդներում նախարարության կողմից առաջադրված անդամների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելու վերաբերյալ Ձեր հարցին, հայտնում եմ, որ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ՝ հանրակրթական ուսումնական հաստատության կոլեգիալ մարմնի՝ խորհրդի անդամների համար սահմանված չեն չափանիշներ, պաշտոն, կրթական ցենզ, կուսակցական պատկանելություն եւ այլն։ Հետեւաբար, նախարարությունը խորհրդի անդամների կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում»։ Այսինքն՝ նշանակումներ անելիս լավ էլ տիրապետում են եւ հենց այդ սկզբունքով առաջադրում անդամներին, իսկ երբ մամուլը հարցում է անում՝ տեղեկատվություն չունեն։

Մինչդեռ մի ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարարը, փոխնախարարը եւ մյուսներն ընդդիմադիրի կարգավիճակում էին, հստակ տեղեկություններ ունեին, որ դպրոցները կուսակցականացված՝ հանրապետականացված են, ու գիտեին նաեւ, թե դա որքան վատ է։ Հիշեցնենք, որ այդ կուսակցականացվածության պատճառով էին նաեւ դպրոցները համարվում ընտրակեղծարարության բաստիոններ։

Փոխնախարար Առաքելյանը մատնանշել է կարգը, թե ինչպես են նշանակվում եւ հետ կանչվում խորհրդի անդամները։ Այն է՝ խորհրդի անդամների լիազորությունները լիազորված մարմնի կողմից վաղաժամ կարող են դադարեցվել այդ մասին անձնական դիմում ներկայացնելու, լիազորված մարմնի հիմնավորված հետկանչի, անդամի մահվան, անգործունակ, անհայտ բացակայող ճանաչվելու, մեկ տարվա ընթացքում խորհրդի առնվազն 3 նիստի չներկայանալու եւ այլ դեպքերում, այսինքն՝ գրեթե բոլոր հնարավորությունները կան նրանց փոխելու։ Բայց մեզ թվական ցուցանիշներ չեն տրամադրել, թե նրանցից քանիսն են փոխվել այս ընթացքում։