Նոյեմբերյանի քաղաքապետը՝ վիրավորված երեխայի առողջական վիճակի մասին

Նոյեմբերյանի քաղաքապետը՝ վիրավորված երեխայի առողջական վիճակի մասին

Երեկ՝ մարտի 30-ին` ժամը 19:00-ի սահմաններում, հակառակորդի հենակետերից՝ տարբեր տրամաչափերի զենքերից արձակված կրակոցների հետևանքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի տներից մեկի պատշգամբում կրծքավանդակի աջ կեսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նույն բնակավայրի անչափահաս բնակիչ՝ ծնված 2004 թվականին: Այս մասին հաղորդում է քնչական կոմիտեի լրատվական վարչությունը։

Դեպքի առթիվ  քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով (սպանության փորձ՝ ապօրինաբար մի խումբ անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով):

Մենք կապվեցինք Նոյեմբերյանի համայանքապետ Կարեն Աբազյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում չկարողացավ ասել, թե որքան են տևել կրակոցները՝ ասելով, որ դա պետք է ճշտել զինվորականներից,  իսկ վիրավորում ստացած 16-ամյա պատանու առողջական վիճակի մասին ասաց․

«Երեխայի հետ կապված կարող եմ ասել, որ երեխայի վիճակը հիմա նորմալ է, գտնվում է Երևանում, այստեղ՝ Նոյեմբերյանում, անհրաժեշտ առաջին օգնությունը ցուցաբերվել է, և երբ վիճակը արդեն ստաբիլ է եղել, տեղափոխվել է Երևան, դեռ վերջնական տեղեկություն չունեմ»,- ասաց Աբազյանը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե որ հիվանդանոց է տեղափոխվել երեխան։

Քաղաքապետին հարցրինք, թե կա՞ն այլ վնասներ, թեկուզ գույքային․

«Այս պահին ընդամենը ասել եմ, որ տեղի վարչական ղեկավարները գյուղում շրջեն, տեսնեն եթե վնասված տեղեր կան, գույքային վնաս կա, արձանագրեն, այս պահի դրությամբ դեռ բան չկա»,- պատասխանեց Աբազյանը։

Հարցրիննք նաև՝ պահպանվո՞ւմ են արտակարգ դրության պայմանները, մարդիկ մեկուսացվա՞ծ են իրենց տներում․

«Բավականին լավ է պահպանվում, լինում են նաև մանր-մունր դեպքեր էլ , բայց հիմնականում բավականին լավ պահպանվում է»։