Ինչպես կընթանան Հռոմի նոր Պապի ընտրությունները․ դիտարկումներ

Հռոմի նոր Պապի ընտրությունը տեղի կունենա մայիսին, հետեւաբար՝ «նախընտրական արշավը» լինելու է խիստ կարճատեւ։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի առողջական վիճակն այս տարվա փետրվարից խաթարվել էր, Եկեղեցու վերնախավի պահպանողականների, եւ ազատախոհների ճամբարները հաստատապես պատրաստվել են նախապես։
2013 թվականին ազատախոհները կարողացել են առաջ անցնել պահպանողականներից, որոնք բարոյալքվել էին Բենեդիկտոս 16-րդ Պապի անակնկալ հրաժարակից եւ հայտնվել բարդ վիճակում, չկարողանալով ուժեղ եւ համախմբող թեկնածու առաջադրել։ Այժմ, սակայն, ինչպես գրում է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը, պահպանողականներն ունեին բավարար ժամանակ` միասնական ուժեղ թեկնածու առաջադրելու համար։
13 թվականին ազատախոհները կարողացան ճիշտ օգտագործել «ոչ-արեւմտյան» ռազմավարությունը, այսինքն՝ խաղադրույք կատարել արգենտինացի կարդինալ Բերգոլիոյի վրա, ով կարողացավ միավորել բազմաթիվ կարդինալների Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից եւ Ասիայից։ Հիմա «ոչ արեւմտյան» ռազմավարությունը կարող է կիրառվել արդեն պահպանողականների կողմից, որոնց ուշադրության կենտրոնում են աֆրիկացի եկեղեցականները եւ հավատացելոց հոտը, որը մերժում է հովվական պրակտիկայում մեղմացումներն ու զիջողականությունը, որը քաջալերում էր Ֆրանցիսկոսը։
Եթե նախկինում «սեւամորթ Պապի» ընտրության հնարավորությունը կապվում էր ազատախոհների ակտիվության հետ, ապա հիմա արդեն դա կապվում է պահպանողականների պլանների հետ։ Ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպես նկատում է Մակարկինը, բավականին ընդլայնել են պահպանողական կարդինալների հնարավորությունները։
Եթե նախկինում Վատիկանի Երկրորդ ժողովի քննադատները սովորաբար չէին կարող առաջնային դիրքեր գրավել մեդիայում, եւ ստիպված էին բավարարվել փոքրածավալ հրատարակություններով, ապա հիմա նրանք ակտիվ գործում են Համացանցում։ Բլոգներն ու ֆորումները ոչ միայն թույլ են տալիս կաթոլիկ ավանդապահներին առաջ մղել իրենց տեսակետները հանրային դաշտում, այլ նաեւ հանդիսանում են կազմակերպչական նշանակություն ունեն։ Հատկապես, որ դա ներկայումս բավականին համահունչ է Արեւմուտքում սկսված աջամետ հոսանքներին, սկսած թրամփականությունից մինչեւ վերջինիս գաղափարական հարազատություն ունեցող շարժումներ։
Սերնդափոխությունն ու ակտիվ քարոզչությունը պահպանողականների համար եւս նոր հնարավորություններ են տալիս։ Երիտասարդ եկեղեցականներն ու նորադարձ ծխականները սովորաբար չեն քննադատում Վատիկանի Երկրորդ ժողովը, սակայն ավելի շատ պնդում են, որ հարկ է հետեւողականորեն պահպանել կաթոլիկ ինքնությունը, ինչը կարելի է անել տեղական կամ ազգային լեզուներով ծիսակատարություններ անցկացնելով։ Աֆրիկյան պահպանողականությունն էլ իր հերթին է բավականին տարբերվում եվրոպական ու ամերիկյան պահպանողականությունից, ինչը կապված է հակագաղութատիրական տրամադրությունների եւ ազգային ավանդույթների պահպանման հետ։
Այսպիսով, կարելի է ասել, որ գործ ունենք ոչ թե միասնական կաթոլիկ պահպանողականության, այլ կաթոլիկ պահպանողականության տարբեր խմբերի հետ, որոնք ունեն շփման բազմաթիվ եզրեր։
Մյուս կողմից, Ֆրանցիսկոս Պապի ժամանակ ազատախոհները կարողացել են մի շարք կարեւոր պաշտոններ գրավել եկեղեցական նվիրապետության մեջ։ Նրանք լայնորեն ներկայացված են համալսարաններում եւ մեդիա ոլորտներում, ունեն բազմաթիվ աշակերտներ եւ մեծ կազմակերպչական փորձառություն։ Մարդասիրական եւ գթասիրտ քրիստոնեությունը՝ համադրված բնապահպանական բացադրիչի հետ, գրավիչ է ժամանակակից աշխարհիկ հասարակության համար, որի համար հաճախ անհասկանալի են պահպանողականների հղումները հին դոգմաներին եւ միջնադարյան դոկտրիններին։ Ստանալով հավատարիմ հետեւորդներ, որոնք պատրաստ են պահպանելու կաթոլիկ ուղղադավանությունը, Եկեղեցին պահպանողականների հաջողության դեպքում կարող է վախեցնել մեծ թվով հավատացյալ կաթոլիկների։ Դա կարեւոր փաստարկ է ազատախոհների համար, ինչն ակտուալ է առաջին հերթին Արեւմտյան աշխարհի համար, ինչը պատմականորեն հանդիսանում է կաթոլիկության կենտրոնը։
Այս ամենով հանդերձ, Հռոմի նոր Պապի ընտրությունները տեղի են ունենալու մի այնպիսի իրավիճակում, երբ ընտրիչների թիվը բավականին սահմանափակ է։ Ու թեեւ վերջին շրջանում կարդինալների միջեւ կապերը որոշակիորեն թուլացել են, հատկապես այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոս Պապի օրոք կարդինալներ են դարձել եկեղեցականներ այն երկրներից, որտեղ նախկինում կարդինալներ չեն եղել, սակայն ամեն դեպքում կարդինալների դասն իրեն ընկալում է որպես եկեղեցու վերնախավ՝ խաղի իր կանոններով։ Նրանք առաջիկա կայանալիք Կոնկլավի ժամանակ հաշվի են առնելու հանրային պրոցեսներն ու տրամադրությունները, որոնք առկա են Սիքստինյան կապելլայի տարածքից դուրս, սակայն նրանց համար կարեւոր են լինելու նաեւ միջանձնային հարաբերությունները եւ ներքին պայմանավորվածությունները։ Հետեւաբար որոշակի կանխատեսումներ անելը բարդ է չափազանց, չասելու համար՝ գրեթե անհնարին։
Կարծիքներ