Ընդդեմ ԵԱՏՄ-ի շարժումն ակտիվանո՞ւմ է

Ընդդեմ ԵԱՏՄ-ի շարժումն ակտիվանո՞ւմ է

Այսօր առավոտից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան ընկերներին ֆեյսբուքյան մի էջի հղում է ուղարկում՝ առաջարկելով հավանել այն։ Էջը կոչվում է ,Ես չեմ մտնում ԵԱՏՄ»։ Իոաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա ինչ-որ նոր գործընթացի սկի՞զբ է, որ նման հրավերներ է ուղարկում, ինչո՞վ է պայմանավորված ընդդեմ ԵԱՏՄ այս ակտիվացումը։

«Չէ, այդ էջն իրականում 2013 թվի սեպտեմբրի 3-ին կամ 4-ին ենք ստեղծել, հայտնի դեպքի ժամանակ, ընկերներով, երբ մտանք ԵԱՏՄ։ Եվ այն, որ ես 2013թվականի սեպտեմբերի 3-ից եղել եմ Մաքսային միության կամ ԵԱՏՄ-ի ճանապարհին դեմ, էդ նորություն չի ու էդ մոտեցումն ինձ մոտ երբեք չի փոխվել, անգամ հեղափոխության ժամանակ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։

-Իսկ հիմա այս ակտիվացումը ինչ-որ բան նշանակո՞ւմ է։

-Չէ, ուղղակի 10 րոպե ազատ ժամանակ ունեի, ասի ընկերներիս invitation (հրավեր) ուղարկեմ։ Բայց էս առումով ես ասեմ, որ իրականում կան մարտահրավերներ, որոնցով իշխանությունը պետք է զբաղվի։ Լավ, հասկացանք, իշխանությունը մտադիր չէ ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Նախկինում նույն քաղաքական թիմը մտադիր էր, հիմա մտադիր չէ, բարի։ Բայց, օրինակ, ուղիղ մի տարուց՝ 2020 թվականից, մեքենաների մաքսային դրույքաչափերը դառնալու են տիեզերական գների։ Գործնականում հայաստանցիների ճնշող մեծամասնությունը զրկվելու է երրորդ երկրներից ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորությունից։ Դե, հիմա, հո «Ժիգուլի» չե՞նք քշելու։ Ի՞նչ է իշխանությունն անելու էս ուղղությամբ։ Իշխանությունն ունի մի տարի, որպեսզի էդ հարցով զբաղվի, էնպես անի, որ մեքենան չդառնա հեռավոր երազանքի սուբյեկտ։

-Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ այս էջը հավանելու հրավերներն ուղարկելը հիմա այդքան էլ պարապության նշան չէ, և ավելի շատ որոշակի գործընթացների ակտիվացում է ենթադրում։

-Չէ, ինքը պարապության նշան չի, էսպես ասեմ, մեր կազմակերպությունը միշտ էս թեմայով ակտիվ է եղել։ Այսինքն՝ մենք էս թեմայով ԵԱՏՄ-ի վերաբերյալ հրապարակումներ ունեցել ենք՝ սկսած մեր հիմնադրման օրվանից, թե՛ ակզմակերպությունը, թե՛ ես՝ անձամբ, էս թեմայով ակտիվ ենք եղել։  Բայց, ամեն դեպքում, սրանք թեմաներ են, որոնք ուղղակի մի պահ քիչ էին քննարկվում հասկանալի պատճառներով՝ Հայաստանում 6-8 ամիս հեղափոխական պրոցեսներ էին, իսկ հիմա նորից վերադռանում ենք էդ թեմայի քննարկմանը նաև։ Սա իրոք Հայաստանի առջև ծառացած մարտահրավեր է։

-Իսկ ի՞նչ եք մտածում, նոր խորհրդարանում կա՞ն կամ կգտնվե՞ն այդպիսի ուժեր, որոնք  կգնան արմատական փոփոխոթյունների և կդնեն ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը օրակարգում։

-Դե, նոր խորհդրարանում կա «Լուսավոր Հայաստանը», որը ոնց որ թե էդ գծի կողմնակից է։  Դե, ԲՀԿ-ի մասով՝ դժվար, չգիտեմ։ Իսկ «Իմ քայլի» մասով՝ ի՞նչ ասեմ, իրենց մոտեցումը փոխվել է։ Մի տարի առաջ էս օրերին, կհիշեք, լսումներ էին կազմակերպվում ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված, բանաձև էր մտցվում Ազգային ժողով «Ելք» խմբակցության կողմից, և դա կատարվում էր նաև, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կողմից։ Բայց հեղափոխության ժամանակ իրենց մոտեցումը փոխվեց։ Սկզբից իրենք ասացին, որ դա հանրաքվեով որոշվելիք հարց է, իսկ հետո փոխեցին մոտեցումն ու ասացին, թե մտնելը միգուցե և սխալ էր, բայց դուրս գալն ավելի մեծ սխալ է։ Բայց իրոք հիմա առարկայական մարտահրավեր կա։

-Այդ մարտահրավերները հաշվի առնելով՝ հնարավո՞ր է առարկայական պրոցես սկսվի ձեր կողմից, ասենք, հասարակական շարժման տեսքով։

-Մենք ակտիվ քննարկումներ սկսելու ենք էդ թեմայով, ես կասեի՝ վերսկսկելու ենք, որովհետև նախկինում էլ միշտ էդ քննարկումներն եղել են, ուղղակի էս հեղափոխական փուլի ընթացքւոմ պասիվացել էին դրանք։ Մենք սկսելու ենք ակտիվ քննարկումները ԵԱՏՄ-ի մասով, մենք վերսկսելու ենք ակտիվ քննարկումները սահմանապահների մասով, որ հասկանանք՝ ինչ գործ ունեն Ռուսաստանի Դաշնության սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում արդեն 26 տարի է՝ առանց որևիցե լեգալ հիմքի։