Վրաստանը կշարունակի տարանցիկ երկիր հանդիսանալ Հայաստանի համար՝ գազի հարցում

Վրաստանը կշարունակի տարանցիկ երկիր հանդիսանալ Հայաստանի համար՝ գազի հարցում

Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Հայաստանին Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի տարանցումից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է Newsgeorgia-ն, ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Վրաստանի՝ Հայաստանի համար մատակարարվող գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրացել է 2018-ի դեկտեմբերի 31-ին։ «Վրաստանը ստանում է բավական նշանակալի օգուտ իր տարանցիկ երկիր լինելու գործառույթից եւ մենք կշարունակենք այդ գործառույթն իրականացնել։ Դա համապատասխանում է մեր երկրի շահերին։ Ինչ վերաբերում է նոր համաձայնագրին, ապա դրա բանակցությունները կլինեն այն ժամանակ, երբ կնշանակվեն դրանց օրն ու վայրը»,- հայտարարել է Բախտաձեն վրացական կառավարության նիստի մեկնարկին։ Նա նշել է, որ նոր համաձայնագրի կազմման համար բանակցությունների ժամկետ դեռեւս չկա։ Նա նաեւ նշել է, որ եթե այդ համաձայնագրում ինչ որ նոր բան ի հայտ գա, ապա հանրությունը դրա մասին կիմանա Էկոնոմիկայի նախարարության միջոցով։ Հիշեցնենք, որ մինչ 2017-ի հունվարը Հայաստանին մատակարարվող գազի տարանցումից Վրաստանը ստանում էր ընդհանուր տարանցված ծավալի 10 տոկոսը։ 2017-ին ռուսական կողմը տարանցման համար վճարել էր մասամբ հումքով, մասամբ՝ դրամով, իսկ 2018-ին, միայն դրամով։ Նշենք, որ այն գումարը, որը ստանում է Վրաստանը իր մագիստրալ գազամուղով Հայաստանին մատակարարվող գազի համար, հայտարարվել է կոմերցիոն գաղտնիք։ Սակայն վրացական կառավարությունը նշել է, որ դա ավելի քիչ է, քան այն 10 տոկոսի արժեքը, որը Վրաստանը ստանում էր հին համաձայնագրով։