Չի բացառվում՝ ավտոբուսներն ու վերելակներն էլ նվեր ստանան

Չի բացառվում՝ ավտոբուսներն ու վերելակներն էլ նվեր ստանան

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակիցները, այդ թվում՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները, այս օրերին իրար հերթ չտալով՝ ոգեւորված տարածում են, որ 2020-ին 500 նոր վերելակ է տեղադրվելու մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում։ Ավետում են նաեւ այն մասին, որ մինչեւ տարեվերջ երթուղային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսով։ Առաջին հայացքից՝ սա դրական ինֆորմացիա է եւ պետք է ոգեւորի երեւանցիներին, ողջունելի է, այնպես, ինչպես ողջունելի է մայրաքաղաքի աղբահանության հարցի լուծումը։

Բայց վերելակների ու ավտոբուսների մասով ավագանու «Լույս» խմբակցության անդամները խիստ կասկածներ ունեն, թե ինչ միջոցներով են դրանք ձեռք բերվելու, քանզի խոսքը միլիոնավոր դոլարների մասին է, եւ 2020 թ․ բյուջեում որեւէ տող նախատեսված չէ։ Կասկած կա, որ դարձյալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող նվիրատվությունների տարբերակով են ձեռք բերվելու այդ վերելակներն ու ավտոբուսները։

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում նախ հիշեցրեց, որ ի սկզբանե քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում վերելակների փոփոխության մասին հարցն ընդգրկված էր, բայց այս հնգամյա ծրագրում անգամ մեկ վերելակ փոխելու մասին խոսք չկա։ «Եվ երբ հարցնում էինք՝ ինչ միջոցներով եք ձեռք բերելու, ասում էին՝ հայթայթելու ենք գումարը, իսկ թե ոնց են հայթայթելու, դա արդեն չգիտենք, մենք էլ, բոլորի պես, հրապարակումներից ենք իմացել, որ 500 վերելակ է նախատեսվում փոխել այս տարվա ընթացքում»,- ասաց Անի Խաչատրյանը։ Նա նշեց, թե շատ են ուզում, որ վերելակները փոխվեն, դրա համար էլ առաջարկել են այդ հարցը ներառել թե՛ հնգամյա ծրագրում, թե՛ 2020 թ․ բյուջեում, բայց Մարությանի թիմը մերժել է, ու հիմա անհասկանալի է՝ ինչ միջոցներով են ձեռք բերվելու։ «Երեւի կարելի է ենթադրել, որ «ԿամԱԶ»-ների նման նվեր կստանանք»,- կեսկատակ հեգնեց Խաչատրյանը՝ նկատելով, որ եթե նվիրատվություն չլինի, կարելի է ենթադրել, որ վարկային միջոցներով ձեռք կբերվեն՝ ավելացնելով պետության արտաքին պարտքը։

Նույն խմբակցության մեկ այլ անդամ՝ Թեհմինա Վարդանյանն էլ ասաց, որ իրենց ոչ ոք չի տեղեկացրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվելու այդ վերելակներն ու ավտոբուսները, եւ որ իշխանականների տարածած այդ տեղեկության մեջ էլ որեւէ ֆինանսական աղբյուրի հղում չկա։ Նա հիշեցրեց, որ ավագանու վերջին նիստին բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարց է ուղղել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին՝ կապված դեռ անցյալ տարի հայտարարված 100 նոր վերելակի ձեռքբերման հետ, քանի որ բյուջեում նման հոդված գոյություն չունի։ «Եվ պարոն Սարգսյանն ինձ պատասխանեց, որ այդ միջոցները հայթայթվելու են։ Հիմա ես չգիտեմ՝ ինչ պատահեց, որ հայթայթման շանսերն այդքան մեծացան, եւ արդեն իսկ նախատեսվում է 500 վերելակ։ Նախեւառաջ պետք է պարզել՝ այդ վերելակների միայն խցի՞կն է փոխարինվելու, թե՞ փոխարինվելու են նաեւ ճոպաններն ու մեխանիզմը։ Երկրորդը․ ես խոսակցություններ եմ լսել, որ դրանք բելառուսական վերելակներ են, որոնցից մի քանի տարի առաջ տեղադրվել են Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկում, որտեղ բնակիչները հստակ դժգոհ են, քանի որ շատ ցածրորակ վերելակներ են»,- ասաց Թեհմինա Վարդանյանը։ Ինչ վերաբերում է 100 նոր ավտոբուսով երթուղային ցանցը համալրելուն, ապա տիկին Վարդանյանն ասաց, որ իր տեղեկությամբ՝ Զարգացման բանկի հետ բանակցություններ են տարվում (ենթադրաբար՝ վարկային միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ), բայց, ըստ ավագանու անդամի, դեռեւս դա պետք է հաստատի ֆինանսների նախարարությունը։ Անդրադառնալով այն կասկածներին, որ հնարավոր է այդ գույքն էլ ձեռք բերվի «ԿամԱԶ»-ների հայտնի նվիրատվությունների տարբերակով, Վարդանյանն ասաց․ «Հաշվի առնելով, որ նախկին օլիգարխները եւ ներկա խոշոր գործարարներն արդեն լուրջ քաղաքական ֆիգուրներ են դարձել, որոնց ասելիքները հստակ թիրախավորված են, եւ կհիշենք նաեւ, որ Սամվել Ալեքսանյանն ասել էր՝ «գործերս լավանան, ավտոբուսներ էլ եմ առնելու», ես մատների արանքով չեմ նայում այդ ասածին։ Եվ երեւի թե ինչ-որ տարածքների դիմաց, ինչպես եղավ նախկինում, քաղաքային իշխանությունը կգնա որոշակի գործարքների։ Բայց, որ ամենակարեւորն է, ժողովրդի մի հոծ բազմություն կասի՝ «դե, հո էդ վերելակներն իր տուն չէ՞ր տանելու», անկախ նրանից՝ այդտեղ կա՞ կոռուպցիոն դրսեւորում, թե՞ ոչ»։

