Բարոյականության վախճանը

Բարոյականության վախճանը

Լևոն Տեր-Պետրոսյանը գիտնական է ու մտավորական։ Նրա քաղաքական վարքագիծը պայմանավորվում է արժեքային հենց այդ պատկանելիությամբ, որտեղ գերակշռում է գիտաշխատողին բնորոշ ճշգրտությունն ու մտավորականին համահունչ լայնախոհությունը։ Միգուցե սխալվում եմ, բայց տպավորությունն այնպիսին է, թե առաջին նախագահը Մատենադարանի պատերի ներսում տիրապետող բարոյական իմպերատիվները դուրս է հանել և ներմուծել քաղաքական դաշտ։

Այլ է իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պարագայում։ Այս երկուսը մաֆիոզ ուժեղ տղերք են, մեկը գերադասում է ֆիզիկական ուժը, իսկ մյուսը սիրում է մտածել ու հաշվարկել։ Բայց սա նրանց անբարոյական չի դարձնում, քանի որ, ինչպես հայտնի է, մաֆիան՝ որպես համակարգ, ստեղծել է իր սեփական բարոյագիտական իմպերատիվներն ու պատկերացումները։ Այո՛, բարոյականությունը մաֆիայի առաջնային սյուներից մեկն է։

Այսինքն Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ ունեցել են և ունեն բարոյական ինչ-որ պատկանելիություններ, սկզբունքներ, խաղի կանոններ, որոնց հիման վրա ուրվագծվել է նրանց քաղաքական վարքագիծն ու գործունեությունը։ Յուրաքանչյուրն ըստ իր պատկանելիության ինքն իր համար սահմանել է կարմիր գծեր ու արգելքներ, որոնք չի կարելի խախտել և շրջանցել։

Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի բարոյական պատկանելիությունը։ Իմ համոզմամբ Փաշինյանը չունի և չի էլ կարող ունենալ սկզբունքներ ու խաղի կանոններ, նա ապրում է առանց բարոյական իմպերատիվների։ Նրա գլխավոր շարժիչ ուժը նպատակի գոյությունն է և դեպի այդ նպատակը առկախված զորեղ կամքը։ Այսինքն ի հակադրություն բարոյականության բացակայության, նա օժտված է կամային լուրջ հատկանիշներով և հանուն իր նպատակների կանգ չի առնում ոչնչի առջև։ Նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե թիրախը խոցվի և չեզոքանա։

Այլ բացատրություն չեմ կարողանում գտնել։ Ինչպե՞ս կարող է մարդը մեկ ուրիշ մարդու հետ հուշագիր ստորագրի, իսկ որոշ ժամանակ անց այդ նույն մարդուն մեղադրի 40 տարվա վաղեմության հանցագործության մեջ։ Իսկ ստորագրման պահին չգիտե՞ր, իհարկե գիտեր, պարզապես կեցությամբ պարտադրված հեղհեղուկ պրագմատիզմն ու բարոյական կոդեքսների բացակայությունը թույլ են տալիս դիմել ցանկացած քայլի։ Չէ՞ որ առջևում է այն վեհ նպատակը, հանուն որի չարժե կանգ առնել որևէ զազրելի և տմարդի արարքի առջև։