Արմենուհի Սիսյան. Սիրտս փլած է

Արմենուհի Սիսյան. Սիրտս փլած է

Հայացքս խաչվեց մեր հերոս տղաների երկար, սեւ ցուցակին, ու դարձյալ ինքս էլ սպանվեցի նրանցից յուրաքանչյուրի հետ… Հետո մշուշված աչքերս հանդիպեցին այլ տողերի ու երկխոսությունների, որտեղ ատելության կոչեր էին՝ հայը հայի դեմ, նախկին ու ներկա պատերազմն էր՝ լի թույնով ու ատելությամբ: Մի՞թե հնարավոր չէր մոռանալ 2,5 տարի ընթացող «հայրենական» պատերազմը ու գիտակցել, որ այլ, իրական պատերազմ է մեր դռանը չոքել: Ինձ համար մեր լույս տղաների կորստի ցավին քիչ է զիջում ներքին երկպառակությունների պատճառած ցավը, եւ Կոմիտասն իր ձայնով փարվում է մտքիս՝ «Սիրտս փլած է»… 

Հույս ունեի, թե վերջին տարիներին ոչ մի օր չլռած սեւի ու սպիտակի կռիվ-կռիվը, նախկին ու ներկայի անհեթեթ շրջապտույտը կանգ կառնեն այս իրական պատերազմի առջեւ: Յուրաքանչյուր հեղափոխության նպատակ ենթադրում է ավելի լավ հասարակարգ ու կացութաձեւ ստեղծելու գործընթաց, սակայն տպավորություն է, թե մեր երկրում տեղի ունեցած հեղաշրջումը լոկ մեկ նպատակ ուներ՝ հնարավորինս  մեծ ատելություն գեներացնել ազգաբնակչության մեջ եւ հասարակությունը պառակտել սեւուսպիտակի: Այս ինչպե՞ս հաջողվեց սերմանել այսօրինակ ցածրակարգ ախտը արվեստ կերտող, քրիստոնեաբարո մշակույթ կրող  ազգիս մեջ: Այս ի՜նչ հետեւողականությամբ աշխատանք տարվեց, որ ոչնչացնող, ամենայն վեհը լափող ատելության մաղձը դառնա թույնի ամենօրյա արտանետման օրգանական պահանջ՝ ազգին վերածելով չարության խրոնիկական ախտով հիվանդացած պառավ, չարացած ամբոխի:

Գաղտնիք չեն մարդկանց կառավարելու համաշխարհային հայտնի տեխնոլոգիաները, որոնց  հիմքում ատելությունը՝ որպես շարժիչ ուժ, պիտի շարունակ ուղղորդվի ու վերարտադրվի՝ պահպանելու հեղափոխական տրամադրությունները: Ցավոք, տուժողը դու ես, սիրելի՛ հայ. ատելությունն օջախ դարձավ բազմաթիվ հիվանդություններիդ համար, եւ գուցե այդպես էլ չիմացար, որ այդ ատելությունն ընդհանրապես քեզ պետք չէր եւ ոչ էլ քոնն էր բնավ… Եթե այս օրհասական պահին էլ չգիտակցես, որ ունես մեկ թշնամի, եւ այդ մեկը՝ թուրքը, տանդ շեմին շատ մոտ է այսօր եւ այսուհետ, ավա՜ղ, այլ մարտեր ես տանուլ տալու… Հիմա, հետադարձ հայացք գցելով, ակնհայտ է դառնում, որ պատերազմը նախապատրաստվում էր հենց այն ժամանակ, որպեսզի այսօր արդարացումներ գտնվեն եւ դրանք անսպասելի չլինեն ձեզ համար, որպեսզի ապաշնորհության ու անկարողության ողջ հետեւանքները սահուն փոխանցվեն ամուր կառուցված «թշնամի նախկին» բանաձեւումի մեջ, ու հարցեր չծագեն, ծագելու դեպքում էլ՝ պատասխանները հենց այդ կուռ բանաձեւի մեջ մնան:

