«Ճամփեն տանք, պրծնենք»-ը նույնքան չաշխատող է, որքան նախորդ «տանք-պրծնենք»-ը

Պատմաբան, քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջերս նորից ակտիվացել է նոյեմբերի 9 -ի հայտարարության թեման: Հատկապես Էդմոն Մարուքյանը իր տեսանյութերում պնդում է, որ պետք է վերադառնալ այդ հայտարարութանը և կատարել դրա 9-րդ կետը: Հիմնավորումն այն է, որ դա միակ տարբերակն է խուսափելու պատերազմից: Սա արմատապես սխալ մոտեցում է:
Բայց հարցն այստեղ Մարուքյանը չէ:
Ի դեմս Մարուքյանի այստեղ խոսում է հայկական էլիտաների կոլեկտիվ «իմաստությունը», որի միակ առաջարկը հայ ժողովորդին «հանձնվելու փիլիսոփայությունն է»: Այդ փիլիսոփայության կրողն է նաև այսօրվա կառավարությունը: Մարուքյանը պարզապես ավելի հետևողական է տվյալ դեպքում և ավելի բաց ասում է այն, ինչ անխուսափելիորեն բխում է «հանձնման փիլիսոփայությունից»:
Հանձնման փիլիսոփայությունն ի սկզբանե կառուցվում էր «Ղարաբաղյան հարցի կարգավորում» հղացքի շուրջ: Ավելի պարզ ժողովորդական լեզվով դա հայտնի էր` տանք-պրծնենք բանաձևով: Իրանց խելոքների տեղ դրածները ձևակերպում էին` «մասն ամբողջի դիմաց» սոփեստությամբ:
Ենթադրվում էր, որ տանք-ից կամ միստիկ «կարգաորումից» հետո տիրելու էր «խաղաղություն ամենեցուն և ընդ հոգվում քում» իրավիճակը, և հաստատվելու էր հավերժական գարուն: Գայլերն այլևս չէին ուտելու գառներին:
Հիմա, այսքան տարի անց, նույնիսկ կենգուրուներին է պարզ, որ տանք-պրծանքից հետո էլ ի զարմանս մեր չարչիաքաղաքական «մտքի»` բաղձալի խաղաղություն, ճամփեքի բացում, ապաշրջափակում, բոլորը բոլորի հետ առևտուր են անում վիճակը չկա ու մոտ էլ չէ:
Հետևաբար «հանձնման փիլիսոփայությունը» պետք է անի հաջորդ տրամաբանական քայլը:
Եկեք «ճամփեն տանք, պրծնենք», եթե Արցախ տալը չի աշխատում:
Իհարկե, ես մեծ զիջում եմ անում այստեղ` ասելով ճամփա: Իրականում պետք է ասեի` Սյունիքը տանք պրծնենք: Բայց թող փեշքեշ լինի, միջանցք էլ չէ` ճամփա եմ գրում: Որովհետև էական չէ տվյալ դեպքում: Էականը` մտածողությունն է:
Եվ, իհարկե, տրամաբանական ու հետևողական է սա:
Որովհետև, եթե չենք կարող պայքարել և կռվել, ուրեմն, Արցախի հարցի կարգավորում հղացքին պետք է հետևի` Սյունիքի «հարցի» «կարգավորում» հղացքը:
Հանձնման փիլիսոփայությունն այլ տարբերակ չունի, քան ուշ թե շուտ բացեիբաց գալ հանգել այս մտքին:
Բայց ամբողջ խնդիրը նա է, որ սա էլ է պատրանք:
Նույն կենգուրուներին այսօր ակնհայտ պետք է լինի, որ պահանջների ցանկը, որը ներկայացվում է Հայաստանին ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում է «ճամփով», միջանցքով, Սյունիքով:
Պահանջները շատ հստակ են, իսկ ցանկը լայնացող` հրաժարվել պաշտպանության ոլորտում ինքնուրույն քաղաքականությունից` «միլիտարիզացիայից», հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից, սկսել Հայաստան թուրքերի վերադարձի հարցը և այլն` բոլորը չթվարկեմ:
Այսքան էլ բավական է, որ պարզ դառնա այն ինչ ասում ենք առնվազն չորս տարի` հարցը Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն է:
Չի եղել Ղարաբաղի հարց ու պատերազմ, եղել է և կա` Հայաստանի և անկախության պատերազմ: Եղել է ու կա':
Այս պահանջները լուրջ են:
Դրանք հռետորաբանություն չեն:
Դրանք ստրատեգիկ են, այլ ոչ թե իրավիճակային:
Դրանք բաց ու թափանցիկ են` ոչ մի «նենգ թշնամին» հարձակվեց:
Դրանք դուրս չեն գալու օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրանց օրակարգից հանելոը չի հիմնավորոելու ուժով:
Հետևաբար, «ճամփեն տանք, պրծնենք»-ը նույնքան չաշխատող է, որքան նախորդ «տանք-պրծնենք»-ը:
Ճամփա տալով ոչինչ չի պրծնելու:
Եվ, ուրեմն, քանի որ հանձնման փիլիսոփայությունն ի սկզբանե կառուցված է` թույլ ենք, ոչինչ չենք կարող, ռեսուրս չունենք թեզի վրա, ապա այն ի վերջո պետք է գա հանգի իր համար միակ հնարավոր եզրահանգման` հրաժարում անկախությունից, հրաժարում ինքնությունից: Դա մասամաբ հիմա էլ արվում է, թեև ոչ բաց կերպով, բայց ի վերջո սա լինելու է միակ հնարավոր տրամաբանական ավարտը «հանձնվելու» փիլիսոփայության:
Միակ իրական աըլընտրանքն այս մտածողությանն ու այս հեռանկարին` պայքարի, կռիվն ընդունելու տարբերակն է:
Սա ոչ թե ցանկություն է, գաղափարախոսություն, այլ երկաթյա տրամաբանություն: Չոր իրապաշտություն:
Բայց մեր «իմաստունները» բնականաբար չեն կարող ձևակերպել նման այլընտրանք: Նրանք բոլորը կշարունակեն ներկայացնել բոլոր հնարավոր ֆանտաստիկ ու սոփեստական հղացքները, բացի մեկ պարզ ճշմարտությունից` հայ ժողովորդի միակ ելքն իր պայքարն է անկախության համար, և ուժային գործոնի նորից վերածվելը:
Հ.Գ. Ես մի կողմ եմ թողնում շատ հարցեր, այդ թվում, այն պնդումը, որ նոյեմբերի իննի թղթի քննարկումը իբր ձեռնտու չէ Ադրբեջանին, որովհետև Հայաստանը այդ թղթի հիմամբ կարող է նորից բարձրացնել Արցախի, Լաչինի միջանցքի հարցերը և այլն: Իմաստ չունի նույնիսկ քննարկել այդ ակնհայտ քարոզչակա թեզը: Հայաստանը ոչինչ չի կարող բանակցել առանց ուժային հիմքի, և ոչ ոք չի պատրաստվում Հայաստանի հետ այդ հարցերը «բանակցել», այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հիմնավորել իր բանակցելու իրավունքը որևէ հարցի շուրջ ուժով: Սա աքսիոմ է»։
Կարծիքներ