«Հրապարակ»․ Պատերազմից վախեցող չկա` թող մեզ զինեն

«Հրապարակ»․ Պատերազմից վախեցող չկա` թող մեզ զինեն

Փաշինյանի՝ Տավուշի մարզի Ոսկեպար եւ Կիրանց գյուղերում ունեցած հանդիպումները խոր մտահոգությունների առիթ են տվել։ Մարդիկ քննարկում են փաշինյանական սկզբունքը` արդյոք ընդունելի՞ է հող տալը, որպեսզի պատերազմ չլինի, եւ արդյոք դա երաշխի՞ք է, որ թշնամին իսկապես պատերազմ չի սկսի, ու, ի վերջո, մինչեւ ե՞րբ տալ ու որքա՞ն։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք չէ իրենց պատերազմով վախեցնել՝ իրենք վախեցող մարդիկ չեն։

«Ո՛չ սյունեցիք, ո՛չ էլ ոսկեպարցիք պատերազմից վախեցող չեն։ Ուղղակի մեզ զենք է պետք, մեզ զինեն, մենք՝ կռվող տղաներս, մեր հարցերը լուծելու ենք։ Իրանցից, ինչ է, փո՞ղ ենք ուզում, տո՞ւն ենք ուզում․ ոչինչ չենք ուզում, մեզ զինեն, զենք ու զինամթերք տան, մենք մեր հարցերը կլուծենք, ուրիշ ոչինչ չենք ուզում։ Մեր բանակի կողքին կանգնենք՝ մեր հարցերը լուծենք։ Ես ուղղակի զարմացած եմ՝ աշխարհում, պատմության մեջ նման բան չի եղել, մեր Հայաստանի հետ պատահած արհավիրքներից չի եղել։ Ո՞նց կարող է 4 գյուղը տան։ Բա ես էլ իմ Արցախն եմ ուզում, իմ Նախիջեւանն եմ ուզում, իմ Արեւմտյան Հայաստանն եմ ուզում, Արծվաշենն եմ ուզում, բա ինչի՞ մի հատ չի խոսում մեր տարածքների մասին։ Այդ ո՞նց է, որ իրենց տարածքների մասին խոսում է։ 1987 թվականի հանրագիտարանում գրված է, որ Հայաստանի տարածքը 29 800 է դա ճիշտ չի, սխալ է, բայց ինքն ասում է 29․800-ը կլորացրած է։ Ո՞նց է կլորացրած, որ սովետական հանրագիտարանում է գրված, իսկ ինքն ասում է՝ դա էլ չկա»,- ասաց Հովսեփյանը։

Տեղ համայնքին սահմանակից հատվածում ադրբեջանցիները ոչ մի անհանգստացնող շարժեր չեն անում, ադրբեջանցի զինծառայողների թվի ավելացում չի դիտարկվել։ Համայնքի բնակիչներն ապրում են սովորական առօրյա կյանքով։ «Ո՛չ վախեցող կա, ո՛չ էլ։ Նման մարտական ոգի ունեցող ազգ չկա, որպես 33 տարվա հրամանատար, 27 տարի գյուղապետ եմ եղել, ես հիացած եմ իմ ժողովրդով, իմ ջոկատի տղաներով, մենակ ասում ենք՝ զենք ու զինամթերք տան, մենք մեր հողերը պաշտպանենք, ազատագրվենք։ Դա երկրի ղեկավարի արտահայտություն չէր, էլի՝ եթե գյուղերը չտաք, պատերազմ է սկսվելու, կարծեմ ասեց շաբաթվա վերջ։ Ինչքան էլ պատերազմով վախեցնեն, վախեցող չկա»,- հավաստիացրեց Արգամ Հովսեփյանը։