ԿԳՄՍ-ն կխստացնի դրամաշնորհների տրամադրման պայմանները՝ դուրս թողնելով «մեկանգամյա» նախագծերը

ԿԳՄՍ-ն կխստացնի դրամաշնորհների տրամադրման պայմանները՝ դուրս թողնելով «մեկանգամյա» նախագծերը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշակի փոփոխություններ կմտցնի դրամաշնորհների տրամադրման պայմանների մեջ։ Դա, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, անհրաժեշտ է։

«Մենք ընտրել ենք ստույգ ճանապարհ՝ այնպիսի պայմաններ դնել դրամաշնորհների դեպքում, որոնք հնարավորություն կտան եւ ճանապարհ կբացեն պրոֆեսիոնալ մոտեցման համար, որովհետեւ այսօր նախկինում գործող դրամաշնորհային համակարգի արդյունքում նախարարություն են դիմում պատահական կազմակերպություններ, կասկածելի հեռանկար ունեցող «մեկանգամյա» նախագծեր, որոնք ակնկալում են պետական աջակցություն։ Շատ խիստ չափանիշներով ենք ընտրելու դրամաշնորհային նախագծերը, պետք է բեռնաթափենք մշակույթի սիրողական եւ սոցիալական գործառույթը։ Պետք է նաեւ խոստովանենք, որ տարիներ շարունակ մշակույթի նախարարությունը ստանձնել է իր ուժերից վեր սոցիալական բեռ, սոցիալական պատասխանատվություն, դրա արդյունքում պարզվում է, որ մենք չենք կարողանում արժեք ներկայացնող ստեղծագործությունները հանրայնացնել եւ դուրս բերել միջազգային շուկա։ Եթե մենք ճշգրտումներ չմտցնենք մեր պայմանների մեջ, չենք կարողանա այդ սակավ ֆինանսական ռեսուրսը ճիշտ բաշխել եւ արդյունավետ կիրառել»,- ասաց Խզմալյանն ու հավելեց, որ դեկտեմբերին կհրապարակեն դրամաշնորհի տրամադրման նոր պայմանները։

Մի բան պարզ է, որ դրամաշնորհների դեպքում առաջնահերթություն են տալու բոլոր այն մշակութային նախագծերին, որտեղ շատ հստակ է կրթական բաղադրիչը։  

Նախարարությունը նախաձեռնել է մեկ այլ կրթական նախագիծ՝ «Դասարան+դասական», որի շրջանակում մրցութային կարգով՝ շարադրությունների հիման վրա, ավագ դպրոցից կընտրվեն սաներ, որոնք 5 օր շարունակ Սունդուկյան թատրոնի «Սեւ տուփ» նորակառույց հարթակում հնարավորություն կունենան ինտենսիվ շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ, որոնց թվում են Հենրիկ Հովհաննիսյանը, Ռուբեն Բաբայանը, Արմեն Էլբակյանը, Նելլի Խերանյանը։ Այս նախաձեռնությամբ ԿԳՄՍ-ն նպատակ ունի պատրաստել ոչ այնքան վաղվա ռեժիսորին կամ դերասանին, որքան պրոֆեսիոնալ հանդիսատեսին։

Խզմալյանն իր խոսքում նկատում է՝ մինչեւ ոլորտի բարեփոխումներն անելը, պետք է ոլորտի խնդիրները ձեւակերպել։ Այդ նպատակով արվեստի բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները, գեղարվեստական ղեկավարները, հաշվապահները, հանրային կապերի պատասխանատուներն օրեր առաջ Աղվերանում 2-օրյա սեմինար են ունեցել, որտեղ դուրս են բերել ոլորտի խնդիրները։

Նախարարությունն իր առաջ խնդիր է դրել նաեւ մարմինը վերադարձնել թատրոն, ըստ Խզմալյանի՝ եթե չկա դերասանի էսթետիկական ներկայություն, արվեստի մասին խոսելն ավելորդ է։ Այդ նպատակով նախաձեռնելու են միջոցառումներ թատրոնների դերասանների համար՝ կատարելագործելու իրենց ֆիզիկական կարողությունները․ «21-րդ դարն ունիվերսալ դերասանի դարաշրջան է, եւ պահանջված է միայն այն դերասանը, որը տիրապետում է տարբեր ժանրերի, տարբեր տեխնիկայի եւ իր մարմնին»։ Այդ նպատակով կստեղծվի պլաստիկ հետազոտությունների թատրոն-լաբորատորիա, որը հետո կդառնա ազատ հարթակ․ «Ես չեմ ասում, որ եթե մենք կատարելագործում ենք մարմինը, գեր մարմին ունեցողներին գնդակահարում ենք, բայց այսօր աննախադեպ հետաքրքրություն կա կատարյալ, ունիվերսալ մարմնի հանդեպ։ Եթե մենք ուզում ենք ընդգրկվել միջազգային թատերական շուկայում, բնութագրական (խարակտերային) դերասանները չունեն այն առավելությունը, ինչքան որ ունիվերսալ դերասանները»։  

Ինչ վերաբերում է համայնքների մշակութային կյանքին, ապա, ըստ փոխնախարարի, հյուրախաղերը լավագույն տարբերակը չեն երկրում միասնական մշակութային դաշտ ձեւավորելու համար։ «Դրա համար մենք նախաձեռնել ենք մի հաղորդում, մի ձեւաչափ, որը հնարավորություն է տալիս Վանաձոր քաղաքի բնակիչներին՝ շփվելու մեր հանրապետության լավագույն արվեստագետների հետ։ Հաղորդումը կկոչվի «Օկտավա», 8 արվեստագետ կմեկնի Վանաձոր, որտեղ հարցուպատասխանի, կենդանի շփման ձեւաչափով կկարողանան շփվել նրանց հետ։ Մենք պետք է մեր արվեստագետներին էկրանային կերպարից դարձնենք հասանելի»,-ասում է Խզմալյանն ու ընդգծում, որ պետք է անել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղված են մարզը ճանաչելի դարձնելուն։

Ոչ պակաս կարեւոր է նաեւ կադրերի խնդիրը։ «Խոսում ենք սերնդափոխության մասին, բայց պարզվում է՝ մենք այնքան էլ հարուստ չենք լավ կադրերով, մենք այսօր ունենք դիրիժորների, գեղարվեստական ղեկավարների ինստիտուտի ճգնաժամ, չունենք փոխարինողներ»,- ասաց Խզմալյանն ու հավելեց, որ կա նաեւ օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն, մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքի, ՊՈԱԿ-ների օրենքի հետ կապված։