458 միլիոն դրամ՝ աղետի գոտու բնակիչների բնակարաններն ավարտելու համար

458 միլիոն դրամ՝ աղետի գոտու բնակիչների բնակարաններն ավարտելու համար

Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Դրանով աղետի գոտու անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նախատեսված 458 միլիոն 118 հազար դրամն ուղղվելու է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչվածներին։

Հարցը զեկուցող Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ասաց, որ խնդիրը մի քիչ բարդ էր, և սկզբում խոսվում էր, որ գումարը տրվի բնակիչներին՝ իրենք ավարտեն շինարարությունը, սակայն ռիսկային է համարվել այս տարբերակը, և խնդրին այլ լուծում են տվել։

Այսպիսով, Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ պայմանագիր են կնքել, որ նույն գումարի սահմաններում այդ կիսակառույցների շինարարական աշխատանքները ավարտին հասցնեն: «Սխեման այսպիսին է՝ գումարը հատկացվում է մարզպետարանին, մարզպետարանը կնքում է պայմանագիր, որն էլ իր հերթին պայմանագիր է կնքում անհատական բնակիչների հետ: Սա փուլային նախագիծ է, և սկզբում գումարի քսան տոկոսն է փոխանցվում, այնուհետև 80 տոկոսը»,-ասաց Էլոյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց՝ արդյոք համոզվա՞ծ են, որ այս մեխանիզմով այդ տների շինարարությունն ավարտին է հասցվելու, ինչին Էլոյանը դրական պատասխան տվեց: Ըստ նախագծի՝ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4.0 մլրդ. ՀՀ դրամ: