Կովերը, սնդիկն ու հովիվները

Կովերը, սնդիկն ու հովիվները

Ինչքա՜ն ջանք են գործադրում իշխանությունը եւ նրա ղեկավարը՝ ապահով ու խաղաղ կյանքի իմիտացիա ապահովելու, եվրոպական մակարդակի անդարդ երկիր ձեւացնելու համար։ Իբրեւ թե՝ ի՞նչ է եղել որ․ այցելում ենք մարզեր, կառավարության նիստեր ենք անում ու քննարկում գյուղերում հովիվներ չլինելու հարցը, հեծանիվ ենք վարում, Տիկ-տոկում մեր կյանքն ենք ցուցադրում․ все хорошо, прекрасная маркиза։ Հանգիստ ապրեք, ժողովուրդ ջան, մինչեւ կգա հերթական «սահմանազատման», «միջանցքի» կամ «անկլավների» ժամանակը, եւ մի քանի օրում՝ ափալ-թափալ ու փակ դռների հետեւում իրենց սեւ գործը կանեն՝ հասարակությանը կանգնեցնելով կատարված փաստի առաջ։ Իսկ մինչ այդ, եկեք ազգովին քննարկենք խեցգետնագործության ու ոչխարաբուծության հետ կապված «շատ կարեւոր ծրագրերը», մարզերում խելացի այգիներ հիմնելու, մանկապարտեզներ նորոգելու, սպորտդահլիճներ սարքելու տեսարանները ցուցադրենք։

Չէ՞ որ բոլոր գլոբալ հարցերը լուծել ենք, մնում են, այ, այսպիսի մանր-մունր հարցեր՝ դրանք էլ, տեսեք՝ լուծելով գալիս ենք։ Իրականում, մի կողմից, հանրության գլխի տակ «փափուկ բարձ» են դնում, բթացնում նրա զգոնությունը, կոտրում նրա՝ պայքարի կամքը։ Մյուս կողմից՝ հանրային կարեւոր նշանակության հարցերը լուծում մի քանի անգրագետ ու անհայրենիք անձանց շրջանակում՝ գաղտնի պահելով հանրությունից։

Ո՞ւմ է հետաքրքրում, օրինակ, որ «սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկ, որոնց արտահանումը եւ ներմուծումն արգելվում է 6 ամիս ժամկետով» կամ՝ կառավարությունը որոշել է «կովերի արհեստական սերմնավորման գործընթացի միջոցով բարելավել տավարի տոհմային հատկանիշները»։ Իսկ կառավարության նիստի մասին պատմող՝ 22 հազար նիշից կազմված հաղորդագրությունը բացառապես նման անհեթեթություններից է կազմված։