Ինձ կամ Պարոնյան թատրոնին պետք չէ ատեստացիա 

Ինձ կամ Պարոնյան թատրոնին պետք չէ ատեստացիա 

Օրեր առաջ տեղի ունեցած Թատերական գործիչների միության 17-րդ համագումարում ամենաքննարկվող ու բոլորին հուզող հարցը դարձավ թատերական գործիչների խիստ համեստ աշխատավարձերի թեման։ Ու մինչ թատրոնի մարդիկ փորձում էին ռազմավարություն մշակել՝ կառավարությունում իրենց ձայնը լսելի դարձնելու համար, միության անդամներից մեկը հայտարարեց, որ օրեր առաջ կառավարության նիստում բյուջեի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարությունը խելամիտ եւ նպատակահարմար չի համարել ստեղծագործական կոլեկտիվների աշխատավարձերի բարձրացումը եւ կողմ է արտահայտվել նաեւ թատերական ոլորտում` դերասանների շրջանում, ատեստացիաներ անցկացնելուն: Ինչ խոսք, այս լուրը դժգոհության եւս մի ալիք բարձրացրեց միության անդամների շրջանում, որոնց հետաքրքրում էր, թե ովքեր են լինելու ատեստավորողները, եւ որոնք են լինելու ատեստավորման չափանիշները։ 

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թատերական ատեստավորումները միշտ էլ եղել են՝ դեռ սովետական տարիներից։ Ավելին՝ եղել է թատրոն, որ ձեւական է անցկացրել դա, եղել են նաեւ թատրոններ, որտեղ ատեստավորման հետեւանքով դերասաններ են ազատվել․ «Դա միշտ եղել է, եւ այնպես չէ, որ նոր հորինեցին, ավելին՝ ատեստավորումը՝ որպես այդպիսին, հենց վերաբերել է դերասանախմբին»։ 

Թե՛ նախկինում, թե՛ հիմա ովքե՞ր են ատեստավորողները, ի՞նչ չափանիշներով են ատեստավորել։ «Հանձնաժողով է կազմվել, որի մեջ եղել է նաեւ նախարարության ներկայացուցիչ, եւ այդ ներկայացուցչի հետ միասին որոշել են՝ այդ դերասանը շարունակի՞ աշխատանքը թատրոնում, թե՞ չշարունակի։ Ուզում եմ ասել, որ դա, որպես այդպիսին, ցավալի պրոցես չի եղել, 1-2 առանձին դեպքեր եղել են, որ դերասանն ազատվել է, դա էլ կապված է եղել նրա զբաղվածության հետ, այն բանի հետ, որ վերջին շրջանում չի խաղում եւ զբաղված չէ ներկայացումներում։ Այսինքն՝ օբյեկտիվ պատճառներ են եղել»,- ասում է ՀԹԳՄ նախագահն ու նշում, որ հիմնականում այդ չափանիշներով են գնահատում եւ դիտարկում դերասանին՝ նրա զբաղվածությունն ու հեռանկարայնությունը՝ ապագայում ինքը թատրոնին պե՞տք է, թե՞ ոչ։

Գործնական կամ գեղարվեստական բնույթի առաջադրանքներ չեն լինում, ինչպես, օրինակ, էտյուդ անել կամ առակ կարդալ, քանի որ ատեստացիան գործող թատերախմբին է վերաբերում։ «Դա այն մարդկանց է վերաբերում, ովքեր թատրոնում են եւ առօրյա աշխատանք ունեն ու նայած թե որքանով են զբաղված եւ ոչ զբաղված։ Դա սովետական ժամանակաշրջանից միշտ եղել է եւ, որքան հիշում եմ, 4-5 տարին մեկ էր անցկացվում։ Կոնկրետ մեր թատրոնում նման խնդիր չկա, մենք տարին մեկ պայմանագիր ենք երկարացնում դերասանի հետ, եւ եթե տարին լրացավ, ու այդ դերասանի հետ պայմանագիրը չենք երկարացնում, ուրեմն իրեն օրենքով սահմանված կարգով ծանուցում ենք, ու նա իմանում է, որ այլեւս չի շարունակելու աշխատանքը մեր թատրոնում»,- ասում է Հ․ Ղազանչյանն ու ընդգծում, որ ներկա պայմաններում, երբ թատրոններն անցել են աշխատանքային պայմանագրի սիստեմին, ատեստացիան ինքնին ութերորդական խնդիր է դառնում։ 

«Ատեստացիա սովորաբար անում են այն կոլեկտիվներում, որտեղ անժամկետ են պայմանագրերը, եւ ինչ-որ մեկից ուզում են ազատվել, աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս, որ դա սահուն արվի, եւ ատեստացիան այս պարագայում օգնության է հասնում։ Բայց հիմա շատ քիչ թատրոններ ու շատ քիչ դեպքեր կան, ես համարյա չգիտեմ նման դեպքեր, երբ ատեստացիայի արդյունքում ինչ-որ մեկին ազատեն աշխատանքից։ Օրինակ՝ ինձ կամ Պարոնյան թատրոնին պետք չէ ատեստացիա, մենք ում պայմանագիրը չենք երկարացնելու, նոյեմբերի սկզբին ծանուցում ենք, ու դրանով ավարտվում է պայմանագիրը։ Ես Պատանի հանդիսատեսի թատրոնում էլ էի այդ կարգը ներդրել, բոլորի հետ պայմանագրերը մի տարով կնքվում էին, եւ շատ քիչ էին լինում դեպքեր, երբ պայմանագրերը չէինք երկարացնում, որովհետեւ պահում ենք այնքան մարդ, ինչքան պետք է ընթացիկ խաղացանկի համար։ Այնպես չէ, որ այնքան ավել մարդ ունենք, որ հիմա մտածենք՝ ազատվենք իրենցից, շատ քիչ դեպքեր են լինում»,- հավելում է ՀԹԳՄ նախագահը։