Եթե դատավորն այդպես է վերաբերվում գործին, դա դատավորին պատիվ չի բերում․ Արամ Վարդեւանյան

Եթե դատավորն այդպես է վերաբերվում գործին, դա դատավորին պատիվ չի բերում․ Արամ Վարդեւանյան

«Այս ժամանակահատվածում դիմումներ էինք ներկայացրել եւ՛ Բարձրագույն դատական խորհրդի նախագահներին, եւ՛ ՄԻՊ-ին։ Ստացել եմ պատասխան ՄԻՊ-ից։ Այն խնդիրը, որը ներկայացնում էինք, այն, որ այս իրավիճակում չունենք փաստացի անհապաղ միջնորդության քննությունը կատարող դատավոր, սա ինքնին խնդիր է։ ՄԻՊ-ը համաձայն  է, որ սա խնդիր է»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալի վերաբերյալ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից նիստեր չանցկացնելուն՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ։

Վարդեւանյանի խոսքով՝ ութ օրից ավելի փորձում են կապվել Աննա Դանիբեկյանի աշխատակազմի հետ, սակայն պատասխան չեն ստանում․ «Դատարանի նախագահի աշխատասենյակում տեղեկացնում են, որ իրենց հայտնի չէ, թե դատավորը երբ կվերադառնա: Մեզ ասում են, որ խոսել են նրա հետ, բայց չեն կարող ասել, թե երբ նա կվերադառնա: Եթե դատավորն այդպես է վերաբերվում գործին, երբ ձերբակալված կա, ապա նա պատասխանատվություն է կրում դրա հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերի համար, դա դատավորին պատիվ չի բերում»։