Արծրուն Հովհաննիսյանը նորից «գրաքննիչի» դերն է ստանձնել

Արծրուն Հովհաննիսյանը նորից «գրաքննիչի» դերն է ստանձնել

Որ պահին պղտոր ջրում ձուկ որսալու պահն է գալիս, հայտնվում են որոշ մարդիկ, որոնք նման ջրերում ձուկ որսալու մեծ շնորք ունեն եւ սկսում են իրենց «որսը»։ 

Դեռ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զբաղված էր մի գործով՝ լրատվամիջոցների բերանը փակելով եւ իրականությունը հասարակությանը հասցնելու գործին խանգարելով։ Դժվար է ասել, թե մեր զոհերի, հակառակորդի կողմից հրետակոծության, նրա ագրեսիան հասարակությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը ներկայացնելու գործն ինչո՞վ ձեռնտու չէր ՊՆ խոսնակին եւ նա ինչու էր ուզում դա թաքցնել հանրությունից, որը, միեւնույնն է՝ մի քանի օրից կամ ժամից տեղեկանալու էր դրա մասին։ Թերեւս ինֆորմացիան միայն իրենից ու իր ֆեյսբուքյան էջից տեղեկացնելու, իր կարեւորությունն այդ վճռորոշ պահին ընդգծելու հանգամանքն էր դեր խաղում։

Հիմա նորից սահմանին լարված է եւ ՊՆ խոսնակի պաշտոնին վաղուց հրաժեշտ տված Արծրուն Հովհաննիսյանը կրկին հայտնվել է ասպարեզում՝ կարծիք է հայտնում, տեղեկություններ տարածում, դատողություններ անում ու դասեր տալիս, այդ թվում՝ ՊՆ գործող խոսնակին։
Ուրեմն մենք ազգովին, այդ թվում մեր բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են համոզել միջազգային կառույցներին՝ ԵԱՀԿ, ՀԱՊԿ, տարբեր երկրների ԱԳ նախարարներին ու ղեկավարներին, որ ենթարկվել ենք ագրեսիայի, որ մեր հարեւանը հարձակվել է մեզ վրա, կրակում է սահմանին եւ այլն, Արծրուն Հովհաննիսյանը համոզում է մեզ բոլորիս՝ <մի ուրախացրեք հակառակորդին> եւ ՊՆ խոսնակին «դասեր է տալիս», թե՝ 
«Եթե որեւէ մեկը մինչեւ հիմա չի հասկացել, որ հայկական լրատվական տիրույթում մեր բնակավայրերի հրետակոծության տեղեկությունների տարածումը նպաստում է հակառակորդի քարոզչությանը, ապա մեղմ ասած շատ տխուր է»։

Հիշեցնենք, որ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էր իր պատին գրել․

«Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան»։

Փաստորեն ռազմական գծով գրաքննիչի պաշտոնը Արծրուն Հովհաննիսյանին շատ է դուր եկել եւ ինքն է որոշում՝ ինչ գրեն լրատվամիջոցներն ու ՊՆ խոսնակը, ինչ չգրեն։ Հակառակորդի քարոզչության դեմն առնելն էլ կեղծ տեղեկություններ տարածելը չի, ոչ էլ իրականությունը թաքցնելը, որն այս պահին մեր պետությանը բոլորովին ձեռնտու չի, այլ Ադրբեջանի ագրեսիան իր ամբողջ ծավալով միջազգային հանրությանը ներկայացնելը՝ ցուցադրելով, որ Արցախի խնդիրը պայմանավորված է հենց այս ագրեսիայով։ Եւ նման ագրեսորին չի կարելի թույլ տալ, որ մոտենա մեր սահմաններին։ Որովհետեւ այնտեղ, որտեղ մենք չունենանք անվտանգության գոտի եւ մեր բնակավայրերը հայտնվեն Ադրբեջանի թիրախում՝ հասանելի լինեն նրա զինտեխնիկայի համար, այնտեղ ահա այս նույն վիճակն է լինելու։ Ուստի անգամ ադրբեջանական 5 շրջանները հետ վերադարձնելու մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ մեր անվտանգությունն Արցախում կհավասարվի զրոյի եւ հայ խաղաղ բնակչությունը կհայտնվի կրակի տակ։