Արսեն Թորոսյանը հասավ իր ուզածին

Արսեն Թորոսյանը հասավ իր ուզածին
Արսեն Թորոսյան, նախարար, հակածխախոտային օրենք

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին՝ կառավարությունը երեկ ընդունեց հակածխախոտային օրենք, որին մի ամբողջ տարի ձգտում էր նախարարը։ Այն ներկայացվեց որպես «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ։ Ըստ նախարարի՝ այս նախագիծը քննարկվել է մոտավորապես մեկ տարի, եւ կարող են ասել, որ այն բավականին քննարկված ու գրեթե բոլորի կարիքները հաշվի առած նախագիծ է։

Նախագծով ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ եւ կիսափակ տարածքներում, որոշակի սահմանափակումներ են նախատեսված նաեւ հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում։ Նախագծով կարգավորումներ են նախատեսվում նաեւ ծխախոտի վաճառքի առաջխաղացման եւ գովազդի սահմանափակման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի այս նախաձեռնությունը շատ է քննադատվել եւ տեւական ժամանակ հետաձգվում էր, բայց Թորոսյանը, փաստորեն, հասավ իր ուզածին։ Նախարարը վստահ է, որ այս օրենքի ընդունումը հանգեցնելու է մեր հասարակության շրջանում զանգվածային մշակութային փոփոխության՝ հարգելու միմյանց առողջության իրավունքը եւ գնահատելու առողջությունը, եւ որ հիմա է դրա ժամանակը, դեռ մի բան էլ ուշացած է։ Հիմնական մտահոգությունները ռեստորանատերերի կողմից էին, որ դա կվնասի իրենց բիզնեսին, բայց նախարարությունը նրանց ցանկություններին ընդառաջ է գնացել ժամկետների մասով, որ անմիջապես ուժի մեջ չի մտնի։ Հիմնական սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2021-22 թվականից սկսած։

Նախագծի շրջանակում մի դիտարկում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս կառավարությունն ամենաչծխող կառավարություններից է։ «Մեր կառավարությունում ծխողների վիճակագրությունը 20 տոկոս է, կառավարության անդամների 80 տոկոսը չի ծխում։ Եվ շատ հաճելի էր արձանագրել, որ մարզպետների 100 տոկոսը չի ծխում։ Իրավապահ բլոկում չգիտենք՝ ինչ վիճակ է, ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն ա ծխում»,- կատակեց վարչապետը, ու դահլիճում փռթկացրին։ Իսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2004 թվականից ի վեր չի ծխում եւ շատ ուրախ է դրա համար։

Նիստից հետո Արսեն Թորոսյանը մեզ հետ զրույցում հարցին, թե ինչպես են ապահովելու օրենքի կատարումը, ասաց՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ, իրականում, հատուկ վերահսկողության կարիք չկա։ Օրինակ՝ նույն Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ 2014 թվականի հունիսի 1-ից ներդրվել է օրենքը, երկու օր հետո մոնիտորինգ են արել բոլոր ռեստորաններում եւ 98 տոկոս օրենքի պահպանություն են հայտնաբերել՝ առանց որեւէ հսկողության։

«Այսինքն՝ ասել, որ հատուկ պատժիչ գործողություններ են արվելու կամ տնտեսվարողներին հատուկ նեղելու են, հակառակը՝ ազգաբնակչությունն ինքը նաեւ մշակութային փոփոխության արդյունքում հասնելու է այդ արդյունքին, աստիճանաբար՝ քիչ-քիչ»,-ասաց Արսեն Թորոսյանը։ Իսկ ինչպե՞ս են պայքարելու կանգառներում ծխող ու ծխախոտը գետնին գցող մարդկանց դեմ։ Թորոսյանն ասաց, որ ոստիկանությունն է այն մարմինը, որ պետք է հետեւի դրան, բայց նաեւ նշեց, որ, բնականաբար, ամեն կանգառում մի ոստիկան կամ մեկ վերահսկող չի լինելու։ «Երբ որ դու տալիս ես իրավունք, լիազորություն անձին, անձն ինքն է իր իրավունքները կարողանում պաշտպանել։ Հիմա ես, երբ գնում եմ ռեստորան, որտեղ արգելված չէ ծխելը, ես չեմ կարող ասել՝ մի՛ ծխեք իմ կողքին, քանի որ իմ երեխան ասթմա ունի, կամ իմ կինը հղի է։ Բայց երբ որ էդ իրավունքը կա արդեն մարդկանց համար, եւ արգելված է ծխելը, մարդիկ իրենք իրենց իրավունքներն այնպես կիրացնեն, որ ես վստահ եմ՝ հատուկ վերահսկողության եւ հատուկ վարչարարության կարիք չի լինի»,- ասաց նախարարը։

- Այսինքն՝ թողնում եք հասարակության վրա, որ մարդիկ սկսեն իրար հետ կռվել, իրար ուտել, թե «դու ինձ մի ասա՝ ես ծխե՞մ, թե՞ չէ»։

- Ոչ, դա համակեցության պարզ կանոններ են, եւ երբ որ արգելված է, ինքը չի կարող ասել՝ «դու ինձ մի ասա»։ Եվ ես ասում եմ, որ դա բերելու է մշակութային փոփոխության։

- Պարոն Թորոսյան, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե Շվեդիայում կամ Նորվեգիայում, որտեղ օրենքն այնպիսին է, որ երբ տեսնում են՝ ծխում է, ձեռքը բռնում ու տուգանում են։

- Այստեղ նույնպես օրենքները գործում են ու աստիճանաբար ավելի լավ են գործում բոլոր օրենքները, եւ ոչ միայն այս օրենքը կգործի, եւ դա շարունակական պրոցես է։

- Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Դուք՝ որպես քաղաքացի, դիտողություն եք անում իքս մարդու՝ արգելված վայրում ծխելու համար, քաղաքավարի ձեւով հորդորելով չծխել։ Բայց Ձեզ կոպիտ պատասխանում է, ինչից վեճ է ծագում․ Ձեր քայլերը որո՞նք կլինեն, կդիմեք ոստիկանների օգնությա՞նը, թե՞ Ձեր ընկերներին կկանչեք, որ տվյալ քաղաքացու «հարցերը լուծեն»։

- Հենց հիմա էլ կարող է նման պրոցես տեղի ունենալ։ Հիմա որեւէ մեկը կարող է խախտում անել, ասեմ՝ ինչո՞ւ ես խախտում անում, եւ վեճ բռնկվի։ Ի՞նչ պետք է անեմ, ոչ մի բան։ Դա մի կենցաղային իրավիճակ է, որը կապված չէ այս օրենքի հետ։

- Կենցաղային իրավիճակ է, բայց պետք է կարգավորել օրենքով, որ ես եւ Դուք ամեն օր մարդկանց հետ կռվի չբռնվենք։

- Դրա համար օրենքով ամեն ինչ կարգավորված է։ Բայց ես ասում եմ՝ օրենքները նաեւ հասարակական վարքագիծ ձեւավորելու համար են եւ ոչ թե պարզապես սպասելու, թե երբ ինչ-որ մեկը կխախտի, որպեսզի նրան պատժես։ Օրինակ՝ մարդասպանությունը մեզ մոտ արգելված է, մենք հո չե՞նք սպասում, որ ինչ-որ մեկը մարդ սպանի, որ գնանք իրեն պատժենք։ Պարզապես վարքագիծ է ձեւավորվում, որ մարդ չի կարելի սպանել եւ վերջ։