Հարցրինք նաեւ՝ իր համար այդ վերելակների եւ ավտոբուսների ծագումը կարեւո՞ր է , թե ինչ միջոցներով են ձեռք բերվել, թե՞ կարեւորն այն է, որ խնդիրը լուծվի։ «Միանշանակ կարեւոր է, որովհետեւ, այսպես կոչված, «հեղափոխություն» իրականացրած ուժը կարծես թե մոռացել է հենց իր հռչակած հեղափոխական սկզբունքների եւ թափանցիկության մասին»,- ասաց Թեհմինա Վարդանյանը։

Փորձեցինք մեր հարցի պատասխանն ստանալ պաշտոնական կողմից, սակայն այստեղ չգիտեին, թե ինչ միջոցներով են ձեռք բերվելու այդ վերելակներն ու ավտոբուսները։ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը, որն ակտիվորեն տարածում է այս վերելակների ու ավտոբուսների ձեռքբերման լուրը, մեզ եւ իր ընդդիմադիր գործընկերներին հորդորեց գրավոր դիմել քաղաքապետարան եւ ստանալ գրավոր պատասխան։ Մեր դիտարկմանը, թե պետք է անպայման, հակառակ վարչապետի, «հեղափոխությանը դիմադրելով»՝ ընկնենք բյուրոկրատական քաշքշուկների մե՞ջ, որ մի պարզ հարցի պատասխան ստանանք, Աշոտ Սարգսյանն ասաց․ «Մենք չենք ուզում, չէ՞, բամբասանքների մասին նյութ ունենանք։ Մենք ուզում ենք ունենալ իրական պատկեր, որ քաղաքացիներն էլ հստակ իմանան, չէ՞, ինչպես նաեւ ավագանու անդամները։ Դրա համար ես ասում եմ, որ ճիշտ կլինի՝ օֆիցիալ աղբյուրից իմանանք»։ Փաստորեն, ավագանու «Իմ քայլի» ունեցած տեղեկություններն էլ բամբասանքի մակարդակի են։

Հարցին՝ իր մոտ հարց առաջացե՞լ է, թե որտեղից են այդ միջոցները հայթայթվելու, Սարգսյանն ասաց, որ իր մոտ այդ հարցի պատասխանը միգուցեեւ կա, բայց քանի որ ավտոբուսների մասով ծրագիրը ներկայացնողը փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է, իսկ վերելակների մասով Հայկ Սարգսյանն է խոսել, կարծում է, որ ճիշտ է դիմել նրանց։

Ինչ վերաբերում է այն կասկածներին, որ հնարավոր է կոռուպցիոն ռիսկ լինի այստեղ, կամ նորից «ԿամԱԶ»-ների նվիրատվության պատմությունը կրկնվի, ավագանու իմքայլական անդամը նախ հարցրեց՝ մինչ օրս որեւէ կոռուպցիոն ռիսկի վերաբերյալ բարձրաձայնած հայտարարությունը իրավապահների կողմից հաստատվե՞լ է, թե՞ ոչ։ Ապա չհերքեց, որ հնարավոր է դարձյալ նվիրատվության ճանապարհով ձեռք բերվի այդ գույքը։ «Ես կարծում եմ՝ ոչինչ բացառել պետք չի»,- ասաց նա։