Ինչպե՞ս կարող է գեղղեկավարը ներկայացումից առաջ շտապել առաջին տիկնոջը դիմավորելու

Ինչպե՞ս կարող է գեղղեկավարը ներկայացումից առաջ շտապել առաջին տիկնոջը դիմավորելու

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան Բուխարու սրահում նախօրեին ցուցադրվեց Հասմիկ Պապյանի դերակատարմամբ «Ալմաստ» ֆիլմ-օպերան, որին հաջորդեց հանդիպում-քննարկում երգչուհու հետ։ Հանդիպման ընթացքում խոսք գնաց նաեւ օպերային թատրոնի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներից։ 

Այս օրերին, երբ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին ազատեց տնօրենի պաշտոնից, ի թիվս այլոց, տնօրենի պաշտոնի համար շրջանառվում է նաեւ Հասմիկ Պապյանի անունը։ Ստացե՞լ է որեւէ առաջարկ․ Պապյանն ասաց, որ երբեւէ որեւէ կառավարություն կամ ղեկավար իրեն չի առաջարկել որեւէ պաշտոն՝ լինի դա մշակույթի նախարարի, թե օպերային թատրոնի տնօրենի կամ գեղղեկավարի կարգավիճակում։ Պապյանը կատակով նկատեց, որ դա ֆեյսբուքահայության փայփայած երազանքն է՝ իրեն տեսնել որեւէ պաշտոնում։ «Ամեն դեպքում, հիմա ես անտարբեր եմ նման ասեկոսեների նկատմամբ, որովհետեւ հիմա եթե անգամ առաջարկեն, չեմ ընդունի, ես հասկացա մեկ անգամ եւս, որ պաշտոններ զբաղեցնելն իմ գործը չէ։ Եթե ցանկություն կունենան ինձ լսել, ես կարող եմ խորհուրդներ տալ, բայց պաշտոնավարել՝ ոչ»։ 

Օպերային երգչուհին ցանկություն հայտնեց, որ մեր ղեկավար պաշտոնները զբաղեցնեն մարդիկ, ովքեր Հայաստանն իրենց տունն ու հայրենիքն են համարում եւ ոչ թե իրենց կարիերայի մեջ մի հանգրվան։ «Չէի ուզենա, որ Հայաստանը դիտվեր որպես գավառ, ամենամեծ ցավը դա է ինձ համար, ինչ պաշտոն էլ լինի Հայաստանում, դրա ղեկին պետք է անպայման լինի հայ, հայրենիք ունեցող մեկը, այս երկիրը տեսնի որպես իրենը, անպայմանորեն խոսի հայերեն։ Ես շատ կարեւորում եմ դա, որովհետեւ մարդիկ են գալիս՝ օտարներ, ովքեր փորձում են հասկանալ մեր այս գեղեցիկ երկիրը, հյուրընկալ ժողովրդին եւ ինչ-որ բան վերադարձնելու ցանկությամբ նվազագույնը շնորհակալություն, բարեւ եւ մի քանի բառ սովորում են։ Ինձ համար սա կարեւոր ցուցիչ է։ Թող մարդիկ չասեն՝ օրենքն այսպես կամ այնպես է ենթադրում, կարեւորն անձն է, եթե մարդը Հայաստանը չի տեսնում որպես իր հայրենիք եւ սրտացավ չէ, այլ դիտարկում է այն միայն որպես կարիերայի մի հատված, որից հետո կունենա հաջորդ թռիչքը, սա ինձ համար շատ ցավալի է։ Ինչպիսին էլ որ լինեն ձեռքբերումները, կարծում եմ` Հայաստանի օպերային թատրոնը պետք է ծառայի նախեւառաջ հայ ժողովրդին, հայ երեխաներին, որպեսզի նրանք կարողանան շփվել արվեստի այդ բարձր տեսակի հետ»,- ասաց Պապյանն ու ավելի անկեղծացավ՝ եթե նախկինում գեղղեկավարի պաշտոնում կարող էր իրեն պատկերացնել, ապա հիմա իրեն այդտեղ էլ չի տեսնում, ինչպես որ չի պատկերացնում, թե ինչպես պետք է թողնի ստեղծագործական գործերը եւ ներկայացումից առաջ շտապի դեպի ծառայողական մուտք՝ առաջին տիկնոջը դիմավորելու, որից հետո նրան ուղեկցի օթյակ, հետեւի դիմախաղերին՝ հասկանալու համար՝ ներկայացումը նրան դուր եկե՞լ է, թե՞ ոչ․

