Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետեւանքների ցավը մեր հոգում․ Գարեգին Բ

Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետեւանքների ցավը մեր հոգում․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով: Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն
ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին եւ հարազատ ժողովրդին։ Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների խրոխտ զավակներ, նույն խիզախ ոգով հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի, եւ շատեր իրենց կյանքը նվիրեցին՝ ի սեր հայրենյաց եւ
ազգի։

Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետեւանքների ցավը մեր հոգում։ Ստեղծված նոր մարտահրավերներին ընդառաջ, հավատում ենք, աշխարհասփյուռ ազգս հայոց առ Աստված ապավինությամբ եւ մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի բարօր ու շեն կյանքը Արցախում եւ Հայաստանում՝ նաեւ ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի։

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Իր խնամքի ներքո պահպանի հայրենիքի պաշտպան Մեր սիրեցյալ զավակներին եւ շնորհի անվտանգ ծառայություն։ Թող Տերն Ամենակալ Իր օրհնությունն ու ողորմությունը տարածի համայն մեր ժողովրդի վրա ի հայրենիս եւ ի սփյուռս, այսօր եւ
միշտ. ամեն»: