Ցասում

Ցասում

Բնության աղետի դեմ ոչինչ անել չենք կարող։ Երբ բնությունը «մոլեգնում» , ավերում է, չենք մտածում՝ մեղադրել բնությանը, այլ մեզ ենք մեղադրում, որ չենք կարողացել անել այնպես, որ հնարավորինս պաշտպանված լինենք։ Մարդկային ցասումը մի քիչ  այլ է։ Երբ երկրում  կուտակվում, խտանում է ցասումը, մոլեգնությունը, իշխանությունը պետք է մտածի՝ որտե՞ղ է սխալվել և արդյոք հնարավո՞ր է կանխել ցասման ուժը։ Նիկոլ Փաշինյանի դեպքում կարելի է վստահորեն օգտագործել՝ որտե՞ղ չի սխալվել արտահայտությունը։ 

Սա էլ որերորդ տարին է, երբ զոհվածների ծնողները չեն հանդուրժում վարչապետի մուտքը Եռաբլուր։ Կարելի է նրանց հասկանալ, մանավանդ այն բանից հետո , երբ վարչապետը հայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը և չլինեին զոհեր։ 

Ամեն անգամ բիրտ ուժով Եռաբլուր մտնելով՝ վարչապետը էլ ավելի է խորացնում ցասումը, ատելությունը՝ հասցնելով մարդկանց բնության անկախատեսելի տարերքին։ Չես կարող չմտածել՝ լավ, այսքան ատելությունը մեջքին շալակած այս մարդը ո՞նց է ապրում։ Կամ ինչպե՞ս, ինչի՞ դիմաց են ուժայինները ենթարկվում նրան ու քաշքշելով, ցավացնելով, նվաստացնելով զոհվածների ծնողներին՝ պոկում նրանց  իրենց որդիների շիրիմներից, դուրս հանում Եռաբլուրից, որ Նիկոլ Փաշինյանն առանց վախի կարողանա մտնել Եռաբլուր։ 

Եռաբլրի տերը այդ տղերքն են, նրանց ծնողները։ Եռաբլուրը ուրիշ տեր չունի։ Եվ չեք կարող անգամ մի մատ երեխային համոզել, որ բանակում չծառայած մարդը, որը թշնամուն հանձնել ու հանձնում է մեր հողը, հազարավոր մատաղատի մարմիններ,  կարող է իրեն վերապահել Եռաբլուր մտնել՝ խախտելով հերոսների անդորրը։ 

Նման պարագայուն ցասումը կարող է փոխվել կատաղության, մոլեգնության։ Հասկանալ է պետք զոհված ծնողին։ Եռաբլուրը սրբության վայր է, այնտեղ ննջում են մեր զինվորները, զգու՜յշ քայլեք։ Ու թող ուժով մայրերին քարշ տվող մայրերի ողբից վախենա՜ն․․․ Դա հավիտենական անեծք է իրենց յոթը պորտին։ Արդարի, անուժի, սգավորի տեր Աստված է։