«Հրապարակ». Գառնիկ Անանյանը երեւի մի բան գիտեր

«Հրապարակ». Գառնիկ Անանյանը երեւի մի բան գիտեր

«Էշ», «տխմար», «ղզիկ», «ոջիլ», «գեղցի».  «Կրթությունը նորաձեւ է» շարժման առաջնորդ, վարչապետի կին Աննա Հակոբյանի բառապաշարի գոհարներն են սրանք՝ ուղղված իրեն քննադատողներին։ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, լեզվաբան, բարբառագետ Ջեմմա Բառնասյանը նկատում է՝ «ցուցամոլ կանայք հենց այդպես են լինում»։ 

Իրեն թիվ մեկ «գիտնականի» տեղը դրած Աննա Հակոբյանը, զրուցակցիս խոսքով, նույնիսկ կրթության եւ գիտության ոլորտում է ուզում լինել առաջամարտիկ՝ տպավորություն թողնելով, թե իբր շատ զարգացած է․ «Գնում է համալսարաններ... Մտածում են՝ գուցե այդ ձեւով ուշադրություն գրավեն։ Քանի որ մեր ժողովրդի կրթական մակարդակը բավականին իջել է, սրանք էլ փորձում են տպավորություն ստեղծել, թե խիստ նախանձախնդիր են, որ կարող են ժողովրդին կրթել։ Շատ տգեղ է, ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի։ Ես չգիտեմ՝ այդ կնոջ գործը որն է, իրենց թերթից եմ իրեն ծանոթ, առանձնապես ոչ մի դրական բան չեմ տեսել»։ Իսկ Աննա Հակոբյանի գործունեությունն ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական է ազդում ամուսնու վարկանիշի վրա։ «Հռետորական հարց է,- նկատում է Բառնասյանը,- որովհետեւ շատ  լավ տեսնում եք, որ ժողովրդին դա առանձնապես դուր չի գալիս։ Եթե ամուսինը պաշտոնյա է, կնոջը համեստությունն է սազում, ամուսնուն օգնող, նպաստող դիրքում պիտի լինի, մինչդեռ հակառակն է։ Նա փչացնում է այն լավ տպավորությունը, որ կարող էր երբեւէ լինել։ Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը նրան համակրում է»։ Լեզվաբանը հիշում է` նախկին նախագահների կանայք համեստ էին, զուսպ, աչքի չէին ընկնում արտառոց պահվածքով․ «Գուցե դժգոհ են Ռոբերտ Քոչարյանից, բայց նրա կինը բավականին համեստ, հաճելի անձնավորություն է»։ Ռիտա Սարգսյանին էլ է հիշում՝ մշակույթի մարդ էր․ «Երրորդ նախագահի կնոջը հաճախ կարելի էր տեսնել համերգասրահներում։ Երկուսն էլ համեստ կանայք էին, իրենց ամուսինների պաշտոնավարման ընթացքում ցցուն բաներ չեն արել, երեւալու խնդիր չեն դրել իրենց առջեւ։ Ավելի զարգացած, կիրթ անձինք էին եւ խելք սովորեցնելու կարգավիճակում չեն եղել։ Ժողովուրդը չի սիրում նման բաներ»։

Կարելի է ժողովրդի կարծիքը հարցնել, բայց առանց դրա էլ երեւում է՝ դժգոհ են։ Նկատում է՝ գիտության եւ կրթության հարցում էլ են սխալ քաղաքականություն վարում․ «Ամեն մեկը կարծում է, թե ինքը մեծ դերակատարում պիտի ունենա այդ հարցում։ Լեզվի ինստիտուտում աշխատում են մարդիկ, ովքեր պիտի ավելի մեծ բարձունքների հասնեին, մինչդեռ մարդկանց ցավ պատճառելու համար դատարկում են ամեն ինչ։ Ակադեմիայի համակարգում մարդիկ են, ովքեր գաղափար չունեն այդ ոլորտի մասին»։ Տիկին Բառնասյանը ժամանակին հետեւել է նաեւ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ «Վերջին շրջանում Ազգային ժողովում հայհոյախառն ելույթները, «համբալ» անվանելն ամոթ է։ Ժամանակին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Անանյանը հայտարարեց՝ այս տղան չպետք է ավարտի, նա խառնակիչ է, գուցե տեսնո՞ւմ էր ապագան»,- ասում է լեզվաբանը եւ ամփոփում. «Հայաստանը գրեթե կորցրել ենք, շատ ափսոս, որ մեր ոսկեդարից ոչինչ չմնաց, լավագույններն էլ վախճանվեցին։ Մենք երազանքներ ունեցող հրաշալի ազգ ենք, որին այսպես չպետք է վերաբերվեին»։