Գորիս-Կապանը մեզ դաս չեղավ
Նիկոլն ասում է, որ ինքը պատրաստ է փոխանակել անկլավային գյուղերը՝ մի բան տալ, վերցնել մեկ այլ բան: Միաժամանակ ասում է, որ եթե դրա արդյունքում ճանապարհի խնդիր առաջանա՝ կկառուցի նորը: Նիկոլն իհարկե չի հասկանում կամ իրեն հայտնի կենդանու տեղ է դնում՝ նման բան ասելիս: Որովհետև ամեն ինչ այդքան պարզ ու միանշանակ չէ: Անկլավ տալը՝ ճանապարհահատվածով հանդերձ, գրքի փոխանակում չէ: Երբ մեկին «իքս» հեղինակը կամ ստեղծագործությունն է դուրս գալիս, իսկ մյուսին՝ «իգրեկը»: Ու այդ անձանցից յուրաքանչյուրն ունի այն, ինչ դուր է գալիս մյուսին: Եվ նրանց միջև տեղի է ունենում պարզ կամ գումարով լրացված փոխանակում: Իսկ այդպիսի պրիմիտիվ գործընթաց է, արդյո՞ք, անկլավների փոխանակումը: Բնականաբար, ոչ: Նույնիսկ նույն երկրի տարածքում ջրամբարների կառուցման նպատակով առանձին բնակավայրի տեղափոխումն արդեն լուրջ խնդրի է վերածվում: Ուր մնաց, թե թշնամի երկրի հետ մի շարք անկլավային գյուղերի փոխանակումը:
Բայց հասկանալի է նաև, որ պատերազմում պարտված և արտաքին ուժերի ճնշման ներքո գտնվող Նիկոլն այլ տարբերակ չունի: Նա պետք է ավարտին հասցնի այն ծրագիրը, հանուն որի 2018-ին գարնանը կազմակերպվել էր իշխանափոխությունը: Իսկ այդ ծրագիրն էն գլխից ենթադրում էր միակողմանի անվերջ զիջումներ: Այն, ինչին վկա ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմից այս կողմ: Եվ բնական է, որ ստի ու կեղծիքի հեղափոխության առաջնորդը անկլավների փոխանակման հարցում ևս սուտ է խոսում: Անկլավների միակողմանի վերադարձից խուսափելու և ընդհանրապես ստի ու կեղծիքի ճանապարհը վերջնականապես փակելու մի տարբերակ կա միայն՝ Նիկոլի հեռացումը վարչապետի պաշտոնից: Ինչը ոչ մի ձևով չի ստացվում: Իսկ փոխանակումը, եթե նույնիսկ դրա մոտ ինչ-որ բան տեղի ունենա, կիրականացվի 1975-ի թե 1991 թվականի քարտեզներով՝ նույն արդյունքն է ունենալու: Այն իրականացվելու է ադրբեջանական պայմաններով՝ ինչի մասին բազմիցս հայտարարել է արևելյան խանը:
Ասվածի ճշմարտությունն է վկայում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կմ-անոց հատվածի հանձնումը Ադրբեջանին: Դա տեղի ունեցավ Գուգլի սահմանային գծանշումների միջոցով, ինչը հակասում է 1975 թվականի քարտեզին, որտեղ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի հատում Ադրբեջանի սահմանը: Բայց երբեմնի «դուխով» Նիկոլն այլևս այնքան «դուխ» չուներ, որ Իլհամին ոչ ասեր: Եվ մայրուղու այդ հատվածը թշնամուն հանձնելով՝ խնդիրներ ստացավ նորի շինարարության ու շահագործման առումով: Այդ փորձառությունն ունենալով՝ կասկածում եմ, թե Ադրբեջանն այլ կերպ է վարվելու սահմանային այլ տարածքների պատկանելիության հարցը քննարկելիս:
Ի դեպ, մոլդովահայերի հետ հանդիպմանը Նիկոլը մեկ այլ «հանճարեղ» միտք է արտահայտել: Ահա այն՝ «Այնպես չէ, որ մենք անընդհատ երազում ենք ինչ-որ բան նվիրելու մասին»: Ադեկվատ անձնավորության ուղեղում նման միտք չէր ծագի: Սակայն կծագեր ու ծագել է այնպիսի անձի ուղեղում, որը հասկանում է, որ ինքն անընդհատ ինչ-որ բան է ուղղակի նվիրում թշնամուն. վկա արդեն նշված ճանապարհահատվածը: Եվ այդ մտքի հեղինակը չի գիտակցում, որ ինքը ոչ թե երազում է ինչ-որ բան նվիրելու մասին, այլ ստիպված է անում այդ: Ու դրա վկայությունը, Արցախը թշնամուն հանձնելուց հետո, բոլոր այն տարածքներն են, որ հանձնվել են թշնամուն: Մի մասն, իր ասելով, ինչ-որ լճի տարածք էր, մյուս մասը՝ անմարդաբնակ տարածք, երրորդը...
Վերջում անդրադառնամ նրա պատասխանում առկա մի գաղափարի ևս: Ահա այն՝ «Մենք ցանկանում ենք վերացնել էսկալացիայի և ագրեսիվ քաղաքականության բոլոր հնարավոր պատճառները»: Այս դատողությունը հերթական անգամ վկայում է նրա գրագիտության թերի մակարդակի մասին: Դարերով թշնամի ազգությունների միջև, որոնցից մեկը հարստահարող թուրքն է, մյուսը՝ հարստահարված ու ցեղասպանված հայը, հնարավոր չէ վերացնել բոլոր այն պատճառները, որ կարող են բերել էսկալացիայի: Հատկապես եթե թուրքը ցանկանում է միշտ ձեռք տակ ունենալ այնպիսի պայմաններ, որ հաջորդ պահին հերթական խնդիրն առաջացնի: Նիկոլի կարծիքով դա ևս հաղթահարելի է, ու որպես օրինակ ինքը հիշատակում է սկանդինավյան երկրների փոխահարաբերությունները: Ի դեպ, այդ նույն օրինակն են ժամանակին հայաստանցի վերլուծաբաններին ու պաշտոնյաներին ներկայացրել Արևմուտքում: Բայց հետո հասկացել են, որ այդ տարբերակն այստեղ չի կարող աշխատել: Ու փակել են այդ թեման: Ու հանկարծ հայտնվում է Նիկոլ անունով մեկը, որ փորձում է մեզ համոզել, որ դա իրեն կհաջողվիի: Ու չգիտես՝ ինքն է այն հայտնի կենդանին, թե մեզ է դրա տեղը դնում:
Կարծիքներ