Մենք համոզված ենք, որ այս իշխանությունը արդեն չկա, ուղղակի ուրվական է, աթոռից կպած. Քոչարյան

Մենք համոզված ենք, որ այս իշխանությունը արդեն չկա, ուղղակի ուրվական է, աթոռից կպած. Քոչարյան

Մարդիկ, որոնք բացարձակապես ոլորտից գաղափար չունեն, սկսեցին այդ ոլորտը ղեկավարել, պաշտոնին նստելուց հետո սկսում են հավատալ, որ իրենք այդ ոլորտի փորձագետն են, առաջնորդն են և սկսում են որոշումներ կայացնել, որոնք փոխանակ այդ ոլորտը առաջ տանելու, հետևողականորեն քայքայում են այն, ինչ եղել է մինչև հիմա։ Այս մասին Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Էլիտայի դեմ պայքարը ավելի շատ դասակարգային տերմին է և 2018-ի հեղափոխության ոգին արթնացնելու նպատակ ունի, մենք տեսանք սրա հետևանքները, ծանր են, այս ամենի համար կան մեղավորներ և պատասխանատու անձինք»,–ասաց նա։

«Ու քանի որ ասելիք չկա, աշխատանքի արդյունք չկա, պետք է ուրիշների վրա հարձակվեն, անհաջողությունների մեղքը ուրիշներ վրա բարդեն, պետք է գոռան, ճվան, լաչառություն անեն, մատ թափ տան, կապիկություններ անեն ամբիոնից, այս հարցում լավ վարպետ են»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ իրենք գալիս են լուրջ ծրագրով, ունենք փորձառու թիմ, վճռական են, խոստումների տեր են, այդպես եղել է, այդպես կա և լինելու է։ «Մենք համոզված ենք, որ այս իշխանությունը արդեն չկա, ուղղակի ուրվական է, աթոռից կպած և փորձում են մեկ անգամ ժողովրդին մոլորեցնելու հաջողությունը կրկնել»,–ասաց նա։