Ու՞ր ես, գերագու՛յն

Ու՞ր ես, գերագու՛յն

Եթե ինչ-որ հնարով մոնիթորինգ արվեր` ստուգելու համար, թե որքա՛ն է կազմում բաց նամակի ժանրի արդյունավետությունը` հղված երկրի առաջին դեմքերին ու բարձրաստիճան պաշտոնյաներին, վախենամ՝ խիստ տխուր պատկեր պարզվեր. հայ լրագրության մեջ շատ սիրված այդ ժանրի արդյունավետությունը համառորեն կձգտեր… զրոյի: 
(Ի դեպ, ես հիմնավոր կասկած ունեմ, որ բաց նամակի ժանրը զուտ հայկական երեւույթ է եւ կապված է մեր ազգային մտածելակերպի առանձնահատկությունների հետ` ռոմանտիկ, դյուրահավատ, վերջին հույսին մշտապես կառչած: Չգիտեմ ինչու, բայց մի տեսակ չեմ պատկերացնում, թե նույն ինտենսիվությամբ բաց նամակներ են հրապարակվում, ասենք, ռուսական, վրացական, ֆրանսիական, ամերիկյան կամ անգլիական մամուլում: Իմ` թերեւս սահմանափակ մտածողությունը բաց նամակի ժանրն այսպես «ազգայնացրել» է. սպանեք էլ` իմ տպավորությունն այդպիսին է): 

Բայց այս նյութի առարկան դա չէ:

Բաց նամակը, «տեղ» հասնելու առումով, որքան էլ գրեթե անհնար, գրեթե անհուսալի, գրեթե ապարդյուն, այնուամենայնիվ, ենթադրում է հասցեատեր, որի թե՛ ողջ-առողջ լինելուն, թե՛ իր «տեղում» լինելուն նամակի հեղինակն ի սկզբանե հավատում է:
Շատերի նման` պատերազմականի փոխվող այս լարված իրավիճակում ես էլ, ահավասիկ, ուզեցի բաց նամակ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հաստատ կգրեի այդ նամակը, եթե գոնե մոտավոր (կամ` հեռավոր (երբեմն ինչքա՛ն նույնանշանակ կարող են լինել հականիշ բառերը)) պատկերացում ունենայի, թե որտե՛ղ է նա: Ինձ ուղղակի խանգարեց այդ անորոշությունը: Եվ ես չեմ կարողանում գրել այս բաց նամակը:

Մեր վարչապետը, որ ուղերձներ գրելու համար խելքն իրենը չէ եւ ուղղակի մրցման մեջ է ՀՀ նախագահի հետ, արդյոք չի՞ կարծում, որ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ հանրությանը որեւէ համախմբող կոչով, վստահալից խոսքով դիմելու ժամանակն է: Խոստովանեմ, որ որքան էլ ինձ համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի կառավարումը եւ կառավարությունը, որքան էլ ինձ նրա ամենաանխնա քննադատներից մեկն եմ համարում, այնուամենայնիվ, ծայրահեղ իրավիճակներն իրենց սրբագրումներն են մտցնում իմ եւ բոլորիս վերաբերմունքում, վարքում եւ ակնկալիքներում, եւ մենք, վերջին հույսի մեր ազգային նկարագրին հավատարիմ, առաջնորդ մարդուց, ղեկավար մարդուց, մարդուց, ում Սահմանադրությունը (գոնե) գերագույն գլխավոր հրամանատար է հռչակել, ընդհանուր թշնամու դեմ միաբանվելու, քաջալերող ուղերձներ լսելու սպասման մեջ ենք:

Մինչդեռ գերագույն գլխավոր հրամանատարը… չկա: Նա ո՛չ Ֆեյսբուքում է, ո՛չ խրամատում, ո՛չ այլուր. մարդը չկա: Ուշադիր, գտնելու վերջին հույսով փնտրում եմ լրատվական կայքերում, պաշտոնական լրահոսում. չկա: Այսօր ամբողջ օրը, օրինակ, մի «փախած» որոշում է ստորագրել ու… չկա:
Որտե՞ղ ես, մա՛րդ Աստծո:
Ո՞ւր ես, գերագո՛ւյն: