Իրական ինքնիշխանությունը` բացարձակ կախվածություն Թուրքիայից եւ Ադրբեջանից

Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ մարդիկ հաճախ համեմատում են Ուկրաինան եւ Հայաստանը, Ուկրաինայում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մեջ նմանություններ եւ ընդհանրություններ գտնում: Այս երկու երկրներն էլ գտնվում են նույն արտաքին կառավարիչների ազդեցության տակ, երկու երկրներն էլ կառավարվում են նույն ուժերի կողմից, նույն մեթոդներով, հետեւաբար՝ արդյունքներն էլ նույնն են: Կարդացեք Զելենսկու եւ Փաշինյանի ելույթները եւ կհամոզվեք, որ դրանք գրվել են նույն տեղում, նույն հեղինակների կողմից, գրվել են ոչ թե իրականացվելու, այլ սեփական հասարակություններին մոլորության մեջ գցելու, ապագայի նկատմամբ հույս ներշնչելու, իշխանությունը զավթելու համար, ինչին, սակայն, հետեւել է հուսահատությունը: Միայն այն, որ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, իսկ Զելենսկին՝ որ Ուկրաինայում բոլորն են նախագահ, ամեն ինչ արժե: Փաշինյանի գլխարկի վրա գրված էր «դուխով», բայց նրա իշխանությունը ողորմելիության եւ ոչնչության իրական խորհրդանիշ է, Զելենսկին սեփական ժողովրդին խոստանում էր խաղաղություն եւ անվտանգություն, ասում էր` թույլ չեմ տա, որ որեւէ ուկրաինացի լաց լինի, Ուկրաինայում հիմա համատարած ողբ է:
Այս նմանությունները չեն վերաբերում միայն անցյալին, տրված եւ չկատարված խոստումներին, դրանք վերաբերում են նաեւ ապագային: Քանի որ Ուկրաինայում հակասահմանադրական հեղաշրջումը տեղի է ունեցել Հայաստանից չորս տարի առաջ, այնտեղ ընթացող պրոցեսներն էլ մեզնից առաջ են, դրա համար Ուկրաինայի օրինակով ավելի հեշտ է տեսնել եւ պատկերացնել, թե ինչ է Հայաստանին սպասվում ապագայում: Ուկրաինական քաղաքներում ամեն օր ցույցեր են կազմակերպվում` ընդդեմ էլեկտրաէներգիայի անջատումների, երկիրը գտնվում է էներգետիկ ճգնաժամի մեջ, էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացված են, եւ երկիրը դժվար թե այլեւս հաղթահարի էներգետիկ կախվածությունն Արեւմուտքից, իսկ այս նույն ժամանակ երկրի իշխանությունները զբաղված են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին փակելուն, այն արգելելուն ուղղված օրինագծի քննարկմամբ․ Գերագույն Ռադայում քննարկում են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին արգելելու օրինագիծը: Ուկրաինայում արդեն մի քանի տարի է՝ ոչնչացնում են երկրի ազգային հոգեւոր ինքնության կարեւոր բաղադրիչը հանդիսացող եկեղեցին եւ հիմա կարծես թե հասնում են վերջին: Հայաստանը եւս էներգետիկ ճգնաժամի մեջ է, իսկ երկրի իշխանությունները զբաղված են Հայ առաքելական եկեղեցու ոչնչացմանն ուղղված քայլեր մշակելով: Այսօր խոսենք էներգետիկ ճգնաժամի մասին, հաջորդիվ կանդրադառնանք նաեւ Հայ առաքելական եկեղեցին պառակտելու եւ ի վերջո ոչնչացնելու ուղղությամբ իշխանությունների իրականացրած միջոցառումներին:
Ամեն օր սոցցանցերում կարելի է գրառումներ կարդալ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների մասին. մի տեղ մի քանի ժամ հոսանք չկա, մեկ այլ տեղ հոսանքն անջատում են օրը մի քանի անգամ: Քանի որ հոսանքով է աշխատում ինտերնետը, մարդիկ զրկվում են ինտերնետ հասանելիությունից, շատ բնակավայրերում ջուրն ինքնահոս չէ` էլեկտրաէներգիայի անջատման դեպքում անջատվում են ջրի պոմպերը, մարդիկ ջուր էլ չեն ունենում: Իսկ ինչո՞ւ էլեկտրաէներգիա չկա՝ ընդվզում են մարդիկ․ ավելի արմատական եւ նիկոլապաշտ հատվածն ունի նաեւ դրա բացատրությունը`մեղավորը ռուսներն են, Հայաստանի բաշխիչ ցանցերը պատկանում են ռուսաստանցի Սամվել Կարապետյանի ընկերությանը, նշանակում է` ռուսներն են անջատում մեր էլեկտրաէներգիան: Այդպես շատ հեշտ է իշխանությունների վրայից գցել պատասխանատվությունը, նրանք, ինչպես միշտ, որեւէ բանի համար մեղավոր եւ պատասխանատու չեն, մեղավորն ուրիշներն են, եւ իշխանության գաղտնի ու բացահայտ քարոզիչներն այստեղ եւս մեղավորին գտնում են իշխանությունից դուրս: Բայց բաշխիչ ցանցերն ընդամենը զբաղված են եղած էներգետիկ ռեսուրսը բաշխելով, եթե ռեսուրսը բավարար չէ, հնարավոր չէ այն այնպես բաշխել, որ բոլորին հասնի: Ուկրաինայում էլ են ասում, որ էներգետիկ ճգնաժամի պատճառը Ռուսաստանն է, որը ոչնչացրեց երկրի գրեթե բոլոր ջերմակայաններն ու հիդրոէլեկտրակայանները: Ուկրաինան, որ պատերազմից առաջ էլեկտրաէներգիա էր արտահանում ԵՄ երկրներ եւ հսկայական շահ ստանում, հիմա դարձել է էլեկտրաէներգիա ներմուծող, բայց ներմուծած էլեկտրաէներգիան էլ չի բավարարում: Ուկրաինայում էլ են ամեն ինչում մեղադրում Ռուսաստանին, բայց մեղադրելով՝ էլեկտրաէներգիայի պակասորդը չես լրացնի, մարդկանց ու տնտեսությանը հոսանքով չես ապահովի: Հայաստանն էլ մի ժամանակ էլեկտրաէներգիա արտահանող երկիր էր, հիմա ստիպված ներմուծում է, բայց էլի պակասորդ կա: Էլեկտրաէներգիայի պահանջարկը մեծացել է, իսկ գեներացիան չի ավելացել, հակառակը՝ նվազել է:
Մարդկանց մի մասին թվում է՝ էլեկտրաէներգիան ի՞նչ է, որ չլինի, կարեւորը` ինքը փող ունի, վճարում է, ուրեմն էլեկտրաէներգիան էլ պետք է իրեն անխափան մատակարարեն: Բայց ասեք, թե վերջին տարիներին ի՞նչ հզոր էլեկտրակայան է շահագործման հանձնվել, ի՞նչ նոր կայաններ են միացվել ցանցի։ Ոչ մի: Միայն չասեք՝ արեւային կայանները, դրանց տեսակարար կշիռն այնքան չնչին է, որ չեն կարող փոխարինել ջերմակայաններին կամ ատոմակայանին։ Բացի այդ, էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում դրանք ընդհանրապես դառնում են անպետք կառույցներ:
Թե ինչ ապագա կարող է ունենալ Հայաստանը` էներգետիկայի առումով, շատ լավ տեսանելի է Լիբանանի օրինակով: Այդ երկիրը չունի միասնական էներգետիկ համակարգ, այն գործում է մասնակիորեն: Յուրաքանչյուրն իր գլխի ճարն ինքն է տեսնում. ամեն փողոցում կամ բակում սեփական դիզելային գեներատորն է տեղադրված, որն աշխատում է օրվա ոչ բոլոր ժամերին, էլեկտրաէներգիան էլ հերիքում է բացառապես հեռուստացույցի, ինտերնետի եւ լուսավորության համար: Սառնարան, լվացքի մեքենա կամ այլ կենցաղային սարքեր միացնելն անհնար է, հզորությունը թույլ չի տալիս: Ավելի հարուստներն ունեն սեփական գեներատորները, այսպես կոչված, պետական էներգամատակարարումն օրվա մեջ մի քանի ժամ կարող է լինել կամ չլինել: Լիբանանում Ռուսաստանը ներկայություն չունի, որ Ռուսաստանին մեղադրեն էներգետիկ ճգնաժամի մեջ:
Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին հենց այդպիսի ապագա են նախատեսում, իսկ Հայաստանի ՔՊ-ական նախարարները եւ պատգամավորներն ակտիվորեն առաջ են տանում թուրքական օրակարգը: Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում են, որ Հայաստանը փակի իր ունեցած միակ ատոմային բլոկը, իբրեւ թե բնապահպանական եւ անվտանգային նկատառումներով մտահոգված, բայց նույն Թուրքիայում հիմա կառուցվում է մեր ունեցածից 12 անգամ ավելի հզոր ատոմակայան: Դրան զուգահեռ, Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջարկում են, որ Հայաստանը` հանուն իր ինքնիշխանության, հրաժարվի ռուսական գազից եւ գազ գնի Ադրբեջանից: Մի պահ պատկերացրեք, թե որքան ինքնիշխան կլինի Հայաստանը, երբ չլինի ատոմակայանը, իսկ գազը ստանանք Ադրբեջանից, Հայաստանի էներգետիկան կախված կլինի բացառապես այդ երկրից, ուզենան՝ մեզ օրվա մեջ 2 ժամ էլեկտրաէներգիա կտան, ուզենան` ընդհանրապես կանջատեն: Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ իշխանության երազած իրական ինքնիշխանությունը հենց այսպիսի տեսք ունի՝ բացարձակ կախվածություն Ադրբեջանից եւ Թուրքիայից: Կարեւորը՝ Ռուսաստանից մեր կախվածությունը վերանա, ոչինչ, որ Հայաստանն էլ հետը չի վերանա:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