Թեղուտ-շոու՝ Արեն Մկրտչյանի եվ ռուս գործարարի մասնակցությամբ
«Թեղուտ» ընկերության հաշիվների վրայից օրերս կալանքը վերացվել է։ Կարծես մոտենում է ժամանակը, որ կոմբինատը նորից կսկսի աշխատել։ Հայտնի է, որ «Վալլեքս գրուպ» ընկերության կուտակած 380 մլն դոլարի պարտքի դիմաց «Թեղուտ» կոմբինատն անցյալ տարի դարձավ ՎՏԲ բանկի սեփականությունը, իսկ այս ամառ բանկը նոր կառավարիչ ներգրավեց՝ ռուսական ՌՄԿ ընկերությանը (Русская медная компания), հույսով, որ այն ե՛ւ եկամուտ կբերի, ե՛ւ աստիճանաբար կմարի ձեռնարկության պարտքերը։
Բայց ՌՄԿ-ն չէր կարողանում սկսել կոմբինատի շահագործումը, քանի որ դրա հետ կապված բազմաթիվ դատական հայցեր կան։ Ընկերության հաշիվներին կալանք էր դրված, մասնավորապես՝ Թեղուտ» ՓԲԸ գործընկեր «Կ-արաստ» ՍՊԸ-ի հայցի հիման վրա, որին կոմբինատն արդեն երկար ժամանակ 2 մլն դրամ էր պարտք։ «Թեղուտը» միջնորդել էր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանին՝ վերացնել կալանքը, եւ դատարանն օրերս բավարարել է հայցը՝ հաշվի առնելով, որ հայցվորի՝ «Կ-արաստ» ընկերության նկատմամբ ունեցած 2 միլիոն 162 հազար դրամի ֆինանսական պարտավորությունները ձեռնարկությունը կատարել է։
«Վալլեքս»-Արեն փոխհրաձգությունը
«Թեղուտ» ընկերության խնդրով կառավարությունում առավել ակտիվ զբաղվում էր վարչապետի նախկին օգնական Արեն Մկրտչյանը։ Նա կառավարությունում հանդիպումներ էր կազմակերպել նորահայտ ներդրող, ՌՄԿ-ի ներկայացուցիչ, ռուսաստանաբնակ Նորիկ Պետրոսյանի համար, տարել էր նրան Լոռի, ներկայացրել թեղուտցիներին։ Ընտրությունների շրջանում նա ելույթ ունեցավ գործարանի վերագործարկման վերաբերյալ՝ նախընտրական դիվիդենտներ շահելով։ Հունվարի 17-ին էլ, արդեն որպես «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Արեն Մկրտչյանն իր թիմակից Բաբկեն Թունյանից, որն ընտրվում էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, փորձեց պարզել նրա դիրքորոշումը խնդրի շուրջ եւ ԱԺ ամբիոնից խոսեց «Թեղուտի» դեմ երկու դատական հայցերի մասին։ Մեկը, ըստ նրա՝ «Վալլեքսի» հայցադիմումն է 4 հազար դոլար պարտքի պահանջով, երկրորդ հայցը վերաբերում է «Թեղուտ» ձեռնարկությանը սնանկ ճանաչելուն։ «Սա ենթադրում է, որ ներդրողը չի կարող կադրային փոփոխություններ կատարել, 1200 մարդու աշխատանքի ընդունել, քանի դեռ սնանկության գործի վերաբերյալ հարցը դատարանը չի ընդունել»,- ասաց Մկրտչյանը։
Չհասկացվեց, թե ինչպես պետք է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը միջամտի մասնավոր ընկերությունների դատական վեճին։ «Վալլեքս» խումբը պատասխանեց Արեն Մկրտչյանին եւ Ալավերդու դատարանի առաջ ցույց անող թեղուտցիներին, որոնք պահանջում են գործարանի բացումը։ «Վալլեքսից» հայտնեցին, որ իրենք «Թեղուտ» ՓԲԸ-ից որեւէ գումար չեն պահանջում, «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ որեւէ դատական հայց չեն ներկայացրել։
«ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում քննվող դատական գործը, որով այսօր առաջին նախնական նիստն էր, հարուցված է «Թեղուտ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի՝ «Թեղուտ» ՓԲԸ միակ բաժնետիրոջ եւ խորհրդի որոշումները ոչ իրավաչափ եւ անվավեր ճանաչելու եւ որպես դրա հետեւանք իրեն «Թեղուտ» ՓԲԸ խորհրդի անդամ ու գլխավոր տնօրեն վերականգնելու պահանջների մասին մասնավոր հայցով»,- պարզաբանում է ընկերությունը։
Նորիկ Պետրոսյան․ «Չեմ հրաժարվելու «Թեղուտից»»
Դատական հայցեր կան «Թեղուտի» դեմ Լոնդոնի արբիտրաժային դատարանում եւ Կիպրոսի դատարանում։ Դատական մարտեր, որոնց ծայրը չի երեւում։ «Թեղուտի» սեփականատեր ՎՏԲ բանկն առայժմ լռում է։ Իսկ ներդրողը՝ Նորիկ Պետրոսյանը, սպասում է դատական գործերի ավարտին, որ սկսի աշխատել։
Նա ասում է, որ ՎՏԲ բանկի համաձայնությունը ձեռք է բերվել, եւ ինքը ոչ մի մտադրություն չունի հրաժարվելու «Թեղուտի» հանքը շահագործելու ծրագրից։ Պղնձի փոքր պարունակության մասին տեղեկությունները, որոնք տարածված են բնապահպանների եւ գիտնականների շրջանում, նրան չեն վախեցնում։ «Դա հո ասելով չի՞։ Ինստիտուտների հետազոտություններ կան։ Ես վստահ եմ, որ 1200 մարդ 15 տարի դեռ կկարողանա աշխատել»,- ասում է նա։ Ինչպես միշտ, իր ելույթներում նա որեւէ բացատրություն չի տալիս, որեւէ ֆինանսական հաշվարկ չի բերում առ այն, թե ինչպես է վերադարձնելու ՎՏԲ-ի 380 մլն դոլարը եւ մի բան էլ շահույթ ունենալու։ «Ինձ թվում է՝ մի քիչ հայրենասիրական տոն պետք է տալ, ոչ թե մենակ բիզնեսի մասին խոսել,- ասում է նա,- հազարավոր ընտանիքներ այդտեղ աշխատատեղ ունեն, հաց են վաստակում։ Եթե ես էլ չլինեմ, այլ մարդ կաշխատացնի։ Տենց չի, որ մեկը կցանկանա, որ չաշխատի, ու չաշխատի։ Վերջին տեխնոլոգիաներով սարքած գործարան է։ Ինչո՞ւ պետք է չաշխատի։ Վերջին հաշվով, արդեն արվել է, ներդրվել է, մեկն իր հողից է զրկվել, մեկն իր այգուց է զրկվել։ Այդ մարդիկ պետք է աշխատեն, եւ ով որ դրան դեմ է, դեմ է իր ժողովրդին։ Բայց ես չեմ ուզենա, որ այս հարցը դառնա շոու»,- ասում է Նորիկ Պետրոսյանը։
«Թեղուտի» շուրջ շոուն, սակայն, շարունակվում է
Ավելի ճիշտ՝ բազմաթիվ շոուներ են ծավալվում կոմբինատի շուրջ։ Նոր իշխանությունն իր շոուն է անում՝ խոստումներ տալով լոռեցիներին, թե հանքը շուտով կաշխատի, Նորիկ Պետրոսյանը՝ իրենը, ռազմահայրենասիրական հարթության վրա դնելով այս թնջուկը։ Մեր տեղեկություններով, «Թեղուտ» ձեռնարկությունում թանկարժեք սարքավորումներ կան եւ առնվազն 6 մլն դոլարի մոլիբդեն, որը շատերի մոտ կարող է բիզնես հետաքրքրություն առաջացնել։
«Վալլեքս» խումբն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, դատական հայցերի հետեւում է եւ ամեն ինչ անում է՝ անհնար դարձնելու համար հանքի հետագա շահագործումը։ Ընկերությունից հերքում են այս լուրերը՝ դրանք համարելով «շահարկումներ» եւ վստահեցնելով․ ««Վալլեքս» խումբը նշված հայցերի հետ որեւէ կապ չունի եւ «Թեղուտ» ՓԲԸ-ից որեւէ գումար չի պահանջում»։
Առավել անկեղծը, թերեւս, «Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին աշխատողներն են։ Նրանք ցույցեր են կազմակերպում Լոռու առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրի առաջ, որտեղ լսվում է ՓԲԸ նախկին տնօրենի դեմ հայցը, դատարանից պահանջում են, որ գործարանն արագ աշխատի։ Թե ինչ կապ ունի դատարանը, իրենք չգիտեն։ Բայց նրանց կարելի է հասկանալ։ Մարզի երկու խոշոր հանքարդյունաբերող գործարանները՝ «Թեղուտն» ու պղնձամոլիբդենայինը, այսօր չեն աշխատում։ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Բաբկեն Թունյանն իր թիմակից Արեն Մկրտչյանին խոստանում է, որ ուշադրության կենտրոնում կպահի «Թեղուտի» գործարկման խնդիրը, սակայն թե ինչպես է բազմաթիվ դատական հայցերի պայմաններում նա պատկերացնում դրա լուծումը, չի ասում։
«Վալլեքսը» պետք է վերացնի աղետի հետեվանքները
Նոր իշխանությունը, նաեւ բնապահպանության նախարարությունը լռության են մատնում «Վալլեքսի» գործունեությամբ բնությանը հասցված փոխհատուցման հարցը։ Այն առաջ են քաշում «Փրկեք Թեղուտը» խմբի բնապահպանները։ Իրավաբան Նազելի Վարդանյանը գտնում է, որ նախքան նոր բիզնես-պրոյեկտներին անցնելը, կառավարությունը պետք է հետամուտ լինի այս հարցին։ ««Վալլեքս խումբն» աղետի առաջ կանգնեցրեց մեզ, դրա համար էլ դադարեցրին աշխատանքը։
Պատնեշը ճաք է տվել, ու պոչամբարի թափոնները, վնասակար նյութերը լցվել են գետ։ Սա լուրջ էկոլոգիական աղետ է, որի հետեւանքները պետք է վերացնի «Վալլեքսը»։ Դա նրանց պարտավորությունն է; Օրենքը պահանջում է, որ պետք է վթարային վիճակը վերացնես, անտառը վերականգնես, բայց իրենք ոչինչ չեն արել։ Թող նախ այդ մասին մտածեն։ Դրա համար պատասխան տան։ Եթե այսպես լինի, ամեն մի նոր սեփականատեր կգա, ամենահեշտ հանվող հանքանյութը կհանի, աղետ կստեղծի ու կգնա։ Կառավարությունը սրա մասին պետք է մտածի»,- ասում է Նազելի Վարդանյանը։
Կարծիքներ