Արթուր Մեսչյանը ցանկալին շփոթում է իրականի հետ

 Արթուր Մեսչյանը ցանկալին շփոթում է իրականի հետ

Երեւանի նոր իշխանությունները նորովի են բանակցում 33-րդ թաղամասի՝ հայտնի Ֆիրդուսի թաղի բնակիչների հետ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելում են թաղամաս, փորձում պայմանագրեր կնքել բնակիչների հետ։ Փաստորեն, նոր կառավարությունը չի կասեցրել քաղաքի կենտրոնական տարածքներից մեկի իրացման, այստեղ շատրվաններով կլոր հրապարակ սարքելու եւ շենքեր կառուցելու ծրագիրը։ Դեռ Կարեն Կարապետյանի օրոք Երեւանի քաղաքային իշխանությունները շինարարական տեխնիկա բերեցին «Ֆիրդուսի շուկա», այն տակնուվրա արեցին ու հեռացան։ Բնակիչներն էլ իրենց ուժերով վերականգնեցին, ինչ կարողացան, եւ սուսուփուս մինչ օրս շարունակում են իրենց առեւտուրն անել։ Մնացել են նաեւ որոշ «անհնազանդ» սեղանիկներ, որոնց իշխանությունն ի վերջո դադարեց նկատել։ Մի քանի բնակիչ արդեն համաձայնել է քաղաքապետարանի առաջարկներին՝ իրենց տարածքը զիջել է պաշտոնյաների նշած գներով։

Այս մասին հայտնեցին թաղամասի բնակիչները։ Բայց այն, ինչ օրերս ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, հեռու է իրականությունից։ Նա, հիշեցնենք, Ֆիրդուսի խնդրին անդրադառնալով՝ նշել էր, որ հողատարածքների խնդիր կա, սակայն մարդկանց վերաբնակեցման հարցերը լուծված են։ «Երկար տեւեց, բայց քանի որ շատ-շատ քանակի մարդիկ են ներգրավված այդ ծրագրում, պետք է բախտորոշիչ որոշումներ կայացվեն, հողամասերը գրեթե իրացված են», - ասել էր Մեսչյանը։ Պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, իրականում ոչ մի խնդիր էլ լուծված չէ եւ հազիվ թե մոտ ժամանակներում լուծվի։ Դատական գործընթացները՝ տարածքի հետ կապված, չեն ավարտվել։ Ֆիրդուսի փողոցի մոտ 20 բնակիչներ, որոնք դժգոհ են փոխհատուցման պայմաններից ու գումարային չափերից, վարչական դատարանում դեռ երկու գործ ունեն։

«Դրանք վերաբերում են կառավարության 2015 եւ 2018 թվականների որոշումներին։ Մենք դատական վեճերի առարկա ենք դարձրել 33-րդ թաղամասի վերաբերյալ կառավարության բոլոր որոշումները՝ սկսած 2001 թվականից, եւ նույնիսկ Սահմանադրական դատարան ենք դիմել եւ հաղթել ենք։ Քանի որ իրացման վերաբերյալ որոշումները չեն կատարվել, «հանրային գերակա շահ» հասկացությունը դրանց վերաբերյալ վերացել է»,- հայտնեց 33-րդ թաղամասի 20 բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը։ Հիշեցնենք․ ՍԴ-ն որոշում էր ընդունել ընդդեմ վարչական դատարանի, որով պարզաբանել էր վերջինիս, որ եթե 7 տարվա ընթացքում հանրային շահ ճանաչելու վերաբերյալ իրավական ակտը չի կատարվում, այն պետք է անվավեր ճանաչվի «Հասարակության եւ պետության կարիքների համար օտարման մասին» ՀՀ օրենքով։

Մեր տեղեկություններով, քաղաքապետարանը փոքր-ինչ փոխել է մոտեցումը 33-րդ թաղամասի բնակիչների փոխհատուցման հարցում։ «Այս անգամ նրանց ասում են՝ գնացեք, ինքներդ գնահատեք ձեր տարածքները, հետո կնստենք բանակցությունների։ Բայց ինչպես է իրականացվելու գնահատումը, մեզ համար պարզ չէ»,- «Հրապարակին» հայտնեց խանութպաններից Աշոտ Քոչարյանը։ Եթե 5-6 տարի առաջ կառավարությունը, կառուցապատող ընկերություններն առաջարկում էին 600-650 ԱՄՆ դոլար այս տարածքի մեկ քառակուսու համար, իսկ 2017 թվականին որոշ մարդկանց նույնիսկ 300-350 դոլար էին առաջարկել, ապա այսօրվա առաջարկը 1000 ԱՄՆ դոլար է 1 քմ-ի համար, այն դեպքում, երբ Տիգրան Մեծի փողոցում գործող խանութների վարձակալները միայն մեկ ամսվա համար միջինը 1500 դոլար են վճարում, իսկ 100 քմ-ի վրա 10 հարկանի շենք կառուցելու դեպքում մեկ քառակուսու գինը կառուցապատողի համար 100 ԱՄՆ դոլար է լինելու։

Չնայած դրան, ներդրողները չեն շտապում օգտվել այս գերշահավետ հնարավորությունից։ Ցանկացած գործարար, ով այստեղ շենք, բիզնես կենտրոն կամ հյուրանոց կառուցի, անխուսափելիորեն իրավական խնդիրներ է ունենալու՝ անվերջանալի դատական քաշքշուկի մեջ հայտնվելով։ Անցյալ տարի Ֆիրդուսի 60 բնակիչներ իրենց ստորագրություններով ամրագրված նամակ էին ուղարկել վարչապետ Փաշինյանին, խնդրել էին թույլ տալ շուկան ժամանակավոր աշխատեցնել, մինչեւ իրացման հարցերը լուծվեն, սակայն մինչ այսօր պատասխան չեն ստացել։ Մենք դիմեցինք քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ փուլում են բանակցությունները 33-րդ թաղամասի բնակիչների հետ։ Քաղաքապետարանից պատասխանեցին, որ առաջիկայում կաշխատեն մեզ սպառիչ պատասխան տալ։