Ոչ մի ուրիշ երկրի ղեկավարի, կամ նախարարի հետ այդպես չեն վարվում` այդպես չեն ծաղրում
«Հրապարակի» զրուցակիցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն է:
- Հայաստանի վարչապետի եւ ԱԳ նախարարի այցը Ռուսաստան տարբեր կերպ է ընկալվել: Կան տեսակետներ, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանին մերձենալ` գնում է դեպի ՌԴ, սակայն ոմանք դա որակում են որպես փոքրիկ խորամանկություն` Նիկոլ Փաշինյանի կողմից, որն այնքան էլ համոզիչ չէ:
- Նիկոլ Փաշինյանը ոչ հնարավորություն ունի, ոչ էլ բավարար խելք` նման խորամանկություններ անելու համար: Նրա այս քայլերի միակ իմաստը անիմաստ զրույցներ վարելն է, բա բոլորին խոստանում է բացառապես մեկ բան` ինչ ասեք, կանեմ, միայն թե հնարավորություն ստեղծեք, որ իշխանությունը կարողանամ հնարավորինս երկար պահել: Նիկոլ Փաշինյանի` իշխանությունը պահելու գինը լինելու է այն, որ Հայաստանը դառնա վիլայեթ: Որոշ շրջաններ կարող են Թուրքիայի կազմի մեջ մտնել, որոշները` Ադրբեջանի: Սյունիքն էլ որպես միջանցք կարող է կապել Արևելքն ու Արևմուտքը: Մենք ունենք մի իշխանություն` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի համար Հայաստան պետություն, հայ ժողովուրդ ոչ մի արժեք չունեն: Նիկոլն ունի խորհրդատուներ, այդ խորհրդատուներին լսելով ամեն տեղ էլ գնում է: Մոսկվա գնալուց առաջ էլ գնացել էր Փարիզ` Մակրոնից հարցնելու, եթե Մոսկվայում իրենից ինչ-որ կոնկրետ քայլեր պահանջեն, ինչպես դրսևորի իրեն: Դրա համար էլ Արարատ Միրզոյանը գնաց Մոսկվա, բայց չստորագրեց այն հայտարարությունների տակ, որոնց տակ ստորագրեցին Ադրբեջանը, Ղազախստանը: Նրանք Արևմուտքի հետ ավելի կապված են, Արևմուտքն իրենց ավելի շատ է աջակցում, քան Հայաստանին, բայց նրանք միանում են այդ հայտարարություններին, իսկ Արարատ Միրզոյանը չի միանում: Պուտինի հետ հանդիպում է, որ ցույց տա ինչ-որ գործ է անում, վստահ եմ` ուրիշ ոչ մի խնդիր չկա: Ինքնուրույնություն դրսևորել այս մարդիկ չեն կարող: Հյուրանոցում տրուսիկ-մայկով նկարվել է, խայտառակություն է ուղղակի, ականջակալներն էլ ականջների մեջ մտցրած…. չես հասկանում ինչպես կարող է երկրի ղեկավար կոչվածն այսպիսին լինել: Հեծանիվ է քշում` կորտեժով, թող տրուսիկը ցուցադրելու փոխարեն այդ կորտեժը ցուցադրի, ինչու է անշնորհք մոնտաժներ ցուցադրում, իբր թե կարողանում է առանց հսկողության հեծանիվ քշել: Ռուսները հրապարակում են, թե ինչպես է թիկնազորի ու շտապօգնության ուղեկցությամբ հեծանիվ քշում: Սա իսկական խայտառակություն է: Դեսպանն իրավունք չունի բանակցություններին մասնակից լինելու, Լավրովը ծաղրում է սրանց: Ոչ մի ուրիշ երկրի ղեկավարի, կամ նախարարի հետ այսպես չեն վարվում: Սրանց ծաղրուծանակի են ենթարկում, ցույց տալու համար, որ գործ ունեն ինչ-որ անհասկանալի կենդանիների հետ, որոնք ոչ մի լուրջ բան իրենցից չեն ներկայացնում:
- Բայց ռուսներն էլ խայծը կուլ են տալիս, երեւի որոշակի շահե՞ր ունեն այս իրավիճակից:
- Ինչպե՞ս է հայ ժողովուրդը սրանց հանդուրժում, եթե հայերը հանդուրժում են այս ամենը, ի՞նչ խնդիր ունի Ռուսաստանը: Արցախը տվեցին` ժողովուրդը հանդուրժեց, զոհեր տվեցին` ժողովուրդը հանդուրժեց, միջանցք են տալիս` հանդուրժում են: Ես զարմանում եմ, որ այսքանից հետո Ռուսաստանը Հայաստանին որպես պետություն թույլ է տալիս գոյություն ունենալ: Պատմական շատ դեպքեր խեղաթյուրված են ներկայացվում: Իրականում Նիկոլը տանում է Ալեքսանդրապոլի պայմանագրից ավելի սարսափելի պայմանագրի: Խորհրդային Միության փլուզումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ ճիշտ կողմնորոշվել և մենք ունեցանք հայկական նոր պետականություն, գուցե այդ հիշողություններն են, որ Ռուսաստանին թույլ չեն տալիս Հայաստանին տալ Թուրքիային և Ադրբեջանին ու ասել` ինչ ուզում եք արեք: Ռուսների համար ոչ մի տարբերություն չկա այստեղ հայեր, թե ադրբեջանցիներ կապրեն: Ռուսաստանը վաղ թե ուշ վերադառնալու է իր հին դիրքին, Ուկրաինայի հարցերը լուծելուց հետո: Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, ԱՄՆ-ում էլ ընտրություններ են առաջիկայում և ոչինչ հստակ չէ, Էրդողանի գիրքն էլ Աստվածաշնչի նման կրծքին սեղմած` սպասում է, թե ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ կլինեն, որպեսզի ինքը կարողանա իր իշխանությունը պահել: Նրա համար ոչ մի նշանակություն չունի, թե Հայաստանն ինչ կարգավիճակում կհայտնվի, կարևորն իշխանություն պահելն է:
- Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2025 թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով: Այսինքն, ռուս սահմանապահները կհեռանան Հայաստան-Իրան սահմանի հսկիչ կետից: Ի՞նչ է սա նշանակում:
- Ոչ մի բան էլ չի նշանակում, ոչ մի էական բան չի ներկայացնում այս ամենն իրենից: «Զվարթնոց» օդանավակայանից էլ դուրս բերվեցին ռուսները, ի՞նչ փոխվեց: Մի խնդիր կա ուղղակի. Հայաստանում, երբ ստեղծվեցին հատուկ ծառայություններ` արտաքին հետախուզություն և այլն, ամեն բան պետք է զեկուցվի իրենց տերերին, իսկ իրենց տերերը Արևմուտքն է: Արևմուտքին զեկուցելու համար պետք է հարյուր տոկոսանոց վերահսկողություն ունենան: Սա է ողջ նպատակն այս հարցի: Վրաստանում հիմա խառը իրավիճակ է, Վրաստան ինչ-ինչ բաներ ներմուծում են Հայաստանով, ճիշտ այնպես, ինչպես 2018-ին տեղի ունեցավ Վրաստանի օգնությամբ: Հիմա հակառակն է տեղի ունենում: Այսպես են անում, որ ռուսական կողմը չիմանա «Զվարթնոցից» կամ Իրանից ինչ է մտնում Հայաստան: Դա արվում է դրսի թելադրանքով: Պատրաստ են ցանկացածի տակ պառկել, միայն թե իշխանությունը կարողանան պահել:
- ԵՄ-ին անդամակցելու համար ստորագրահավաք են սկսել արևմտամետները: Եթե Արեւմուտքն է իրենց տերը, ինչո՞ւ իշխանությունը բացահայտ չի աջակցում նրանց:
- Այս իշխանությունն օրենք ընդունեց և քրեականացրեց Հայաստանում ինչ-որ այլ պետության մաս դառնալու, կամ անդամակցելու խոսույթը: Հիմա այդ պատճառով գործընթացը սկսելու հարցն են հանրաքվեի դրել: Իշխանությունը բացահայտ չի աջակցում նրանց, բայց ներքին կարգով շատ լավ էլ աջակցում է: Հաշվի առնելով, թե իշխանական ԶԼՄ-ները որքան շատ են անդրադառնում նրանց, պարզ է դառնում, որ իշխանությունը շատ լավ էլ աջակցում է այդ հանրաքվեին: Դա պրոցես է, որ կարող էր նաև Կառավարությունն անել, բայց Նիկոլին ուրիշ բան է պետք. ստուգել` կարո՞ղ է կեղծիքներով հաջողություն ունենալ, թե՞ ոչ:
Կարծիքներ