Եթե քաղաքական ինքնասպանությանն են հակված, ապա թող փորձեն․ Արծվիկ Մինասյան

Եթե քաղաքական ինքնասպանությանն են հակված, ապա թող փորձեն․ Արծվիկ Մինասյան

Փետրվարի 17- ից մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը։ Հայտնի է, որ խորհրդարանական ընդդիմությունը չի պատրաստվում «ոչ»-ի ճամբար ձևավորել և քարոզչություն իրականացնել, և այդ հարցը մնացել է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ուսերին։ «Հրապարակը» այս թեմայի վերաբերյալ զրուցեց ՀՅԴ կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ՝ հարցնելով, թե ՀՅԴ- ն իրականացնելո՞ւ է «ոչ»-ի քարոզչություն, կազմավորելո՞ւ է «ոչ»-ի ճակատ․

« Եթե «ճակատ» ասվածի մեջ հասկանում ենք «այո»-ն բացառող մոտեցումները, ապա ակնհայտ է, որ դա կա, ձևավորվել է ու շարունակում է ավելի լայն մասշտաբների հասնել ։ Ֆորմալ առումով, այլ կերպ ասած՝ «ոչ»-ի շտաբ ձևավորելու պատասխանատվությունը ուժերը չեն ստանձնում այն պատճառով, որ չլեգիտիմացնեն իշխանության հակաիրավական այս վարքագիծը։ Բայց, ի վերջո, հանրաքվեն պարտադրված է, և այն լինելու է, եթե մինչ այդ այլ բացասական դրսևորումներ չլինեն, հետևաբար «ոչ»- ի ճակատ ասվածը, կամա թե ակամա, ձևավորվել է և ավելի է խորանալու։ Ինչ վերաբերում է օրենքի ընձեռած հնարավորությանը՝ հայտնի դարձավ, որ իրավաբանների և փաստաբանների մի խումբ շատ արժանավայել գործ է անում՝ դիմելով ԿԸՀ-ին՝ ստանալու այդ կարգավիճակը, որպեսզի նաև օրենքով նախատեսված  երաշխավորությունների համակարգ ունենանք, դրա մեջ մտնում է թե՛ հանձնաժողովներում տեղամասային երկու անդամ նշանակելը, թե՛ բողոքարկման մեխանիզմը գործադրելը, և թե՛ նաև, ինչու ոչ, հետևել, որպեսզի հանրաքվեին մասնակցող անձինք չլինեն պարտադրված, նրանց նկատմամաբ չիրականացվի հակաիրավական գործողություն։ Սա մի խողովակ կարող է դառնալ, որ «ոչ»-ի, կամ հանրաքվեի ընթացքում «այո»-ի ճակատը բացառող ճակատի ուժերը կարողանան այս մեխանիզմի միջոցով իրենց խոսքը հասցնել նաև հանրային եթերից, անվճար եթերից և անվճար այլ հնարավորություններից»,- պատասխանեց Մինասյնաը։

- Այնուամենայնիվ, ուժերը հավասար չեն դեռ, և նկատի ունելով, որ առջևում երկար քարոզարշավ կա՝ Ձեր քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, ստանձնելո՞ւ է «ոչ»-ի քարոզչությունը, հանրահավաքներ, իրազեկման երթեր անելո՞ւ եք։