«Ես ձեզ կարող եմ ասել, որ Անգելա Մերկելը շատ է սիրում օպերա, շատ հաճախ է գալիս օպերային թատրոն, եւ ես ունեցել եմ այդ առիթը՝ երգելու, երբ նա եկել է թատրոն։ Նա միշտ գալիս է ամուսնու հետ, նստում են պարտերում, ո՛չ օթյակում, երբեք չեն գալիս թիկնապահներով, վերջում միայն գալիս շնորհավորում եւ շնորհակալություն են հայտնում ու հեռանում։ Նույնը՝ Իսպանիայի թագավորի ու թագուհու դեպքում։ Կարծում եմ՝ այս արարողակարգերը պետք է փոխել, մարդիկ պետք է հասկանան, որ նրանք թեեւ կառավարության մաս են, բայց ծառայում են ժողովրդին։ Այսինքն՝ արվեստագետը կամ որեւէ զբաղված մարդ չպետք է իր գործը թողնի եւ դուրս գա, ժամերով սպասի դրսում, որպեսզի մեքենայի դուռը բացվի, եւ ինքը դիմավորի առաջին տիկնոջը, հետո տանի օթյակում տեղավորի, նայի դեմքին կամ հարցնի՝ դո՞ւր է գալիս նրան ներկայացումը, թե՞ ոչ»։ 

Երգչուհին հիշեց․ 2 տարի առաջ, երբ օպերային թատրոնում իր բեմական գործունեության 30-ամյակն է տոնվել, ինքը նախօրոք խնդրել է, որ մարդիկ ծաղիկներ չբերեն, չնայած գտնվել են մարդիկ, ովքեր տարել են։ «Վերջում զամբյուղ բերեցին բեմ եւ բարձրախոսով հայտարարեցին, որ այս ծաղկեփունջն առաջին տիկնոջ կողմից է։ Շատ զարմանալի էր դա ինձ համար, որովհետեւ այդպիսի բաներ երբեւիցե չեմ տեսել որեւէ թատրոնում եւ չէի ուզենա, որ Հայաստանում մարդկանց մտայնությունը, որակն իջներ այն աստիճանի, որ դա բարձրաձայն հայտարարվեր, բայց դա չարիքի փոքրագույնն էր։ Հետո ինձ մոտեցան եւ տվեցին միկրոֆոնը, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բարձրաձայն, իհարկե, ես տեղիցս չշարժվեցի»,- պատմեց Պապյանը, ում ամեն մի խոսքին ներկաներն արձագանքում էին ծափերով։ 

«Ուզում եմ նաեւ ասել, որ նախկին իշխանությունները, ղեկավարներն անձամբ ինձ երբեւիցե ոչ մի վատ բան չեն արել, հակառակը՝ փորձել են իրենց կողմը գրավել ուշադրությամբ, միշտ եկել են իմ համերգներին, չնայած ես երբեւէ որեւէ ղեկավարի չեմ հրավիրել իմ համերգին, որովհետեւ վստահ եմ` նրանք ավելի կարեւոր գործեր ունեն անելու, քան համերգներ գնալ, բայց եթե ուզենան, կարող են գալ։ Ես իրենց չեմ ներել, որ երկիրը հասցրեցին այս վիճակին, եւ շարունակում եմ չներել, որովհետեւ մեր երկիրը դարձավ գաղթական, մուրացկան, թույլ տվեք ասել՝ նաեւ իշխանամետ, որովհետեւ մարդկանց զրկեցին այդ ազատությունից, իրենց կարծիքը հայտնելուց։ Ես ունեմ այդ «շռայլությունը»՝ ասելու, բարձրաձայնելու այն երեւույթների մասին, որոնք սխալ եմ համարում, եւ չեն վրիպում իմ աչքից։ Հասկանում եմ նաեւ այն մարդկանց, ովքեր չեն խոսում, իհարկե՝ կարող են լռել, բայց չքծնել պարտավոր են, այդ տարբերությամբ միայն»,- եզրափակեց երգչուհին։