Գորիսի ԲԿ-ն մնացել է առանց «նարկոզի» մասնագետի 

Գորիսի ԲԿ-ն մնացել է առանց «նարկոզի» մասնագետի 

Հուլիսի 25-ին, Սյունիքի մարզպետի 2011թ․ N145-Ն որոշման համաձայն, տեղի է ունեցել մրցույթ՝ Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Մրցույթն անցկացվել է նոր Հայաստանում հաստատված ավանդույթների «հանգույն»․ ներկա են եղել դիտորդներ՝ ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարության, ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ։ 

Երկրորդ փուլ է անցել 4 թեկնածու՝ հետեւյալ արդյունքներով․Դավիթ Մաշուրյան՝ 5 հարցից 5 ճիշտ պատասխան, Տիգրան Խաչատրյան՝ 5 հարցից 5 ճիշտ պատասխան, Սլավիկ Ամիրյան՝ 5 հարցից 5 ճիշտ պատասխան, Սպարտակ Ամիրյան՝ 5 հարցից 4 ճիշտ պատասխան։ 3-րդ փուլում թեկնածուները բանավոր կարգով ներկայացրել են կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը, որից հետո հանձնաժողովի անդամները յուրաքանչյուր մասնակցի համար քվեարկել են փակ-գաղտնի քվեարկությամբ։ Ըստ կարգի՝ մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները։ Նման թեկնածուները, ըստ մարզպետարանի կայքի, եղել են Դավիթ Մաշուրյանը եւ Տիգրան Խաչատրյանը, աշխատանքային պայմանագիրը կնքվել է Դավիթ Մաշուրյանի հետ։ Ի դեպ, մրցույթի արդյունքների վերաբերյալ սահմանված ժամկետում բողոք է ներկայացրել մրցույթի երկու մասնակից՝ Սլավիկ Ամիրյանը եւ Սպարտակ Ամիրյանը։ 
Այն, որ 2 փուլերում հավասար ձայներ հավաքած թեկնածուներից հաղթել է Մաշուրյանը, Գորիսի ԲԿ-ին քաջածանոթների համար պարզից էլ պարզ էր․ նա նախարար Արսեն Թորոսյանի մարդն է համարվում։ Սակայն ամբողջ աբսուրդն այն է, որ, ինչպես մեզ փոխանցեցին, Դավիթ Մաշուրյանը ԲԿ-ի միակ անեսթեզիոլոգն էմ եւ նրա՝ տնօրեն նշանակվելուց հետո անեսթեզիոլոգի պարտականությունները դրված են մի անձի վրա, ով այս պահին դեռ ուսանում է կլինիկական օրդինատուրայում եւ դեռեւս համապատասխան լիցենզիա չունի։ 

Պարզ չէ, թե ինչպես են վստահում այդ պատասխանատու գործառույթը նման անձի, ով գուցե լավ մասնագետ կդառնա, բայց այս պահին նման գործունեություն իրականացնելու իրավունք չունի։
Նախ փորձեցինք պարզաբանում ստանալ Սյունիքի մարզպետարանի առողջապահության վարչությունից, պարզվեց՝ վարչության պետն արձակուրդում է։ Հարցը վերահասցեագրվեց լրատվության բաժին, որտեղից Արմինե Ավետիսյանը հայտնեց, որ Գորիսի ԲԿ-ում համատեղությամբ աշխատում է նաեւ Սիսիանի ԲԿ-ի անեսթեզիոլոգը, որն անհրաժեշտության դեպքում 30 կիլոմետրից ավելի կտրում- գալիս է Գորիս։ Ինչ վերաբերում է անեսթեզիոլոգին, ապա, ըստ մարզպետարանի լրատվության պատասխատուի, վերջինս արդեն որոշ ժամանակ է, ինչ աշխատում է որպես բժշկի օգնական։ «Եվ հետո՝ Ձեր նշած՝ օրդինատուրայի սովորողը մեկ շաբաթից արդեն ավարտում է եւ կդառնա արդեն ոչ թե բժշկի օգնական, այլ հիմնական աշխատող»։ Ուրախ ենք, բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ, ասենք, վթար է եղել, կան վիրավորներ, որոնց վիրահատելու անհրաժեշտություն կա։

Մինչեւ Սիսիանից գալիս է բժշկուհին, կամ երիտասարդը ստանում է դիպլոմը, հիվանդը մահանում է, նրա հարազատներին մխիթարում ենք, որ ոչինչ՝ մեկ շաբաթից անեսթեզիոլոգը դիպլոմը կստանա, իսկ նախկին մասնագետը, նախարարի կամքով, անպայման պետք է հիվանդանոցի տնօրեն դառնար։ 
ՀԳ․ Հոդվածն ավարտում էինք, երբ զանգահարեցին ԱՆ-ից եւ հայտնեցին, որ կլինիկական օրդինատորը հիվանդանոցում ձեւակերպված չէ, ուղղակի գնում-գալիս է։