Մտադիր են արգելել նույնիսկ փոխած ղեկով մեքենաների շահագործումը

Մտադիր են արգելել նույնիսկ փոխած ղեկով մեքենաների շահագործումը

Կառավարության երեկվա  նիստում ընդունվեց մի որոշում, որով հնարավորություն կընձեռվի աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել ղեկային համակարգի փոխարինում աջից ձախի։ Այնուհետեւ, մաքսազերծելուց հետո, դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում: Ըստ վարչապետի՝ սրա նպատակն է, որ ղեկի տեղափոխումն իրականացվի Հայաստանում, ոչ թե հարեւան Վրաստանում, այսինքն՝ հարստանան մեր վարպետները, ոչ թե Վրաստանի։

Թեմայի շուրջ բուռն քննարկում ծավալվեց, քանի որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ընդհանրապես արգելել աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը եւ շահագործումը Հայաստանում, նույնիսկ ղեկը փոխելու դեպքում։ Պատճառն անվտանգությունն է, քանի որ փոխված ղեկով մեքենաները շատ հաճախ տեխնիկական խնդիրներ են ունենում և վթարների պատճառ դառնում։

«Պետք է քննարկենք՝ արդյոք անվտանգության տեսանկյունից ընդունելի՞ է, որ մենք թույլ տանք, որ շարունակաբար աջ ղեկով մեքենաները բերեն Հայաստան, փոխեն եւ շահագործեն»,-հռետորական հարց հնչեցրեց Ավինյանը։
Մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ ինքը լրիվ համաձայն է Ավինյանի հետ, քանզի դրանով իրենք գեներացնում են պոտենցիալ վթարի օբյեկտ հանդիսացող շարժակազմի ծավալները Հայաստանում, դրա համար պետք է սերտիֆիկացիա անցկացնեն՝ արդյոք այդ փոփոխությամբ մեքենաների շահագործումը նորմա՞լ է, թե՞ ոչ։ Ուստի առաջարկեց մտածել, թե ինչ տեխնիկական կանոնակարգ պետք է սահմանեն դրա համար։

«Ես վստահ եմ, որ եթե ոստիկանությանը խնդրենք ստատիստիկ տվյալներ տա, կպարզվի, որ վթարների մի ստվար քանակի դեպքում ղեկի տեղափոխությունն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձեւով, ինքը հանգեցրել է վթարի»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Այստեղ հարց բարձրացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, թե ով է վերահսկելու՝ ներկրվող մեքենայի ղեկը Վրաստանում կամ Ճապոնիայում փոխվե՞լ է, թե՞ ոչ, կամ ի՞նչ նորմով են մարդկանց արգելելու փոխված ղեկով ներկրել։ Անանյանն առաջարկեց ժամանակավոր արգելել, քանի դեռ խելամիտ որոշում չեն կայացրել։

«Էստեղ մի շատ կարեւոր խնդիր կա, եւ նախորդ մեր քննարկումներից ես երեւի սխալ եմ հասկացել, որ իմ տպավորությամբ՝ ծնունդով, այսինքն՝ գործարանային աջակողմյան մեքենա չենք կարողանալու ներկրել, բայց հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ աջակողմյան ղեկով ավտոմեքենաները ներկրվում եւ շահագործվում են․․․ ես կարծում եմ, պարոն Անանյան, մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ մեզ մոտ աջակողմյան մեքենաները չլինեն շահագործման մեջ։ Այսինքն՝ ես առաջարկում եմ, որ փոխված ղեկով մեքենաներն ինչ-որ մի կետից շահագործման չհանձնվեն Հայաստանում»,- առաջարկեց Ավինյանը։

Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ սա տեխզննման ֆունկցիայի կեղծ լինելու արդյունք է․ «Որովհետեւ, եթե մեքենայի ղեկն ինչ-որ մի վրացի փոխել է տեղերով, չի կարող շահագործվել»։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ առաջարկեց քննարկել մաքսազերծման արժեքի բարձրացման հարցը։

«Լավ, եկեք պայմանավորվենք էսպես․ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս, եւ ընդհանրապես փակում ենք էս կարգի ավտոմեքենաների ճանապարհը։ Թող նոր չբերեն, էլ չենք երկարացնելու։ Հենց հիմիկվանից խումբ ձեւավորեք, ասեք ամսաթիվը, թե երբվանից ենք փակում դա»,- հանձնարարեց վարչապետը։

Նկատենք, որ եթե որոշեն արգելել արդեն ներկրված եւ այստեղ հաշվառված աջ ղեկով կամ փոխված ղեկով մեքենաների շահագործումն առհասարակ, ապա դա հերթական սոցիալական բունտը կարող է առաջացնել տվյալ մեքենաների սեփականատերերի կողմից։ Դա պետք էր ժամանակին անել, որ թույլ չտային նման եղանակով՝ ղեկը փոխելով՝ աջ ղեկով մեքենաները ներկրել Հայաստան, կամ չերկարաձգել, առհասարակ, աջ ղեկով մեքենաների ներկրման ժամկետը։ Եվ Անանյանն այս իմաստով տեղին է նկատում, որ իրենք չեն կարող խախտել մարդու իրավունքը՝ ներկրել մեքենան փոխված ձախ ղեկով, թեպետ եթե որոշումը կայացնեն, դրա հիմնավորումն էլ կգտնեն։ Բայց այստեղ մեկ այլ ոչ պակաս կարեւոր խնդիր կա՝ վթարված մեքենաների ներկրումը, որ հատկապես այս տարի ուղղակի աննախադեպ մեծ ծավալների հասավ։ Հայաստանում այսօր արդեն հազարավոր «թքած-կպցրած» մեքենաներ են շահագործվում, որոնք վթարված, երբեմն ուղղակի ջնջխված վիճակում, ցածր գներով ներկրվել են Հայաստան, այստեղ ենթարկվել նորոգման։ Այս մեքենաները ոչ պակաս փորձանք չեն մեր ճանապարհներին, քան աջ ղեկով կամ փոխված ձախ ղեկով մեքենաները։ Իսկ այս ամենին հիմնարար լուծում կարող է տալ, ինչպես նկատեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, միայն խստացված ու համալիր տեխզննումը։