Բայց, փառք Աստծո, ազգը միայն իշխանության ձեռնտու բանաձեւ-օրակարգերը կուլ տվողներից չէ բաղկացած եւ ոչ էլ հիպնոսացած, ամեն ասվածը հալած յուղի տեղ ընդունող քաղաքացիներից: Ազգը բաղկացած է նաեւ պարզապես վերլուծելու ունակ սովորական մարդկանցից, որոնց մոտ բազում հարցեր կարող են առաջանալ: Ի վերջո, հայտնի ճշմարտություն է, որ իր ձախողումներում ամենուր մեղավորներ փնտրելը, բացի սեփական քայլերից, լոկ ապիկարության, ապաշնորհության մասին է վկայում եւ ավելի ընդգծում մեղքը… Շատերն ասում են՝ բայց մեծամասնությունը սատարում է առաջնորդին: Իսկ այդ ո՞ր ազգի մեծամասնությունն են կազմում մտավորականները, գիտնականները, քաղաքագետները, պատմաբանները, ազգագրագետները, պարզապես խելացի մարդիկ: Իսկ եթե ազգի մեծամասնությունն անկիրթ է, հավես չունի վերլուծելու կամ լսելու ավելի լուրջ վերլուծություններ, քանի որ շատ ավելի դյուրին է ընկալել պրիմիտիվ, սենսացիոն լուրերը կամ հեշտ մարսելի «նախկին-ներկա» օրակարգը… Իսկ եթե ժողովրդին ավելի ակնահաճո էր օրը մեջ լսել «ժողովուրդ ջան, ես քեզ սիրում եմ»-ը ու նմանատիպ անթիվ-արդյունավետ խայծե՞րը…

Ցավոք, ժողովուրդը լճացավ ամենօրյա ռեժիմով բաց թողնվող ատելության թմբիրի մեջ ու չցանկացավ բամբասանքի հասարակությունից վերաճել կառուցողական, իրավական պետության: Անհնար է հետ տալ ժամանակը, բայց ես հիմա դժվարանում եմ ներել ժողովրդի այն հատվածին, որին դուր էր գալիս փողոցում պաշտոնյաներ նշանակելը, դատարաններ շրջափակելու հակասահմանադրական կոչերն ու օրենքը շրջանցող բազմաթիվ քայլերը, որոնք արդեն իսկ թուլացնում էին մեր պետականության հիմքերը՝ վերածելով «սամասուդի», ամբոխավարության երկրի: Դժվարանում եմ ներել ժողովրդի այն հատվածին, ում դուր էին գալիս ղեկավարի ղժղժան ելույթները, անվայել բառապաշարը (փռեմ ասֆալտին, ծեփեմ պատերին, ոչնչացնեմ քաղաքական բացիլներին եւ այլն), ով զուրկ է պետության ղեկավարին հարիր զուսպ, կշռադատված բառուբանից, ում յուրաքանչյուր խոսքը պետք է բխեր պետականության շահից ու դիվանագիտական զուսպ հակիրճությունից եւ ոչ թե բամբասանքից ու պոպուլիստական էժան հնարքներից: Չեմ կարող ներել ժողովրդի այն հատվածին, ում դուր էր գալիս փողոցում խորոված անելն ու այնտեղ ուտելը, Ֆեյսբուքով երկիր կառավարելը, օրումեջ, հաճախ հարբած «լայվ» մտնելը, շաբաթվա տարբեր օրերին իրար միանգամայն հակասող բաներ ասելը, հիստերիկ կոչերը, մատ թափ տալը, քաղաքացիներից գաղտնի արված նկարներն իր պաշտոնական էջում տեղադրելը եւ դրանք իր կողմից հաճույքով վերնագրելը, իր համակիրների «լայքերը» հաշվելը ու դրանցով անթաքույց հրճվելը՝ երկիրը վերածելով էժան խոսակցությունների թամաշայի… Օրինաչափ չէ՞ր, որ նման մթնոլորտում որեւէ լուրջ գործեր չէին կարող իրականացվել, եւ գրեթե բոլոր ոլորտները պիտի ձախողվեին: Եվ փոխանակ նսեմացված զգալու եւ վիրավորվելու՝ ժողովրդի ստվար զանգվածին դուր էր գալիս պետական կառավարման նման ցածրակարգ գործելաոճը:

Պատերազմները հաղթում կամ պարտվում են այն սկսվելուց շատ առաջ։ Եվ եթե պատերազմը սկսվում է այնտեղ, ուր պարտվում է դիվանագիտւթյունը, էլ ի՞նչ դիվանագիտության ու բանակցային գործընթացների մասին կարող էր խոսք լինել, երբ երկիրս վերածվել էր խոհանոցային մակարդակի զրույցների ու բամբասանքների կլոր սեղանի… Ամեն մի զոհված երիտասարդ մի զորավոր սար է, որ փլվում էր աչքներիս առաջ, մինչդեռ այդ ժողովրդի նույն հատվածը շարունակում էր նույն ախորժակով ծամել իր նախընտրած շրջանակից կամ կուսակցությունից դուրս թշնամի գտնելու արհեստածին օրակարգը: Իսկ հայրենիքը կուսակցական սիրով չեն սիրում. հայրենիքը բոլոր բջիջներով ու սրտի կանչով են սիրում, կամավորի որոշում կայացրած զինվորի լռությամբ ու հայրենի հողի հանդեպ խոնարհությամբ են սիրում…

Թուրքի սարսափը հայի միասնությունն է, իսկ դուք ձեր պրիմիտիվ, հայաբաժան օրակարգով օգնեցիք թշնամուն, հզորացրիք թուրքին ու կոտրեցիք մեր զինվորի մեջքը… Ամեն անգամ, քարկոծելուց առաջ, կարողացա՞ք մի պահ ինքներդ ձեր մեջ նայել ու … քարը ցած գցել: Չհամբերեցիք, անգամ պատերազմի ընթացքում հաշիվներ պարզեցիք ու աստվածներ ստեղծեցիք ձեզ համար՝ չգիտակցելով, որ միակ երկրային Աստվածը հայ զինվորականն է, նա է ազգի ոսկե երակը՝ հասարակ զինվորից մինչեւ գեներալ, որպեսզի դուք հանգիստ քնեք, իսկ առավոտյան վերսկսեք ձեր նախկին ու ներկա, սեւուսպիտակի կռիվը  ու հերոսաբար հայհոյեք իրար: Այսօր, ով կռվել է առաջնագծում, ում թեւը զինվորական հագուստի մեջ է մտել, մեծարանքի է արժանի ու վերադարձից հետո պիտի պատվի արժանանա, իսկ ՖԲ-ում կիլոմետրերով հայհոյանք կրակող ծանր հրետանավորները պիտի վաղը նետվեն պատմության աղբամանը, որովհետեւ ո՛չ մեկ լումայով օգտակար եղան, ո՛չ օգնություն կազմակերպեցին, թեկուզ ապրանքներ դասդասեցին (ե՞րբ), ոչ մի վայրկյան չհեռացան թնդանոթների առջեւից, որպեսզի ատելության կրակը, «որպես վառ ատրուշան, պահեն վառ»… Գուցե այսքան զոհերը, պատերազմը պատի՞ժ էին մեզ՝ պառակտվելու ու իրար գզելու համար… 

Իշխանությանը քննադատելն ամենեւին նախկին իշխանությանը սատարելը չէ: Մտավորականը, ինչպես նաեւ յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, պարտավոր է պահանջատեր լինել, պետք է մշտապես նրա սխալների քննադատողն ու ընդդիմախոսը լինի, որպեսզի իշխանավորը զգոն եւ պատասխանատու լինի, սակայն այստեղ էլ ձեզ համոզեցին, թե քննադատողը «նախկին» է, ու իսկույն հռչակում էին որպես ժողովրդի թշնամի: Արդյունքում ստեղծվեց կենացների, գովեստների անմակարդակ մի մշակույթ, որը հասցրեց մեզ  անկիրթ, օջախի մակարդակի ֆեոդալական հասարակարգի: Թագավո՛րն ապրած կենա, մեզ 21-րդ դարի օրենքի երկիր, իրավական պետություն պետք չէ: 

Այսօր ակնհայտ է, որ մեր էթնոհոգեբանությունը խաթարված է. ազգը պառակտելու առաքելությունը կատարված է գերազանց: Ամենօրյա ռեժիմով քարոզվող ատելությունը, մարդկանց իրար դեմ լարելը, հասարակությունը պառակտելը հասցրին  զանգվածային պսիխոզի: Հիմա կոչերով հազիվ թե հասարակությունը կարողանա միասնական դառնալ: 

Կորուստների ցավից կարկամած ու անորոշության մշուշի միջից փորձում եմ պատասխաններ փնտրել հեռուներում, փոխարենը շատ մոտիկից կրկին լսում եմ Կոմիտասի հուշիկ ձայնը, որ գալիս, հանգրվանում է կողքիս. «Սիրե՛ք իրար, շա՛տ սիրեք, որ ապրեք…»։ Լսո՞ւմ եք այդ ձայնը, պիտի՛ ու պարտավո՛ր եք լսել այն՝ կոմիտասյան վեհացնող հնչյուններով, ժողովրդական մաքրամաքուր խաղիկների լեզվով, հոգեւոր խոսքով, որպեսզի ամեն հայի մաքրագործված մտքում ու հոգում սատանայի պառակտող ու հրահրող պատգամների փոխարեն այսուհետ բարձր հնչի մեկ այլ Մեծի բանալի կոչը. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