Միֆեր, որ խանգարում են մեզ

Միֆեր, որ խանգարում են մեզ

Զրուցակիցս հոգեբան է, հանրային հոգեբանության խնդիրներով, օպտիմալ կառավարման հարցերով զբաղվող մասնագետ։ Նա հետաքրքիր դիտարկումներ ունի մեր սոցիումի հետ կապված։ Ցավոք, հրաժարվում է հարցազրույց տալ, կարծում է, որ իր գործը ոչ թե ճառ ասելն ու դատողություններ անելն է, այլ իր գիտելիքները կոնկրետ իրավիճակում օգտագործելը՝ ի շահ հասարակության։ Նա կարծում է, որ մեր հասարակությունը կազմակերպված աշխատանքի ունակություններ չի մշակել տասնյակ, անգամ հարյուրավոր տարիների ընթացքում։

Եվ արդյունավետ աշխատել հայերիս հաջողվում է միայն օտար միջավայրում, որտեղ մենք ոչ թե թելադրողի-որոշողի դերում ենք լինում, այլ՝ կատարողի։ Նա կարծում է, որ մեր աշխատասիրության, կրեատիվության, լիդերության մասին միֆականացված պատմությունները խանգարում են մեզ՝ թույլ չեն տալիս, որ մենք հետեւողականորեն ու կազմակերպված կատարենք կոնկրետ ամենօրյա աշխատանք՝ առանց ավելորդ ամբիցիաների, առանց գնահատված չլինելու բարդույթի, առանց չարության ու նախանձի։ Նա մեր հասարակությունը համարում է շատ բարդ սոցիում, որը մի կողմից չի կարողանում իր առջեւ ծառացած խնդիրները լուծել, մյուս կողմից՝ խանգարում է լուծողներին եւ չի սիրում աչքի ընկած, հաջողության հասած անձանց։ «Ինչից է, որ մեր երիտասարդ հեղափոխականները չեն կարողանում հաջողության հասնել կառավարությունում․ նրանք աշխատելու փորձ եւ կամք չունեն, նրանք սովոր են թեթեւ հանրային գործունեությամբ, ազատ բոհեմական կյանքով, ճառեր ասելով, հոդված գրելով, գրանտներ ստանալով, կես օր աշխատելով ապրել։ Նրանք ի վիճակի չեն երկար ու առանց արձակուրդների աշխատել։ Նրանք ուզում են գործուղումների մեկնել, թատրոն-համերգ գնալ, երիտասարդական տուսովկեքի մասնակցել։ Նրանց համար դժվար է 12-14 ժամ աշխատելը»։