Տարածաշրջանը դարձել է բազմավեկտոր՝ մի քանի անհայտներով հավասարում 

Տարածաշրջանը դարձել է բազմավեկտոր՝ մի քանի անհայտներով հավասարում 

«Հրապարակի» հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

-Պարոն Դանիելյան, Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ, հակառակ սպասվածի, խիստ ժլատ տեղեկատվություն հաղորդվեց, և այս ֆոնին հետաքրքիր են ռուսական կողմի պնդումները, թե ՌԴ միջնորդությամբ հայ-ադրբեջանական համաձայնագիր չի լինելու, այլ բան է, որ գուցե լինի երկկողմ՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան ինչ-որ շրջանակային՝ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր։ Շրջանցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը։ Նախ՝ Ձեր տպավորությունները հոկտեմբերի 12-ի հանդիպումից։

-Եթե հետևում ենք վերջին շրջանում տեղի ունեցող հանդիպումներին և նաև իրար կողքի դիտարկում ենք այդ հանդիպումներին մասնակցող երկրների կազմը, արդեն Հնդկաստանն է ակտիվություն ցույց տալիս, Իրանը, որ ռազմական սպառնալիքների միջոցով որոշակի ճնշումներ է գործադրում Ադրբեջանի հանդեպ, տեսնում ենք, որ պատկերը բավական խճճված է, և այստեղ շատ լուրջ, իրար հակադիր շահեր են միահյուսված։ Եվ նաև այս «3+3»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները, որ Վրաստանը սկզբում համաձայնեց, հետո դրան հետևեց վրաց արտգործնախարարի հաղորդագրությունը, որ Վրաստանն իրեն դեռևս չի տեսնում, մենք տեսնում ենք, որ բարդ է։ Եվ շատ բազմակողմանի բազմապլան խաղ է գնում։ Նաև ԱՄՆ, նաև՝ Եվրոպա, որը գնալով ավելի է ակտիվանում։ Ինչ վերաբերում է Պուտին-Հայաստանի վարչապետ հանդիպմանը, փակ հանդիպում և ճաշ, սա նշանակում է, որ լուրջ խոսակցություններ են եղել, և դրանք հրապարակման ենթակա չեն։ Նաև, որ ժամացույցներն են «սվերիծ» անում, դա նշանակում է, որ Հայաստանն ու ՌԴ-ն միասնական քաղաքականություն պետք է վարեն այս բազմավեկտոր խաղում։ Ես չեմ կարծում, որ սա շատ արագ է լուծվելու, և ինչ-որ փաստաթուղթ է լինելու՝ հաշվի առնելով, որ խաղացող երկրների քանակը գնալով շատանում է։ Եվ, մյուս կողմից, Թուրքիայի դիրքերն են թուլանում։  Թուրքիան այս ընթացքում նաև այլ պրոցեսների մեջ է ներքաշվում և նաև Միացյալ Նահանգները, որ զորք են մտցնում Սիրիայի տարածք՝ քրդերի հետ կապված։ Այսինքն՝ այստեղ նաև Թուրքիա-Ամերիկա հարաբերություններն են լարվում։ Այս պայմաններում մոտ ժամանակներս որևէ հանգուցալուծում սպասելը շատ դժվար է։

-Իսկ Թուրքիան և Ադրբեջանը չե՞ն փորձում արագացնել, դրա համար նաև ճնշումներ գործադրել ՌԴ-ի վրա։ Ինչո՞ւ, որովհետև Ալիևը շտապում է տեսնել թղթի վրա իր հաղթանակի պտուղները, իսկ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մահանում է։ 

-Նախ, երբ նայում ենք թուրքական մամուլում փորձագետների հայտարարությունները կամ Պուտին-Էրդողան հանդիպումը, բոլորը միանշանակ պնդում են, որ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա։ Եվ դա պայմանավորված է Սիրիայի դեպքերով, տեսնում ենք, որ ԱՄՆ-ն է արդեն գործողություններ կատարում` ի պաշտպանություն քրդերի, և խոսել այն մասին, որ Թուրքիայի դիրքերը հիմա այնքան ուժեղ են ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար, ճիշտ չէ։ Հակառակը, կարծում եմ, որ Թուրքիայի դիրքերը որոշակի առումով թուլացել են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա իրանա-ադրբեջանական սահմանին Իրանի գործողությունները շատ լուրջ զգուշացում էին Ադրբեջանին։ Եվ կարծում եմ՝ այնտեղ էլ են արդեն սկսել իրերին ավելի սթափ մոտենալ։ Ավելի սթափ գնահատել իրենց կարողությունները։

-Կա կարծիք, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի շտապում՝ վախենալով, որ ամեն ինչ անելուց ու ստորագրելուց հետո իրեն կարող են հեռացնել։

-Չեմ կարծում, թե այդ կարծիքը հիմքեր ունի, քանի որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում չկա որևէ ուժ, որը հանրային լայն աջակցություն ունենա․ իշխանությունից սկսած, ընդդիմությունով վերջացած։ Իսկ նման ծանր և խառը իրավիճակներում դրսին պետք է ինչ-որ մեկը, ում հետ կարողանան իրենք աշխատել։ Իսկ քանի որ Հայաստանում որևէ հանրային աջակցություն ունեցող ուժ չկա, ես չեմ կարծում, որ դրսից Հայաստանում իշխանություն փոխելու խնդիր դրված լինի։ Եվ երկրորդ․ չեմ կարծում, որ Հայաստանը այսօր սուբյեկտ է, որի կարծիքն էական է։ Հայաստանի քայլերը թելադրված են տարբեր ուժերի կողմից։ Նայած այդ պահին ով ավելի ուժեղ լծակներ կունենա մեզ վրա։