Ո՞ր դեպքում ՔՈ-ն կասի «այո»

Ո՞ր դեպքում ՔՈ-ն կասի «այո»

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը մոտ մեկ շաբաթ առաջ հարցաշար էր ուղարկել «Քաղպայմանագիր» կուսակցության վարչությանը։ Պատասխաններից կախված կլիներ սահմանադրական հանրաքվեի հարցում ՔՈ դիրքորոշումը։ Մենք զրուցել ենք ՔՈ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի հետ։

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հարցերի պատասխաններով պայմանավորված էր ոչ թե այն՝ «այո» կասեն, թե «ոչ», որովհետեւ «ոչ» միանշանակ չեն լինելու, այլ, առհասարակ, կմասնակցեն եւ «այո» կքվեարկե՞ն, թե՞ չեն մասնակցի։ Կուսակցությունում ակնկալում են, որ երեքշաբթի հստակություն կմտնի, եւ ըստ այդմ էլ պարզ կլինի, թե որն է լինելու ՔՈ որոշումը հանրաքվեի հարցում։

- Ի՞նչ հարցեր են եւ քանի՞սն են։

- Հարցերը յոթն են։ Դրանցից մեկը վերաբերում է գործող Սահմանադրության լեգիտիմության վերաբերյալ ՔՊ դիրքորոշմանը։ Այսինքն՝ իրենք համարո՞ւմ են, որ դա լեգիտիմ Սահմանադրություն է, թե՞ ոչ, որովհետեւ դրանից կախված է շատ բան։ Անկեղծ ասած, բոլոր հարցերը չեմ հիշում, նպատակը՝ հասկանալ, թե ինչ քայլեր են լինելու, եւ Սահմանադրական դատարանի ինչպիսի կազմ է լինելու, որովհետեւ, ըստ էության, Սահմանադրությունը եւ ՍԴ-ի մասին օրենքը մնալու են նույնը, եւ զուտ անձերն են փոխվելու։ Հետեւաբար, անձերից է կախված լինելու, թե ինչ որակի ու ինչ չափի անկախության Սահմանադրական դատարան կունենանք մենք այս հանրաքվեի դրական արդյունքի դեպքում։ Այսինքն՝ մյուս ՍԴ-ն, որը կփոխարինի գործողին, ի՞նչ որակի կլինի։

- «Ինչպիսին կլինեն»-ը նշանակում է, որ ձեզ հետաքրքրում է, թե նրանք իշխանության դատավորնե՞րն են լինելու, ինչի մասին «ոչ»-ականներն ակնարկում են։

- Այո, ոչ միայն դա, մենք ուղղել ենք նաեւ հարց, թե արդյոք հնարավո՞ր է, որ ներկա գործող դատավորների թվից, ովքեր էս Սահմանադրության արդյունքում զրկվելու են դատավոր լինելու հնարավորությունից ու հնարավոր է՝ նորից դիմեն, կարո՞ղ են լինել ՍԴ-ում։ Սա, կարծում եմ, կարեւոր հարց է։

- Ու Ձեզ ո՞ր պատասխանը կգոհացնի։

- Բնականաբար, «ոչ», որ չեն լինելու, որովհետեւ եթե էդ մարդիկ հանրային վստահություն չունեն, եւ էդ մարդկանց քայլերի արդյունքում հանրության մեջ Սահմանադրական դատարանի նկատմամբ կա առավելապես անվստահություն, նորից էդ մարդկանց էնտեղ գտնվելը չի նպաստում վստահության վերականգնմանը։ Հարցերից մյուսը վերաբերում է կուսակցական լինելուն։ Ենթադրենք՝ էսօր «Քաղաքացիական պայմանագրից» մարդիկ դիմում գրեցին, հեռացան, ու 45 օր հետո նրանք կարող են Սահմանադրական դատարանի թեկնածու լինել, եւ, ըստ էության, ինչպես ընդունված է ասել՝ թղթերով ամեն ինչ կարգին կլինի։

- Ու ոչ միայն․ կարող է ոչ մի կուսակցության անդամ չլինի, բայց իշխանության թեկնածուն լինի։

- Իշխանության թեկնածուն կարող է լինեն, քանի որ կառավարող ուժը 3 թեկնածու առաջադրելու իրավունք է ունենալու։ Կարեւորը՝ իշխանության մարդը չլինեն։ Այնպես որ, «իշխանության մարդ» ասելով պետք է հասկանալ՝ իշխանության թեկնածո՞ւ, թե՞ իշխանության մարդ։ Մենք չենք ուզում, որ լինի իշխանության մարդ։

- Բայց վստահ եմ՝ այդ պատասխանը ոչինչ չի տալու, քանի որ իշխանության թեկնածուն կարող է լինել իշխանության մարդը։

- Քանի որ բոլոր հնարավոր տարբերակները դժվար է կանխատեսել, մենք առաջարկել ենք հնարավորության դեպքում հրապարակել այն հավանական թեկնածուների անունները, ովքեր, ըստ կառավարող ուժի, կարող են առաջադրվել իրենց կողմից ՍԴ դատավորի կարգավիճակում։

- Եթե նրանց թվում լինի, օրինակ, Գագիկ Ջհանգիրյանը, Ձեր համար ընդունելի՞ է, թե՞ ոչ։

- Կարծում եմ, որ ոչ։

- Ձեր գրառումները՝ հենց Ձեր, Սուրենի, վերջին շրջանում իշխանության քննադատություն են։ Երեկ, օրինակ, գրել էիք, որ այս իշխանությունը ներողություն խնդրելու հատկություն չունի, Սուրենը հեգնանքով նշում է, որ ըստ իշխանության՝ միակ լեգիտիմ անձը Նիկոլ Փաշինյանն է։ Հիասթափվե՞լ եք։

- Չէի ասի, որ հիասթափություն է։ Իհարկե, ակնկալիքներն ավելի մեծ էին, քան իրականում եղան այն փոփոխությունները, որ պիտի լինեին, մեր կարծիքով։ Բայց այստեղ արդեն հիասթափության հարց չէ․ կառավարող ուժն «Իմ քայլը» դաշինքն է, եւ այստեղ քննադատությունը ոչ թե հիասթափության հետեւանք է, այլ զուտ անհամաձայնության այն քայլերի նկատմամբ, որոնք նրանք կատարում են ինչ-ինչ գործառույթների շրջանակում։ Լոգոյի հետ կապված էս պատմությունն ուղղակի խայտառակություն էր։ Ըստ էության, խաբեցին մի ամբողջ կառավարող, ժողովրդի 70 տոկոս քվե ստացած ուժին, չհաշված մյուսներին։ Բոլորին։ Ու փոխանակ հետեւություն անեն ու խոստովանեն, որ, այո, մեր բացթողումն է, կամ ինչ-ինչ ընթացակարգեր ճիշտ չեն արվել, ասում են՝ սա շատ սիմվոլիկ է, չգիտեմ ինչ․․․ էն, որ մեզ խաբել են, փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում։ Իրերը պետք է անվանել իրենց անուններով, եւ ես կարծում եմ, որ մեզ խաբել են։

- Ձեզ դո՞ւր է գալիս, որ վարչապետը «շնաբարո դուրսպրծուկներ» է անվանում մրցակիցներին, նախկիններին։

- Ոչ միայն սա, շատ բան դուր չի գալիս, այդ թվում նաեւ այն, որ հանրաքվեի հենց սկզբից բոլորը բաժանվեցին «սեւերի» ու «սպիտակների», ու դրանով փորձ արվեց ճնշել այլակարծությունը։ Այսինքն՝ եթե ես «ոչ»-ի կողմնակից չեմ եւ «այո»-ի հետ կապված իմ համար պարզաբանման հարցեր ունեմ, ստացվում է, որ ես դրա իրավունքը չունեմ, քանի որ հակառակ դեպքում կհամարվեմ ազգի դավաճան։ Իսկ այն օլիգարխները, որոնք երկիրը տեւական ժամանակ թալանել են, եթե նրանք «այո» են քվեարկում կամ աջակցում «այո»-ի շտաբին, համարվում են ազգին նվիրյալներ։

- Մանավանդ, որ «Դվին» հյուրանոց «ճամպրուկով փող են տանում»։

- Դե, դա չգիտեմ, բայց շատ բաներ կան, որ ընդունելի չեն, այդ թվում՝ այդ  «դուրսպրծուկների» հետ կապված արտահայտությունները։

- Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպե՞լ եք, ինչպե՞ս է վերաբերվում ձեր քննադատությանը։

- Առիթ չի եղել, չենք հանդիպել։