Եթե Ենոքյանին ազատեն, ապա պետք է վերանայեն 90-ականներին դատապարտված բոլոր ցմահների գործերը

Եթե Ենոքյանին ազատեն, ապա պետք է վերանայեն 90-ականներին դատապարտված բոլոր ցմահների գործերը

«Երկու հոգի խաբելով՝ տարան մեկին, սպանեցին, ի՞նչը վերանայվի»,- երեկ կառավարության շենքի մոտ հավաքված լրագրողներին հարցնում էր պրոֆեսոր Միքայել Աղաջանովը՝ 1996 թվականին դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը: Նա անհանգստացած է: Լուրեր են պտտվում, որ դատապարտյալների ներման հանձնաժողովը, որի անդամներից է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, դրական եզրակացություն է տվել Ենոքյանին ներում շնորհելու հարցին: Իրավաբանական շրջանակներում տեղեկություններ են պտտվում, որ հենց Զեյնալյանն է լոբբինգ արել հանձնաժողովում Ենոքյանի ազատման հարցը: 

Մինչ այս պահը միակ հասանելի տեղեկությունը նախարարությունից եղել է հիշեցումը. «Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որեւէ դատապարտյալի որեւէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, հրապարակման ենթակա չեն»: Նկատենք, որ սա հերքում չէ: Այստեղ նշվում է խնդրագրի մասին, սակայն հայտնի է, որ Մհեր Ենոքյանը ներման խնդրագիր չի ներկայացրել: 

Ամուսնու ազատագրումը կյանքի գործ դարձրած լրագրող, այնուհետեւ նաեւ փաստաբան Զարուհի Մեջլումյանն ասում է․ «Ներում՝ չի նշանակում հանցանքի ընդունում: Չկա նման բան ներման մասին օրենքով: Սա աբսուրդ է»: Իրականում օրենքում առկա է անորոշություն: «Ներման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է. «Ցմահ ազատազրկման դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին»: Մհեր Ենոքյանը կալանավայրում է արդեն 23 տարի: Միեւնույն ժամանակ նույն հոդվածի առաջին կետը սահմանում է. «Հանցագործության համար դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա ներկայացրել է ներման խնդրագիր»: Օրենքով սահմանվում է ներման ընթացակարգ, որի առաջին գործողությունը խնդրագրեր ներկայացնելն  է: 

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, իրավաբան Արթուր Ղազինյանը վստահեցնում է, որ օրենքը հստակ է, որ խնդրագրի առկայությունը պարտադիր է: «Առանց խնդրագրի չի կարող կազմվել ներման գործ: Ես այս հարցում սկզբունքային դիրքորոշում եմ հայտնել` մարդը պետք է խնդրի, որ իրեն ներեն, ապաշխարի, չոքի սպանվածի հարազատի դռան դեմը, ասի` ի՞նչ անեմ, որ դուք ինձ ներեք, անի ամեն ինչ ու նոր ներում ստանա: Հո չի՞ ասում ագրեսիվ ձեւով` ինձ պետք է ներես ու վերջ, դա է ձեւը: Այդ մարդը չի ընդունում իր մեղքը: Ի՞նչ ներման մասին է խոսքը»,- ասում է իրավաբանը: Ըստ նրա, Մհեր Ենոքյանը չէր կարող պահանջել իր գործի վերանայում, քանի որ չկա նոր հանգամանք: «Պետք է լինի նոր ի հայտ եկած հանգամանք, որը հիմնավորապես վերանայման հիմք կստեղծի: Քրեական գործի վերանայման ու նախաքննության վերսկսման, այդպիսի  հանգամանք որեւէ մեկը չի կարող նշել, չկա այդպիսին»:

Ղազինյանը վկայակոչում է  «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետը, ըստ որի՝ ներման գործը ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովին է ներկայացնում ՀՀ վարչապետը: Իսկ վարչապետին այն փոխանցում է ՀՀ արդարադատության նախարարը: Ստացվում է, որ Արտակ Զեյնալյանը հրաժարվել է իր այն դիրքորոշումից, որ դատապարտյալներին ներում շնորհելիս պետք է հաշվի առնել տուժողի կարծիքը: «Մարդիկ կարող են համոզված լինել, որ իրենք անմեղ են, որ իրենց նկատմամբ սխալ արդարադատություն է իրականացվել։ Բայց մենք չպետք է կարողանանք միջամտենք արդարադատությանը... Այս ամենը պետք է լինի հավասարակշռված, չպետք է անարդար լինի զոհերի նկատմամբ»,- ասել է նախարարը հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում համաներման մասին լրագրողների հարցերին պատասխանելիս։ Հավանաբար, ինչ-որ ազդեցության կամ հրահանգի հետեւանքով նախարարը գերադասում է մոռանալ զոհերի նկատմամբ պատասխանատվության մասին: 

Ահա ինչու զոհի հարազատները՝ իշխանության այս վերաբերմունքից տագնապած, անում են ամեն հնարավորը, որ Իոսիֆի սպանության մեջ մեղավոր ճանաչված Մհեր Ենոքյանը ժամանակից շուտ բանտից դուրս չգա՝ հարցազրույցներ են տալիս, փորձում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին, բացատրել նրան, որ Մհեր Ենոքյանը դաժան մարդ է, նա է կազմակերպել իրենց սիրելի որդու սպանությունը: Նրանց են միանում 400 բժիշկներ՝ Ենոքյանի դեմ ստորագրություններ հավաքելով: Ի վնաս Մհեր Ենոքյանի է աշխատում հոլովակը, որն այս օրերին պտտվում է համացանցում՝ մորթված, կոկորդը կտրած, դանակի անթիվ հարվածներով խոցոտված, ցանց դարձած ուսանողի մարմինը գտնում են ոստիկանները եւ հանում ծանր քարերի տակից: Մհեր Ենոքյանը եւ մյուս «հերոսը»՝ Արամ Հարությունյանը, որոնց հարցաքննում են ոստիկանության քննիչները, շփոթված են, մոլորված, աչքերը՝ սառած: 

Իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Զառա Հովհաննիսյանն այս տեսագրության կապակցությամբ բացասական կարծիքներ են հայտնել՝ նկատելով, որ Ենոքյանն ու Հարությունյանը չունեն դատավարական կարգավիճակ, փաստաբաններ, որ նրանք ձեռնաշղթաներով են հարցերի պատասխանում: Նշում են իրենց ելույթներում, որ գործով չեն արվել բավականին փորձաքննություններ, անգամ մատնահետքերի ուսումնասիրություն, նախաքննության այլ թերություններ են նշում: 

Այսքանով հանդերձ, դժվար է չնկատել, որ դեպքից անմիջապես հետո նրանք խուսափողական, անորոշ պատասխաններ են տալիս քննիչների հարցերին, թաքցնում են աչքերը, շփոթված են: 19 տարի անց` 2015 թվականի ամռանը, Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած նիստի ժամանակ Մհեր Ենոքյանի խոսելու տոնն այլ է` նա վստահաբար ասում է. «Տվեք մի ապացույց, որ մարդ եմ սպանել, եւ ես ներողություն կխնդրեմ, կվերադառնամ խուց»: Մարդը, որը, ըստ դատավճռի, սպանել է Աղաջանովին, իսկ ըստ բարոյականության նորմերի՝ օգնել է նրան մեռնել, համենայնդեպս, չի փրկել իր աչքի առաջ դաժանաբար սպանվող ու խոշտանգվող ուսանողին, առաջինն է «ցմահներից» նոր իշխանության ֆավորիտը դառնում: Նա կալանավայրում անցկացրած 23 տարիների ընթացքում նաեւ հանրության ֆավորիտն է դարձել, քանի որ ունի դրա համար բոլոր նախադրյալները` ճարտար լեզու, ռոմանտիկ, ոճապես անթերի ստեղծագործություններ, Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դիպլոմ, որը ստացել է անցյալ տարի:

Այս նախադրյալները, որոնք «շոուների» մեր դարում մեծ նշանակություն ունեն եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ու Արտակ Զեյնալյանի, այլեւ հանրության սիրտն են գրավել առ Մհեր Ենոքյան: Բայց ի՞նչ կապ ունեն այս բոլոր նախադրյալներն արդարադատության, նրա կատարած հանցանքի հետ: Ի՞նչ չափանիշներից ելնելով է իշխանությունն առանձնացնում Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեջլումյանի ամուսնուն մյուս ցմահներից, որոնք նույնպես տարիներով պայքարել են իրենց ազատագրման համար, բայց չունեն իրենց ջերմ սիրող փաստաբան ու չինովնիկ կին: Այս օրերին իրավապաշտպանները, նաեւ Զարուհի Մեջլումյանը, իրենց ելույթներում հաճախ նշում են, որ 90-ականներին մեր իրավապահ եւ դատական մարմինները թերի են աշխատել, հաճախ դաժան ու չարդարացված դատավճիռներ են կայացվել:

Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու, ինչ սկզբունքով է առանձնացվում Ենոքյանի գործը, ինչով է նա գերադասելի, ասենք, հինգ զինվորի սպանության մեջ մեղադրվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանից, որը 24 տարի ճաղերի հետեւում է ու պայքարում է ազատության համար, Ստեփան Գրիգորյանից, որը վաղուց ապաշխարել է և ամեն կառավարության փոփոխման հետ ներման որոշում է սպասում, բայց ապարդյուն: Ինչո՞վ է նա գերադասելի զինվորական գործերով դատապարտված մի դասալիքից, որը  18 տարեկանում դատապարտվել է մահապատժի, այնուհետեւ ցմահ ազատազրկման այն պատճառով, որ փախել է Ղարաբաղից ու վախից կրակ բացելով՝ անզգուշությամբ մարդ է սպանել: Նրան վախեցած վիճակում իջեցրել էին ծառի վրայից: Ինչ խոսք, իրավապաշտպաններն ու փաստաբանները, սիրող կանայք կարող են առանձին մարդկանց համար ներում պահանջել, բայց արդարադատության նախարարը կամ վարչապետը սկզբունքային լուծումներ պետք է առաջարկեն 90-ականներին մահվան դատապարտված բոլոր անձանց համար: Չէ՞ որ նրանք բոլորը են հավասար են: