Այդ գրառման համար պատասխանատու եմ, լավ գիտեմ, թե ինչ եմ անում

Այդ գրառման համար պատասխանատու եմ, լավ գիտեմ, թե ինչ եմ անում

Երեկ ուշ երեկոյան քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքահայությանը բառի ամենաուղիղ իմաստով դիվադադար արեց իր գրառումով.

«Անասունը պայմանագիրը ստորագրեց։ Վերջ։ Խոսքը հայ-ադրբեջանական «խաղաղության» պայմանագրի մասին է: Այսքանը: Թե ինչ տեքստ է, որ տարբերակը և ինչ կա մեջը, դեռ պարզ չէ: Էսքանը»- , գրել էր նա: 

Ինչ խոսք, Հայաստանի գործող իշխանություններից, հատկապես` Նիկոլ Փաշինյանից հերթական կապիտուլյացիոն ակտը ստորագրելն ավելի քան սպասելի է, սակայն նման գրառում կատարել, հատկապես այն դեպքում, երբ դեռ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ի վերջո` ապատեղեկատվություն տարածել նման կարևոր հարցի վերաբերյալ, որը հերթական անգամ հանրությանը սթրեսի մեջ կգցի, լավ բան չէ: Միայն այն իմաստով, որ հետագայում` երբ այդ չարաբաստիկ փաստաթուղթը ստորագրվի եւ դրա մասին լուր ստանանք, մարդիկ այլեւս չեն հավատա դրա իսկությանը: Եւ դա կարող է սպառնալիք դառնալ մեր հասարակության համար: 

Թե ինչու է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նման գրառում կատարել եւ ինչ աղբյուրից է այդ տեղեկությունը ստացել, փորձեցինք պարզել հենց իրենից: Նա նշեց. 

«Նախ ես հարցազրույցներ չեմ տալիս, բայց կասեմ, որ ես անձնական գրառում եմ արել, հանրությունը ոնց ուզում ա, թող արձագանքի, ես այդ գրառան համար պատասխանատու եմ: Լավ գիտեմ, թե ինչ եմ անում: Բնականաբար ուշադրության խնդիր բան, նման բաներ չկան, գրառմանը կարող են մարդիկ վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում են, կարող են համադրել, որ տարբեր մեդիաշրջանակներ որոշակի բնույթի ինֆոներ արդեն իսկ ի հայտ են բերել: Հավելյալ մեկնաբանելու կարիք չկա», - ասաց քաղաքագետը` չցանկանալով այլ հարցերի պատասխանել: