«Հրապարակ». Կարծում եմ, որ հայկական կողմի պահանջը՝ ապաշրջափակման առնչությամբ, բավարարվելու է

«Հրապարակ». Կարծում եմ, որ հայկական կողմի պահանջը՝ ապաշրջափակման առնչությամբ, բավարարվելու է

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի հայցերի դատական լսումները։ Հայաստանը պահանջ է դրել պարտավորեցնել, որ Ադրբեջանն անհապաղ ապաշրջափակի Լաչինի միջանցքը, Ադրբեջանի հայցը կապված է ականապատված տարածքների ու դրանց քարտեզների տրամադրման հետ։ Հայկական կողմի ներկայացուցիչը միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էր, ում ելույթը բարձր գնահատեցին անգամ ընդդիմադիրները։ Ադրբեջանական կողմից՝ փոխարտգործնախարարն էր։ Երկու կողմից ներգրավված էին նաեւ միջազգային փորձագետներ, իրավախորհրդատուներ։ Հայաստանն այդ նպատակով հատկացրել էր մի քանի միլիոն դոլար։ Լսումներն ավարտվել են, սպասում են դատարանի որոշմանը։ Միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեզ ասաց՝  ակնկալում է, որ դատարանը կբավարարի Հայաստանի հայցը։ Նա հիշեցրեց, որ 2022-ի դեկտեմբերին էլ ՄԻԵԴ-ն էր քննում Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման մասով միջանկյալ միջոց կիրառելու հարցը: 

«Հայկական կողմը հարցը դիտարկում է բնաջնջման քաղաքականության կոնտեքստում, եւ դրա համար է հնարավոր եղել խտրականության խնդրի համատեքստում նման անհապաղ միջոց պահանջելը։ Կողմերը նաեւ վիճում են, թե գործողություններն ում են վերագրվում, այսինքն՝ ով է շրջափակման պատասխանատուն։ Հայկական կողմը, բնականաբար, հասցեատեր է դարձրել Ադրբեջանին, որը ղեկավարում, հրահրում եւ ֆինանսավորում է, այսպես կոչված, «էկոակտիվիստների» միջոցով շրջափակումը։ Ադրբեջանական կողմն այստեղ շեշտադրել է ռուսական կողմի պատասխանատվությունը՝ համարելով, որ ի սկզբանե միջանցքը գտնվել է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, այսինքն՝ իրավական եւ փաստական առումով ադրբեջանական կողմը չի կարող հասցեատեր լինել։ Իհարկե, նրանք հերքում են նաեւ փաստերը, որոնք կապված են շրջափակման հետ, ներկայացնում են որոշ ապացույցներ՝ ցանկանալով ընդգծել, որ, բոլոր դեպքերում, տեղաշարժ գոյություն ունի»,- ասաց Սահակյանը՝ նկատելով, որ ադրբեջանական կողմը ճանապարհի փակման մեղքն ու պատասխանատվությունը բարդում է ռուս խաղաղապահների վրա։

- Ինչպե՞ս եք գնահատում Հաագայում լսումները, կողմերի փաստարկները, Եղիշե Կիրակոսյանի ելույթը որքանո՞վ էր համոզիչ։

- Կարծում եմ՝ բավականին հիմնավոր արգումենտներ ներկայացրեց հայկական կողմը՝ ոչ միայն իրավական բնույթի հարցերի առնչությամբ, այլ նաեւ փաստական հարցերի, այսինքն՝ ընդհանուր պատրաստվածությունը եւ պրոցեսը ես շատ դրական եմ գնահատում, որը կարող է ապահովել պոզիտիվ ելք հայկական կողմի համար, այսինքն՝ բավականին մեծ եմ գնահատում դրա հնարավորությունը։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի փաստարկներին, ապա նրանք կարողանում էին ամուր տեղակայվել այնպիսի հարցերում, որտեղ հայկական կողմը հանդես էր եկել քաղաքական հայտարարություններով՝ տարբեր պաշտոնյաների կողմից, եւ նրանք շահարկում էին հենց դրանք, ու կարծում եմ՝ գրագետ կերպով պաշտպանությունը կազմակերպում էին հենց այդ թեզերի վրա։

- Դուք ի՞նչ ակնկալիք ունեք ՄԱԿ-ի արդարադատության դատարանից, քանզի սա թերեւս վերջին ատյանն է, որի միջոցով հնարավոր է օրինական ճանապարհով ստիպել Ադրբեջանին՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

- Ես կարծում եմ, որ դատարանը կբավարարի մեր հայցը, այսինքն՝ ապաշրջափակմանն առնչվող կոնկրետ միջոց կկիրառի։ Թե ինչպիսի ձեւակերպումներով՝ չես կարող ասել, վստահ չեմ, որ 100 տոկոսով կկրկնի հայկական կողմի ձեւակերպումը, այստեղ կարող են բառային տարբերություններ լինել որոշ նրբերանգներով, բայց գլոբալ առումով կարծում եմ, որ հայկական կողմի պահանջը՝ ապաշրջափակման առնչությամբ, բավարարվելու է։

- Իսկ ադրբեջանական հայցը կբավարարվի՞։

- Ադրբեջանական հայցի առարկան ականապատ դաշտերի վերաբերյալ տեղեկություններ տալն է եւ հետագայում նաեւ աջակցելը դրանց հայտնաբերմանն ու վերացմանը ու կանխելն է ապագայում դրանց տեղադրումը, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիական բնակչության վերադարձն իրենց բնակավայրեր։ Ասեմ, որ նույնական պահանջ ներկայացվել է նաեւ ՄԻԵԴ-ում, որը մերժվել է։ Եվ մենք իրականության մեջ առաջին դեպքն ունենք, երբ արհեստական հավասարության նշանը չի դրվել, եւ միջազգային դատական ատյանները, հարցի նրբությունները լիարժեք ընկալելով, օբյեկտիվ են գտնվել ու չեն փորձել այդ հավասարության նշանով չեզոք, անդեմ կեցվածք ընդունել։ Հիմա, Եվրոպական դատարանը կարողացավ, համարձակվեց այդ միակողմանի որոշումը կայացնել։ Իհարկե, կարծում եմ՝ դրա հետ կապված կան նաեւ այլ բնույթի քաղաքական նախադրյալներ, հատկապես Եվրոպական Միության ջանքերը եւ ակտիվ ներգրավվածությունն այս խնդրում։ Այս կոնտեքստում չեմ բացառում, որ ՄԱԿ-ի դատարանն էլ միակողմանի գտնվի։ Իհարկե, ՄԱԿ-ն ավելի քաղաքականացված է եւ կարող է արհեստականորեն այդ պարիտետային մոտեցումը պահպանել։ Այսինքն՝ ինչ-որ միջոցներ կիրառի, որը կապված կլինի ականապատումների հետ։

- Դուք հիշեցրիք, որ ՄԻԵԴ-ը դեռ դեկտեմբերին միջանկյալ միջոց էր կիրառել՝ հօգուտ մեզ, սակայն մենք դրա արդյունքն այդպես էլ չտեսանք։

- Մի փոքր դժվար է ասել՝ արդյունք չտեսանք, որովհետեւ դատարանը շատ լայն առումով որոշել է վերացնել որոշ դրսեւորումներ` հայատյացության։ Իսկ դրսեւորումներ ակնհայտորեն եղել են, այսինքն՝ դատարանի որոշումն ամբողջովին չի կանխել հայատյացության քաղաքականության շարունակությունն Ադրբեջանի կողմից։ Բայց մենք չենք կարող հստակ պնդել, որ եթե այդ որոշումը չլիներ, այդ հայատյացությունն ավելի ինտենսիվ կամ ավելի վատ դրսեւորումներ չէր ունենա։ Դրա համար վստահ եմ, որ դատական ակտի գոյությունը որոշակի զսպող նշանակություն ունի։ Օրինակ՝ չեմ բացառում, որ դատական ակտի բացակայության պայմաններում իրենք անմիջականորեն սեփական զինված ուժերի միջոցով փակեին Լաչինի միջանցքը։

- Եթե Հաագայի դատարանը մեր օգտին ակտ կայացնի՝ պարտադրելով, որ միջանցքն անհապաղ բացվի, դրա կիրառումն ինչպե՞ս է ապահովվելու։ Երկրի ներսում կա հարկադիր կատարման ծառայություն, որն ապահովում է դատական ակտի կատարումը, իսկ միջազգային դատական ակտի կատարումը պարտադրող ի՞նչ մեխանիզմներ կան։

- Միջազգային իրավունքում, բնականաբար, նման կենտրոնացված մարմին գոյություն չունի՝ հատուկ հարկադիր կատարման ծառայություն, բայց կան գործադիր օղակներ, որոնք քննարկում են եւ քաղաքական գործիքներով ազդում են պետության վրա՝ մինչեւ ակտի վերջնական պահանջների կիրառումը։ Այսինքն՝ մենք պետք է օգտագործենք ՄԱԿ-ի տարաբնույթ մարմինների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի պոտենցիալը եւ քաղաքական ուժը՝ ճնշելու Ադրբեջանին, որ կյանքի կոչի դատարանի անհապաղ միջոցների վերաբերյալ որոշումը։ Այդ գործիքների մեջ մտնում է նաեւ տվյալ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։