Դժգոհ ես` արա ինքդ

Երկարատեւ ընդմիջումից հետո երեկ նորից Հանրապետության հրապարակը լեցուն էր` Բագրատ սրբազանի կոչով մարդիկ հավաքվել էին հրապարակում եւ իրենց բողոքն ու անհամաձայնությունն էին հայտնում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը: Թե ինչքան մարդ էր հավաքվել Հրապարակում, որից մի քանի անգամ ավելի մարդ էլ հետեւում էր համակարգիչների, սմարթֆոնների միջոցով` առցանց հեռարձակմամբ, էական չէ: Խնդիրը ո՛չ հավաքվածների քանակի մեջ է, ո՛չ էլ ամբիոնից ասված խոսքերի կամ պայքարի մարտավարության ու պայքարողների ներկայացրած ծրագրի:
Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե` այ, մի քիչ այսպես անեին կամ այնպես անեին, այս կոչով հանդես գային, այս ծրագիրն առաջ քաշեին, այ, եթե մի քիչ ավելի շատ մարդ հավաքվեր... Փաշինյանը հրաժարական կտար ու կհեռանար, հաստատ սխալվում են: Ո՛չ մարդկանց քանակը, ո՛չ ծրագրի կամ կոչերի բովանդակությունը, ո՛չ պայքարի մարտավարությունը նման ելքի չի հանգեցնելու: Ու նաեւ դա է պատճառը, որ կա տեսակետ, թե ոչինչ անել պետք չէ, որ պետք է թողնել Հրապարակն ու փողոցները դատարկ, որ իշխանության դեմ զայրույթն ու դժգոհությունն այնքան կուտակվեն, որ ներսից քանդվի իշխանությունը: Բայց կա նաեւ պահանջ` ուղղված պայքարողներին եւ հատկապես` պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանին, որի գործողություններում սխալներ գտնելը հիմա շատ մոդայիկ է: Որ նա բավարար չափով վճռական չէ, որ սխալ մարդկանցով է իրեն շրջապատել, որ պետք է մայիսի 9-ին վճռական գործողություններ իրականացներ, որ չպետք է կիրառեր 2018-ի պայքարի ձեւերը... որ... որ...որ: Ես պայքարի տեսաբան չեմ եւ չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց հատկապես չեմ սիրում հավերժ դժգոհներին, ընդդիմությունից մեծ պահանջներ ունեցողներին, խորհուրդ տվողներին: Չեք հավանում` արեք ինքներդ:
Կարծիքներ