Էրդողանը ցանկանում է հանդիպել Թրամփին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է ապրիլին Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և արդեն աշխատում է դրա կազմակերպման ուղղությամբ, գրում է Bloomberg-ը։
Ըստ հրապարակման՝ Էրդողանը կարևոր է համարում Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդումը տարածաշրջանային կայունության համար, քանի որ Թուրքիան ձգտում է առաջատար միջնորդ դառնալ Ուկրաինայից մինչև Սիրիա հարցերում։
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մարտի 16-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Էրդողանի և Թրամփի միջև։ Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Անկարան և Վաշինգտոնը, որպես երկու դաշնակիցներ, նոր շրջանում կզարգացնեն համագործակցությունը՝ առաջնորդվելով համերաշխության, արդյունքների վրա կենտրոնանալու և անկեղծության սկզբունքներով։
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային և գլոբալ զարգացումները պահանջում են ընդլայնված խորհրդակցություններ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև՝ բոլոր հարցերի շուրջ։
Կարծիքներ