Ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները վերջին սեռական հայհոյանքներն են արձակել ընդդիմադիրների նկատմամբ

Ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները վերջին սեռական հայհոյանքներն են արձակել ընդդիմադիրների նկատմամբ

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը՝ ուժը կորցրած ճանաչել Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, որով սահմանվում է, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությանն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Նախագծի հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանը նշեց, որ այս հոդվածով էապես վտանգվում է ժողովրդավարությունը Հայաստանում և ԱԺ-ի կողմից մերժումը կմեծացնի այդ ռիսկը և հավելեց, որ միջազգային կառույցներն արդեն իսկ դեմ են արտահայտվել նման կարգավորմանը։ Ապա ավելացրեց, որ այս հոդվածը մեկ նպատակ ունի՝ թույլ չտալ, որ քննադատեն մեկ մարդու (Նիկոլ Փաշինյանին)։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց Աղվան Վարդանյանին՝ ինքը ի՞նչ դիրքորոշում ունի քաղաքական պայքարի և հայհոյանքի վերաբերյալ։

«Օրինակ՝ հայհոյանքը քաղաքական պայքարի միջո՞ց է, ընդունելի՞ է որևիցե երկրում»,-հարցրեց Վլադիմիր Վարդանյանը Աղվան Վարդանյանին։

Ընդդիմադիր Վարդանյանն էլ նախ նշեց, որ ինքն, իհարկե, դեմ է հայհոյանքին, բայց նաև հիշեցրեց, որ հայհոյանքը, ատելության խոսքը, բռնության խոսքը քաղաքական վարքագծի նորմ դարձրել է իրենց քաղաքական թիմն ու այդ թիմի ղեկավարը, և հայհոյանքն իրենց քաղաքական ուժի վարքագիծն է եղել տարիներ շարունակ։

«Եվ այնքան հայհոյանք, որքան ես լսել եմ, տեսել եմ, արձանագրել եմ և ուղղակի կարդալով՝ ասել եմ «անասուն» ու անցել եմ, չեմ էլ արձագանքել, սրա մասին է խոսքը։ Դուք՝ անձամբ, ներկա եք եղել Ազգային ժողովի նիստերին, որտեղ ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները ԱԺ դահլիճում վերջին սեռական հայհոյանքներն են արձակել ընդդիմադիրների նկատմամբ»,-իշխանական պատգամավորին հիշեցրեց Աղվան Վարդանյանը։

Նա նաև նշեց, որ ինքն անգամ մտածում էր, որ հանրային վայրերում, որտեղ կան կանայք ու աղջիկներ, հայհոյանք տվողին պետք է ոչ ասունի ինչ-որ դիպլոմ սարքեին, կոչումներ տային, ու Հանրայինով էլ նրանց անունները հրապարակեին։

Վլադիմիր Վարդանյանն էլ արձագանքեց, թե ինքը բացարձակապես համաձայն չէ, որ իրենց քաղաքական ուժի հիմնական խոսույթը եղել է ատելության խոսքը՝ հիշեցնելով, որ 2019-ից հետո մեծ քանակությամբ օրենսդրական ակտեր են ընդունվել ատելության խոսքի, վիրավորանքի սահմանափակման վերաբերյալ։

Ապա հարցրեց ընդդիմադիր պատգամավորին․ «Դուք չե՞ք տեսնում, որ Ձեր ասածի, Ձեր մտածածի և այս նախագծի միջև կան հակասություններ, որովհետև Դուք շատ լավ հասկանում եք, չէ՞, որ այս նախագիծն, ըստ էության, կոչված է պայքարելու ծանր հայհոյանքի և մարդու արժանապատվությունը վիրավորելու ծայրահեղ դրսևորումների դեմ։ Ի վերջո, Դուք օգտագործեցիք, օրինակ, մի եզրույթ, որն, ըստ էության, վիրավորական է, բայց ծայրահեղ վիրավորական չէ։ Եթե ես Ձեզ խնդրեմ՝ ասեք մի արտահայտություն, որն, օրինակ, անձի արժանապատվությունը ծայրահեղ աստիճանի վիրավորում է, ապա Դուք չեք կարողանալու արտաբերել այդ եզրույթը, որովհետև դա բարոյականության չափանիշներին դեմ է, ըստ էության։ Սրա դեմ է պայքարում այս նախագիծը»։

Վարդանյանն էլ նկատեց, որ ինքը չգիտի որևէ դեպք, երբ հարուցված լինի քրեական գործ քաղաքական մեծամասնության դեմ այդ արտահայտությունների համար։

«Եթե կա որևէ դեպք, որ ընդդիմության ներկայացուցիչներին հայհոյելու, անպարկեշտ, ծայրահեղ որակումներով վիրավորելու համար գործեր են հարուցվել, կխնդրեմ, որ արդարադատության նախարարության ներկայաուցիչն այդ մասին խոսի»,-նշեց ընդդիմադիր Վարդանյանը՝ հավելելով, որ ինքը հակասություն չի տեսնում իր օրենսդրական նախաձեռության և խոսքի միջև։

Նա նորից ընդգծեց, որ ծայրահեղ վիրավորանքի դեպքում կարելի է սահմանել ամենաբարձր տույժ-տուգանքի չափեր, բայց քրեականացումը ակնհայտորեն հակասում է և՛ միջազգային փորձին, և՛ Հայաստանն այս առումով տարիներով ետ է շպրտում։