Վենդետան շարունակվում է բերդում

Վենդետան շարունակվում է բերդում

2020 -ի փետրվարի 25-ին Նուբարաշենի բերդում քրեական աստիճանակարգ ունեցող երկու կալանավոր մտել են Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խուց եւ նրան դաժան ծեծի ենթարկել։ Աբգարյանը, հիշեցնենք, ամբաստանվում է իր համաքաղաքացի կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու համար, սակայն չի ընդունում մեղադրանքը։ Ըստ կալանավայրում տարածվող լուրերի, նաեւ դանակահարել են։ Աբգարյանին արյան մեծ կորստով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Իրավապահներին նա ասել է, որ խցում ընկել է եւ վնասել թեւը։

Երեկ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, թե օպերատիվ բաժինը տեղեկություններ է ստացել, որ մարմնական վնասվածքներն առաջացել են «դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով: Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված եւ կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից»,- գրված է հաղորդագրությունում։

Նկատենք, որ Ալավերդիում վաղուց են լուրեր պտտվում այն մասին, որ օրենքով գողերն ընկած են Ալավերդու Վահագի հետեւից։ Սակայն առաջին անգամ է այս հանգամանքը նշվում պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ո՞վ է օրենքով գողը, որը պրոբլեմներ ունի Ալավերդու Վահագի հետ։ Ալավերդիում ասում են՝ Արման Կալուժսկին է՝ Արման Ջանինյանը։ Ըստ լուրերի, որոնց անդրադարձել ենք դեռ 2017 թվականի մեր հրապարակումներում,  տարիներ առաջ Ռուսաստանից մի «գողական» է փախել, վերադարձել Ալավերդի՝ Կարեն Սոխիկյանը՝ «Սոխ Կարեն» անունով։ Նա Աբգարյանի ընկերն է եղել եւ սպանվել է 2009 թվականին։ Դրանից հետո սկսվել է վենդետաների շարքը։

Արման Կալուժսկին ծնվել է 1977-ին, թագադրվել է 1996-ին, մի քանի անգամ դատապարտվել է, նստել է Տվերի եւ Իրկուտսկի կալանավայրերում։ Վահագն Աբգարյանի դեմ մի քանի անգամ մահափորձեր են իրականացվել։ 2015թ. հոկտեմբերի 11-ին Ալավերդի-Թբիլիսի միջպետական ճանապարհի 16-րդ կմ-ի հատվածում` Ախթալայի կամրջի մոտ, ալավերդցի Վարդան Անտոնյանն ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ է արձակել Վահագն Աբգարյանի զրահապատ «Համեր» մակնիշի  եւ վերջինիս ուղեկցող «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ: Անտոնյանին դատապարտեցին 13 տարվա ազատազրկման, իսկ անցյալ տարի նա արդարացվեց դատարանի որոշմամբ։  2017 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանում, Թուֆենկյան հյուրանոցի մոտ օրը ցերեկով կրկին փորձեցին սպանել Ալավերդու Վահագին։ Գնդակոծեցին նրա ավտոմեքենան, սակայն սպանվեց ոչ թե հեղինակությունը, այլ նրա թիկնապահը։ Վերջինիս դին գտան մի քանի մետր այն կողմ, ծառերի տակ։ Վահագն Աբգարյանի հակառակորդը «Սթրոնգ Սթոուն գրուպ» ՍՊԸ տնօրեն Արթուր Աբգարյանն է։ Փաստորեն, Վահագն Աբգարյանի դեմ արդեն երրորդ անգամ մահափորձ է իրականացվում, այս անգամ՝ արդեն բերդում, սակայն անգամ քրեական գործ հարուցված չէ։

Ծեծողներին տեղափոխել են, ըստ երեւույթին, նրանք ԱԱԾ շենքում են պահվում՝ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում։ Սա, ըստ էության, միակ դրական հետեւանքն է, միակ քայլը, որի արդյունքում Ալավերդցի Վահագը կարող է իրեն քիչ թե շատ ապահով զգալ։ Չնայած նրա դեպքում ապահովությունը ժամանակավոր երեւույթ է, եւ չի բացառվում, որ միառժամանակ անց նոր մահափորձ լինի։ Չէ որ հակառակ կողմից ոչ ոք կալանավորված չէ։ Իսկ Աբգարյանի վրա հարձակման դեպքով անգամ քրեական գործ հարուցված չէ։

«Քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսեւորման դեմ հետեւողական պայքար մղելու եւ մեղավոր անձանց ի հայտ բերելու ու քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- խոստանում է ՔԿԾ-ն՝ հեղինակությունների հետ կապված քրեական դեպքի առիթով։ Սակայն հարցերի հարցը, որին պետք է անդրադառնա դատախազությունը, այն է, թե ինչպես է հաջողվել երկու քրեական հեղինակություններին մտնել Աբգարյանի խուց, որտեղ նա առանձին է պահվում, եւ նրան «ծեծի ենթարկել»։ Այս հարցին ՔԿԾ-ն չի պատասխանում։ Չնայած ուղտին էլ պարզ է, որ առանց «Նուբարաշեն» ՔԿՀ պետի թույլտվության դա հնարավոր չէր անել։

Ի դեպ, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանին արդեն ազատել են այս բարդ կալանավայրի պետի պաշտոնից, սակայն նրան տեղափոխում են մի այլ բարդ կալանավայր՝ «Գորիս» ՔԿՀ, նույն պաշտոնին: «Գորիսը» ամենահին կալանավայրն է, եւ քրեական բարքերն ու ենթամշակույթն այնտեղ ոչ պակաս արմատավորված են, քան «Նուբարաշենում»։ Իսկ «Գորիսի» պետին՝ գնդապետ Գերասիմ Գեւորգյանին, որը հին ու «պինդ» պետերից է, նշանակել են «Նուբարաշեն» ՔԿՀ պետ։ 
Քրեակատարողական ծառայությունից նոր նշանակումների վերաբերյալ տեղեկությունները երեկ պաշտոնապես հաստատվեցին։