- Մենք առաջին հերթին խնդրում և հորդորում ենք, դիմում ենք մեր քաղաքացիներին, ընտրողներին, որպեսզի չմասնակցեն՝ դրանով իսկ նվազեցնելով մասնակիցների թիվը, քանի որ, ըստ օրենքի, մասնակցության իրավունք ունեցող քաղաքացիների ցանկի առնվազն 25 տոկոսի «այո»-ն է պետք, որպեսզի առաջին մակարդակում հանրաքվեն համարվի կայացած, երկրորդ մակարդակում այդ «այո»-ները պետք է հիսուն տոկոսից ավելի լինեն քվեարկությանը մասնակցած անձանցից։ Այսինքն՝ մեր առաջին գործողությունը մասնակիցների թվին ուղղված գործողությունն է՝ մի պարզ տրամաբանությամբ, որովհետև տեղի է ունեցել պետական հանցագործություն, և մենք քաղաքացիներին խնդրում ենք, որպեսզի չօժանդակեն հանցագործություն կատարողներին ավարտին հասցնել իրենց մտադրությունը, որովհետև ապրիլի 5-ից հետո գալիս է ապրիլի 6-ը, և պետականությունը ուղղակի չի կարող այդ ականներին դիմանալ։ Մեր երկրորդ գործողությունը հետևյալն է․ մենք քաջ գիտակցում ենք, որ կան բազմահազար քաղաքացիներ, որոնք պարտադրված մասնակցելու են, դրանք թե՛ հանձնաժողովի անդամներ են, թե՛ հանրային ծառայողներ են, թե՛ մանկավարժներ են։ Բոլորը, ըստ իրենց տրված ցուցմանը, պիտի գնան և մասնակցեն այդ միջոցառմանը ։ Այս մարդկանց մենք խնդրում և հորդորում ենք կա՛մ «ոչ» քվեարկեք, կա՛մ անվավեր դարձրեք քվեաթերթիկները։ Ի վերջո, բոյկոտից զատ քվեաթերթիկների անվավերությունը էականորեն ազդում է նաև «այո» քվեարկածների ընդհանուր թվի վրա։ Վերջնանպատակը աղետաբեր այս ընթացքը կանգնեցնելն է։ Այս միջոցառմանը մասնակից բոլոր ուժերը, անձինք, քաղաքացիները, կամա թե ակամա, գտնվում ենք «ոչ»-ի ճամբարում, ես գրեթե համոզված եմ, որ նույն իշխանության մեջ էլ կլինեն մարդիկ, որոնք կհայտնվեն այս ճամբարում, որովհետև շատ պարզ ու ակնհայտ է, որ այն մարդը, որը ի վերջո իրեն հարց է տալիս՝ լավ, հանուն ինչի՞ է այս հանրաքվեն, վերջում պարզվում է, որ հանուն ոչնչի է։ Այսինքն՝ ընդամենը 7 անձի աշխատանքից ազատելուն ուղղված հսկայածավալ ջանքեր են գործադրվում, այն դեպքում, որ նույնիսկ ազատելու պարագայում կամ նոր նշանակումների պարագայում պետությունը խրվելու է էլ ավելի խորը փոսի մեջ։ Այսինքն՝ հանրաքվեի «այո»-ն ոչ թե փրկություն է, այլ ուղիղ հակառակը․ պետությունը տանել արկածախնդրության՝ թե՛ միջազգային մակարդակում, թե՛ հանրության մեջ պառակտումները խորացնելու, և թե՛ որպես դիկտատուրա բնութագրվող պետության բազմակի դրսևորումներով։ Մեր թշնամի հարևաններին սա հնարավորություն է տալիս՝ միջազգային բեմերում մեր պետությանը ուղիղ հարվածներ հասցնելու։ Դա ո՞ւմ է պետք։

- Կարծիքներ կան, որ քարոզարշավի ընթացքում Ձեր և արտախորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերի ակտիվությունը կարող է հակազդեղություն առաջացնել, և մարդիկ, այսպես ասած, ձեզ հակառակ կարող են գնալ և «Այո» քվեարկել։ Համամի՞տ եք այս կարծիքների հետ։

- Ես դժվարանում եմ ասել, թե ամեն մի ուժ ինչ շարժառիթներից ելնելով է իր մոտեցումը ասում։ Ես մեր ուժի մոտեցումն ասացի։ Եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, ապա եթե, օրինակ, Հանրապետական կուսակցությունը կամ նախկինների հետ ասոցացվող անձինք ընդգծված «ոչ» քարոզեն, ապա կարող են դառնալ թիրախ, և այսօրվա իշխանությունը, օգտագործելով այդ թիրախը, փորձի դա վերածել նորի ու հնի պայքար ։ Այո, դրա մեջ տրամաբանություն կա, և ամենայն հավանականությամբ այն ուժերը, որոնք չեն ցանկանում նման գործողություններ ձեռնարկել, իմաստը դրա մեջ են տեսել, որպեսզի դա չանեն։ Բայց մյուս կողմից մենք ունենք գործող օրենսդրություն, որի համաձայն՝ հանրաքվեի արդյունքները ենթակա են բողոքարկման նույն այն ՍԴ-ում, որից Նիկոլ Փաշինյանը ուզում է ազատվել։ Այս իրավունքը տրված է ԱԺ խմբակցություններին, և չափազանց կարևոր է, որ այս ընթացքում պարլամենտական ոչ իշխանական  խմբակցությունները նկատի առնեն, որ անգամ եթե իրենք չեն մտնում այս պայքարի մեջ «ոչ»-ի դիրքերից, ապա առնվազն պետք է հանրային այդ պատասխանատվությունը ունենան, որ եթե փաստագրված խախտումները կան, այդ խախտումներով բողոքարկեն հանրաքվեի արդյունքները։

- Իշխանության կողմից նաև առաջ է քաշվում այն թեզը, որ այս հանրաքվեն նաև իշխանությունների հանդեպ վստահության հանրաքվե է։ Հանրաքվեի դրված հարցի տեսանկյունից սա որքանո՞վ եք ազնիվ համարում, և հնարավո՞ր է, որ հետագայում հանրաքվեի լեգիտիմության խնդիր առաջանա։

