Remedial secession՝ ինչպես որ կա

Remedial secession՝ ինչպես որ կա

Remedial seccession միջազգային իրավունքի դոկտրինը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, եւ, կարծես թե, առաջանում է հավելյալ քննարկման կարիք (մանավանդ, որ թե՛ հայերեն եւ թե՛ ռուսերեն թարգմանություներն անհաջող են).

1. «ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներ»-ը (UN basic principles) հավասարազոր են, ուստի հավասարազոր են նաեւ «տարածքային ամբողջականություն» եւ «ազգերի ինքնորոշում» պոտենցիալ իրար հակասող սկզբունքները։ 

2. Սկզբունքների հավասարազորությունն ինքնին չի նշանակում, որ որեւէ սկզբունքի կիրառման ցանկացած դեպքում առաջանալու է կոնֆլիկտ։ 
Հաճախ պետություններին ընձեռում են ինքնորոշվելու հնարավորություն՝ օրինակ, Կանադա-Քվեբեկ, Միացյալ Թագավորություն-Շոտլանդիա եւ այլն։

3. Սկզբունքների հավասարազորությամբ պայմանավորված կոնֆլիկտը կարող է սահմանափակվել իրավական, քաղաքական, դատական եւ այլ ոլորտներով՝ օրինակ, Իսպանիա-Կատալոնիա։

4. Որոշ դեպքերում, սակայն, կոնֆլիկտն անցնում է զինված փուլ եւ առաջացնում է էթնիկ զտում ու հումանիտար աղետ կամ դրանց վտանգ։ Այս դեպքերում միջազգային իրավունքում «ազգերի ինքնորոշում» սկզբունքը գերակա է դառնում «տարածքային ամբողջականություն» սկզբունքի նկատմամբ։ Հիմք՝ remedial seccession. անջատման ձեւով ինքնորոշումը՝ իբրեւ էթնիկ զտումից եւ/կամ հումանիտար աղետից խուսափելու միակ միջոց։ 
Remedial seccession-ի հիմքով անկախության ճանաչման վառ օրինակ է Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ճանաչումը, որին նախորդեց վրացական կանոնավոր բանակի կողմից Ցխինվալիից եւ այլ բնակավայրերից օս խաղաղ բնակչության բռնի տեղահանումը գրեթե մինչեւ Ռոքի լեռնանցքը։   
Remedial seccession-ի հիմքով անկախության ճանաչման մեկ այլ օրինակ է Արեւելյան Թիմորի ճանաչումը, որին նախորդեցին ինդոնեզական բանակի աջակցությամբ գործող զինյալների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ սանձարձակված բռնությունները եւ տեղահանումը։

5. Ակնհայտ է, որ Արցախում տիրող այսօրվա վիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից թույլ է տալիս Հայաստանին ճանաչել Արցախի անկախությունը remedial seccession-ի հիմքով։ 

6. Ճանաչումը, դրա նպատակահարմարությունն ու ժամանակը քաղաքական որոշում են, որի կայացնողը Հայաստանի քաղաքական ղեկավարությունն է՝ իբրեւ Հայաստանի շահերից ճիշտ որոշում կայացնելու համար ամբողջական պատկերին, տեղեկատվությանը եւ նրբություններին միակ տիրապետողը։ Խորհուրդները տեղին չեն։  

7. Քաղաքական որոշումից անկախ, Հայաստանի ԱԳՆ-ն կարող է պատրաստել միջազգային հանրությանն ուղղված իրավական զեկույց, որով արձանագրի Ադրբեջանի կողմից իրականացվող սիստեմատիկ բռնի տեղահանության (էթնիկ զտումներ) եւ ազգային հողի վրա ատելության քաղաքականությունը։ 
Փաստերն արդեն իսկ արձանագրված են տարբեր կառույցների նյութերում․ առանց ռազմական անհրաժեշտության խաղաղ բնակավայրերի ռմբակոծումները եւ դիվերսիոն խմբերի ուղարկելն էթնիկ զտումների կազմակերպում է (Արցախի ՄԻՊ զեկույցներ), պետական մակարդակով հայատյացության քարոզը (Հայաստանի ՄԻՊ զեկույց), ռազմագերիների սպանություններն ու նրանց նկատմամբ վայրագություններ (դատախազության զեկույց) էթնիկ հողի վրա հանցագործություններ են եւ այլն։ Մնում է միայն փաստերն ի մի բերել եւ իբրեւ միասնական ամփոփ ծանրակշիռ միջազգային իրավական փաստաթուղթ՝ հասցեական ներկայացնել միջազգային ատյաններին եւ հանրությանը։ 

Ինչ վերաբերում է «միացում, այլ ոչ թե ճանաչում» մոտեցմանը, ապա քաղաքական առումով սա նույնպես իշխանության որոշելիքն է (տես կետ 6)։ Միջազգային իրավական առումով միացման որոշման համար անհրաժեշտ է իրավական հիմք։ Օրինակ, Ղրիմում Ռուսաստանը երկմտում էր «անկախությո՞ւն, թե՞ միացում» հարցում։ Ի վերջո, երբ քաղաքական որոշում կայացվեց՝ գնալ միացման ճանապարհով, առաջացավ իրավական բազայի հարց, որը լուծվեց Ղրիմի հանրաքվեի ձեւով։ Եթե Հայաստանը որոշի գնալ միացման ճանապարհով, ապա Արցախում ինքնուրույն նոր հանրաքվեով դրա իրավական բազան ապահովելու ռեսուրս, հնարավորություն եւ ժամանակ, ցավոք, չկա։ Այսպիսով, միացում հռչակելուն, ամենայն հավանականությամբ, պետք է նախորդի ճանաչումը, որի իրավական բազան այդ նույն remedial secession-ն է։

Արման ՎԱՐԴԱՆՅԱՆ