Հերքում․ Դանիել Իոաննիսյանը նման բան չի ասել 

Հերքում․ Դանիել Իոաննիսյանը նման բան չի ասել 

«Հրապարակ» օրաթերթի մարտի 11-ի համարում տեղ գտած «Նրանք «կացնի են կոչում»» հրապարակման մեջ արցախյան ընտրությունների վերաբերյալ Դանիել Իոաննիսյանին վերագրվող հայտարարություններն ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը։
«Հրապարակի» սյունակագիր Վահրամ Աթանեսյանը վերոնշյալ համարում, մասնավորապես, պնդում է, թե «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, իբր, «մի քանի օր առաջ պարզ հասկացրել է, որ եթե իրենց նախընտրած թեկնածուն չհաղթի, հետընտրական զարգացումներն անխուսափելի են»։

Սյունակագրի այս պնդումը, սակայն, ամբողջությամբ կեղծ է։ Նախ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երբևէ նման պնդում չի արել։ Երկրորդը՝ սյունակագիրը, հավանաբար, նշելով «մի քանի օր առաջ», նկատի է ունեցել մարտի 6-ին Factor TV-ի եթերում Իոաննիսյանի հետ հարցազրույցը, որում վերջինս ընդհանրապես որևէ միտք չի արտահայտել «նախընտրած թեկնածուի» վերաբերյալ։ Դանիել Իոաննիսյանը միայն կարծիք է հայտնել, որ չի բացառում հետընտրական զարգացումներ Արցախում, քանի որ «Արցախում զգացվում է որոշ քաղաքական ուժերի, որոշ անձանց նկատմամբ շատ լուրջ ատելություն»։ Որևէ ակնարկ կամ հիշատակում որևէ «նախընտրած թեկնածուի» վերաբերյալ Իոաննիսյանի խոսքում չկա։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 192-Ա որոշմամբ ստեղծված մրցույթային հանձնաժողովի որոշմամբ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ն հաղթել է դրամաշնորհային մրցույթը և կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնելու Արցախում մարտի 31-ին սպասվող նախագահի և Ազգային ժողովի ընտրություններում։

Բացի սա, կազմակերպությունն իրականացնում է ընտրողների իրազեկման արշավ, հանրային մարմինների գործունեության դիտարկում և մեդիա մշտադիտարկման աշխատանքներ։
Ինչպես և դա համապատասխանում է դիտորդական առաքելությունների ողջ տրամաբանությանն ու էությանը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նախընտրական ողջ շրջանում հանդես չի եկել և հանդես չի գալու ընտրությունների վերաբերյալ որևէ կողմնակալ հայտարարություններով և պահպանելու է չեզոքություն։ Ընտրությունների վերաբերյալ կազմակերպության գնահատականները հայտնի կդառնան միայն դրանցից հետո՝ առանձին զեկույցի միջոցով։

Հետևապես, պահանջում ենք «Հրապարակ» օրաթերթից հերքել վերոնշյալ ապատեղեկատվությունը՝ վերահրապարակելով սույն հերքման տեքստը։