Տնտեսության Թշվառության Ցուցիչը.  1000 Հարկ Վճարողները

Տնտեսության Թշվառության Ցուցիչը.  1000 Հարկ Վճարողները

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս տեղեկատվությունը հնարավորություն է ընձեռում լիարժեք պատկերացում կազմել տնտեսության իրական վիճակի, դրա կառուցվածքի, որակական տեղաշարժերի մասին:   

Այնպես չէ, որ ՀՀ տնտեսությունը թշվառացել է վերջին տարիներին: Բազմիցս է նշվել, որ դրա հիմքերը դրվել են անկախությունից ի վեր:  
Վերին 200 հարկ վճարողների կամ 1000-ի 20%-ի վճարած հարկերը կազմել են ընդհանուրի (722.3 մլրդ. դրամ) 72%-ը: Ըստ էության, կարելի է ասել, որ այս առումով գործում է Պարետտոյի օրենքը (20/80): Ընդ որում, առանց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ), այդ թիվը կազմում է 57.4%: Ուշագրավ է, որ նշված 200-ից երկրորդ 100-յակի վճարած հարկերը հունվար-հունիսին կազմել են 78.2 մլրդ դրամ կամ՝ ԶՊՄԿ-ի վճարած հարկերի 74.8%-ը:  Առաջին եռյակում հայտնված հարկ վճարողները նշանակալի կտրված են իրենցից հետո եկող հարկ վճարողներից: Այսպես, ԶՊՄԿ՝ 104.5 մլրդ դրամ, Գազպրոմ-Արմենի՝ 33.1, Գրանդ Տոբակո՝ 20, որին հետևում է Մասիս Տոբակոն՝ 10.8 մլրդ դրամ վճարված հարկերով: Առաջին հարյուրյակի վճարումները, առանց նշված չորսի (այսինքն՝ 96), կազմել են միջինը 2.8 մլրդ դրամ: Մինչդեռ երկրորդ հարյուրյակի միջինը եղել է 0.8 մլրդ դրամ: Էլ ավելի մտահոգիչ է հարկ վճարողների ոլորտային կառուցվածքը: Բենզին ու գազ ներկրողներ-վաճառողներ, ֆինանսական կազմակերպություններ…Անհասկանալի է, թե այս աղքատ երկրում ինչպես կարող են բենզին վաճառողները հայտնվել խոշոր հարկատուների ցանկում, երբ իր ոլորտի բավական պատկառազդու «ՊԻԿՍԱՐՏ»-ը 58-րդ տեղում է՝ 2.1 մրդ դրամ վճարված հարկերով և սա եկամտային հարկի հայտնի փոփոխություններից հետո: Հենց սա է ՀՀ տնտեսության թշվառության ցուցիչը. թշվառ հարկատուների պարագայում տնտեսությունն էլ թշվառ կլինի: 

Թվում է բարոյական, այս իրավիճակի խորապատկերին բարձրագոչ  հայտարարություններից զերծ մնալը և ընդհանրապես բացառելն այնպիսի բառեզրերի օգտագործումը, ինչպես՝ «բարձր տեխնոլոգիա, «արհեստական բանականություն« ու նման այլ բաներ:

Ինչ է ստացվում. առաջին եռյակում գտնվողներից մեկը վնասում է շրջակա միջավայրը, երկուսը՝ մարդկանց առողջությունը: Եվ ոչ մի տնտեսական աճի կամ տնտեսական ակտիվության ցուցանիշ չի կարող ավելի լավ բնութագրել երկրի տնտեսության վիճակը, ինչպես հարկ վճարողների կառուցվածքը: 

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Հ.Գ. Լավ կլինի չհրապարակել 1000-ի ցանկը, դեռևս բանականությունից չզրկված փոքրաթիվ մարդկանց սթրեսներից զերծ պահելու համար: