Ոչ թե դրոններ էին, այլ մանկական խաղալիքներ․ Աբդուլլահեանը՝ վերջին հարձակման մասին

Ոչ թե դրոններ էին, այլ մանկական խաղալիքներ․ Աբդուլլահեանը՝ վերջին հարձակման մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահեանը հրաժարվել է ընդունել, որ Իսրայելը կանգնած է իր երկրի վրա վերջին հարձակման հետևում, իսկ օգտագործված զենքերը համեմատել է մանկական խաղալիքների հետ:

Իրանի ԱԳ նախարարը, ով այցով գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, այս մասին ասել է NBC News-ին տված հարցազրույցում։

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան, հարձակում չէր: Դրանք ոչ թե դրոններ էին, այլ խաղալիքներ, որոնցով խաղում են մեր երեխաները»,- ասել է նա։

Աբդուլլահեանը հայտարարել է, որ Իրանը չի ծրագրում առճակատման գնալ, քանի դեռ Իսրայելի կողմից լայնածավալ ու հզոր հարձակում չի եղել. «Քանի դեռ Իսրայելը նոր արկածախնդրություն չունի մեր շահերի դեմ, մենք նոր պատասխան չենք տա»։

Ըստ նրա, եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, պատասխանը կլինի արագ և խիստ․ «Եթե Իսրայելը վճռական գործողություններ ձեռնարկի իմ երկրի դեմ, և դա ապացուցվի, ապա մեր պատասխանը կլինի անհապաղ և առավելագույնս խիստ։ Նրանք կփոշմանեն»։