Ինչու՞ այսքան դեմագոգիա

Ինչու՞ այսքան դեմագոգիա

Կարդում եմ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ հարցազրույց:

Լրագրողը մի քանի անգամ, տարբեր ձեւակերպումներով, ավելի հաճախ՝ սադրելու, ոչ թե պատասխանի ակնկալիքով, նույն հարցն է արծարծում՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2016թ.-ին հայտարարել է, որ ապրիլյան պատերազմը կազմակերպել է Ռուսաստանը, ուրեմն ինչու՞ վարչապետի կարգավիճակով չի դնում հարցը, պատասխանատվություն չի պահանջում Պուտինից, եթե չի անում, նշանակում է այն ժամանակ մոլորեցրե՞լ է հանրությանը, կգնա՞ նա, բացատրություններ կտա՞ ԱԺ քննիչ հանձնաժողովին: Եւ այսպես՝ մինչեւ վերջ: Ի՜նչ համբերություն է պետք՝ լսել այս ամբողջ դեմագոգիան եւ մնալ զուսպ: Ընդ որում, լրագրողն իրեն նեղություն չի տալիս՝ մեջբերելու երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, չի հղում որեւէ աղբյուրի: Միայն համառորեն կրկնում է՝ Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանին, որ կազմակերպել է ապրիլյան պատերազմը: 2016թ. գործող նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի արտգործնախարարին ուղղակի հարց է տվել, թե ինչու՞ եղավ ապրիլյան պատերազմը: Եւ փաստը, որ մարտական գործողությունները դադարելուց հետո նա մեկնեց ոչ թե Մոսկվա, այլ Բեռլին եւ արեց մի քանի ենթատեքստային հայտարարություն, նույնպես խոսուն է: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա վարչապետի պաշտոնում նա առնվազն երկու անգամ լրջագույն հայտարարություն է արել առ այն, որ տարածաշրջանում պատերազմի չվերսկսման լծակները Մոսկվայում են: Դիվանագիտական լեզվով ավելին չեն ասում, դա «հավատաքննող» լրագրողն էլ գիտի:

Բայց շարունակում է դեմագոգիա անել, որովհետեւ ոչ թե անհանգստությունները ցրելու, այլ դրանք խորացնելու խնդիր ունի: Ամենանողկալին հենց դա է: Երբ երկրի ղեկավարին ոչ թե ուղղակի քննադատում են սխալների, բացթողումների եւ շատ այլ բաների համար, այլ նպատակադրվում են դրսից նրա վրա «տղա բերե»: Այս դեպքում՝ Ռուսաստանի նախագահին: Երբ խնդիր է դրվում ներքին հարցերը կարգավորել արտաքին միջամտությամբ: Երբ ֆեյսբուքյան օգտատերը, որ ոչ բարով լրագրող է, վատ թաքցրած հաճույքով է գրում շփման գծում մեր զոհ ունենալու մասին՝ բացահայտ հույս տածելով, որ պատերազմի դեպքում Փաշինյանի կառավարությունը կձախողվի եւ կհեռացվի: Սա արդեն խելագարություն է: Այդպես բոլշեւիկներն էին հրճվում Հայաստանի դեմ բոլշեւիկա-քեմալական հարձակումից: Ահա այդպես է կործանվել Հայաստանի առաջին հանրապետությունը: Ներկա իշխանության խնդիրն է՝ ամեն ինչ անել ,,բյուրո-կառավարություն,, չդառնալու, «հեղափոխական դիկտատուրա» չհաստատելու համար: Նրան մղում են դրան: Իշխանությունը պարտավոր է չտրվել «գիլյոտինի արդարադատության» գայթակղությունը: Իր վրա չվերցնել «փրկչական առաքելություն»: Դա դժվար, բայց լուծելի խնդիր է: Պարզապես հարկ է առատության եղջյուրից թափվող դեմագոգիայի նկատմամբ հանդուրժողականության իմունիտետ ստեղծել: Հանուն երկրի: