Հիմա էլ այդտե՞ղ ես «Գյոռբագյոռ» անում

Հիմա էլ այդտե՞ղ ես «Գյոռբագյոռ» անում

Եթե ներկայացում չէր Նիկոլ Փաշինյանի ու Արծրուն Հովհաննիսյանի  «Գյոռբագյոռ»  օպերացիան, ու նրանք ուզում էին ոգևորել հայ ժողովրդին, թշնամին ինչու՞ նրանց տեղը մոռացել է։ Չէ՞ որ 44-օրյա ողջ պատերազմի ընթացքում նրանք էին զինվորներին քաջալերում ու մղում պայքարի։ Նրանք էին հաղթելու ու «Գյոռբագյոռ» անելու ջահակիրները։ Լսենք Արծրունին, թե ինչ էր ասում հանձնված Շուշիի մասին․ «Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է»։ Ու երբ քչերը խոսում էին, որ Շուշին հանձնված է, անմիջապես ֆեյսբուքով վրա էր հասնում․ «Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Վերջ տվեք անհարկի քննարկումներին»։ Ու գիտե՞ք քանի տասնյակ հազար լայքեր էր հավաքում, մարդիկ ո՜նց էին խենթանում նրա «Գյոռբագյոռ» ռազմական օպերացիայով։ Ու բոլորը, բոլորը իրենց շնորհակալությունն էին հայտնում Արծրունին ու իր քաջարի գերագույն հրամանատարին․ «Հարգարժան Արծրուն Հովհաննիսյան մե՜ծ ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ Ձեզ` Ձեր անձնվեր (երբեմն անշնորհակալ) աշխատանքի և առհասարակ ամեն ինչի համար։ 
Այսօր նայում եմ գրառումներին ու սարսափում՝ Աստված իմ, մի՞թե այդքան կույր էին մարդիկ։ Արծրունը «Գյոռբագյոռ» էր անում, իսկ Շուշին հանձնված էր։ Ուշացած մի գրառում եմ կարդում, որը գրված է Շուշիի հանձնումը բացահայտելուց հետո՝ ուղղված Արծրունին․ «Հիմա տեսնես չես ամաչում էս և բոլոր գրառումներիդ համար»։

Բացում եմ  Արծրունի ու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջերը, որտեղից 44-օրյա պատերազմի օրերին խրոխտ կոչեր էին արվում՝ հայկական Շուշին պաշտպանելու համար։ Ոչ մի տող։ Գերեզմանաքար անգամ չի գցված։ Մոռացել են, որ Շուշի, Արցախ է եղել, մոռացել են զոհերին ու ամենակարևորը՝ մոռացել են, որ իրենք էին «առաջնորդում» հերոսական այդ պայքարը։ Էլի դառնամ սկզբին՝ եթե ներկայացում չէր Նիկոլ Փաշինյանի ու Արծրուն Հովհաննիսյանի  «Գյոռբագյոռ»  օպերացիան, թշնամին ինչու՞ մոռացել է իրենց․․․ Արծրունի էջում կարդում եմ․ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ։  Ո՞նց չհարցնես՝ հիմա էլ այդտե՞ղ ես «Գյոռբագյոռ»  անում։