- Իրենք շատ կուզենան, որ դա այդպես լինի, որովհետև իրենք փորձում են, 2018-ի ընդվզման ոգին վերականգնելով 2020 թվականի ապրիլի 5-ին, ստանալ բացարձակ մեծամասնության վստահությունը։ Ակնհայտ է, որ իրենք այս գործողությունը փորձում են նաև վերագրել Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահության հարցին։ Ասեմ, որ սա այն հարցն է՝ դատական համակարգի նկատմամաբ ապօրինությունների և ոտնձգությունների հարցը, եթե իրենց հաջողվի էլ դա անել, իրենք զարմանալիորեն կփաստեն, որ աջակիցներ չունեն այն ծավալի ու այն քանակի, որը իրենց թույլ կտա նման հանցավոր վարքագիծը շարունակել։ Եթե իրենք քաղաքական ինքնասպանությանը հակված անձինք են, ապա կարող են դա այդպես փորձել։ Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի հարցը հետևյալ կոնտեքստով․ երկիրը այսօր կանգնած է հսկայածավալ խնդիրների առաջ, եթե հանրային հարցման, հանրաքվեի անհրաժեշտություն կար, ապա բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ կարող էր ստանալ հասարակության կարծիքը։ Ինչո՞ւ դրանք չես անում, այլ փորձում ես քո իսկ լիազորությունների մեջ գտնվող գործողությունը տեղափոխել ժողովրդի վրա։ Եթե ժողովրդին շատ ես սիրում, ժողովրդի կարծիքը շատ ես կարևորում, ապա գործադիր մյուս մեխանիզմները, կան հանրաքվեի շատ այլ հարցեր, օրինակ՝ մի հարցում կազմակերպեք, թե պարլամենտը որքանո՞վ է արտահայտում հասարակության տեսակետները մեկ տարի անց։ Ակնհայտ է, որ այսօրվա պարլամենտի որակը, հատկապես իշխող խմբակցության առանձին պատգամավորների խոսքը երբ լսում ես, զարմանում ես, թե ինչպե՞ս կարող է քո օրենսդիր մարմինը այսպիսինը լինել։ Չտիրապետելով տարրական նորմերի, չպատկերացնելով ընդհանրապես պետությունն ու պետականությունը, չզգալով իրենց պատասխանատվությունը՝ ինչպե՞ս կարող են այդ մարդիկ որոշել ազգի, ժողովրդի, պետության ճակատագիրը։ Եթե իրենք այդ նույն տրամաբանությամբ փորձում են 2020 թվականի ապրիլի 5-ը վերածել հենց այդպիսի հանրաքվեի, ապա իրենք կստանան շատ դառը պատասխան։ Ժողովուրդը իրենց կպատասխանի, որ եկել է ձեր փալասփուլուսները հավաքելու և հեռանալու ժամանակը։

- Այս գործընթացում արհամարհվեց նաև Վենետիկի հանձնաժողովը։ Միջազգային հանրության կողմից  ի՞նչ արձագանքներ եք կանխատեսում։

- Նախ ակնհայտ է, որ թե՛ ընթացակարգային, թե՛ բովանդակային առումով այս փոփոխությունները բացարձակ կապ չունեն ժողովրդավարության և իրավական պետության հետ։ Ընթացակարգերը ոտնահարել, հանրաքվեի հանված բովանդակությունը տանել հասարակության մոտ ու ասել, որ այ այսպես ենք մենք ուզում։ Ոչ միայն միջազգային հանրության կոշտ արձագանքն է լինելու, այլև ես համոզված եմ, որ բազմաթիվ ամբիոններից նաև թշնամի պետություններին ենք հնարավորություն տալու՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Միջազգային բեմերում, ամբիոններում, տարբեր տեղերում դա ոչ թե գործող իշխանության պարտությունը կլինի, այլ մեր պետության պարտությունը ։ Եթե Վենետիկի հանձնաժողովը այս բովանդակությանը ծանոթանա․․․ իրենց վերջին կարծիքը, որ ասել էին վաղ կենսաթոշակի վերաբերյալ, այն 4 սկզբունքը, որ իրենք նշել էին, այդ 4 սկզբունքն էլ խախտված է՝ կամավորությունը, սոցիալական երաշխիքները, միաժամանակյա դադարեցման արգելքը, պարտադրանքի բացառումը, բոլոր այս սկզբունքները խախտված են։ Բացի այդ, ակնհայտ է, որ այն տեքստը, որն այսօր առաջարկվում է, հակասության մեջ է մտնում Սահմանադրության մի շարք այլ հոդվածների հետ, վաղը դրա կիրառումն էլ է բացառվում։ Սա չի կարող անտարբերության մատնվել թե՛ Վենետիկի հանձնաժողովի կողմից, թե ԵԽԽՎ-ի կողմից, նաև մի շարք այլ միջազգային կառույցների կողմից։ Ինչո՞ւ ենք մենք գնում այս արկածախնդրությանը իրբրև երկիր, իբրև պետություն և իշխանություն, անբացատրելի է։